ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Փետրվարի 8-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2017 թ. երկկողմ համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները, քննարկվել ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ–ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության համագործակցությանն առնչվող հարցեր:
Հայկական կողմը բարձր է գնահատել ԿԽՄԿ–ի երևանյան գրասենյակի օժանդակությամբ ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ դասընթացների, գիտամեթոդաբանական կարողությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման ծրագրերի իրագործումը, ինչպես նաև ՀՀ–ում ԿԽՄԿ–ի՝ ՀՀ սահմանամերձ համայնքներում բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված աշխատանքները:
ՀՀ–ում ԿԽՄԿ–ի պատվիրակության ղեկավարն արձանագրել է երկկողմ համագործակցության ընդլայնման փաստը` հույս հայտնելով, որ այն կրելու է շարունակական բնույթ:
Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2018թ. երկկողմ համագործակցության ծրագիրը: