Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՊԱ՛Պ, ԷԴ ՍԱՐԵՐԸ ԵՍ ՏՈՒՆ ԵՄ ԲԵՐԵԼՈՒ…»



«ՊԱ՛Պ, ԷԴ ՍԱՐԵՐԸ ԵՍ ՏՈՒՆ ԵՄ ԲԵՐԵԼՈՒ…»Երվանդ Սաղումյան. հայրենիքի նվիրյալ, մարտիկ, առաջնորդ, մարդ, որի երակներում հոսում էր զեյթունցի ու տավուշցի պապերի հերոսական արյունը` կորուստների, զրկանքների ցավով ու հետագա հաղթանակների անկոտրում կամքով շաղախված:

Հերոս նախնիներ ունեցող ծնողների ընտանիքում մեծացած Երվանդին հերոսի կոչումը պատգամված էր դեռ մանկուց: Մանկության եւ պատանեկության տարիներին Երվանդն առանձնանում էր հասակակիցներից. նորանոր գիտելիքներ ձեռք բերելու անհագ ցանկությամբ տոգորված` ուսման մեջ նա աչքի էր ընկնում բարձր առաջադիմությամբ, բայց եւ մեծ սեր ուներ նաեւ սպորտի նկատմամբ. հմուտ լողորդ էր, առագաստանավային սպորտի իսկական նվիրյալ: Նրա համար չկար ուրիշի հոգս. կնետվեր յուրաքանչյուրին օգնության: 12 տարեկան էր, երբ հմուտ լողորդի եւ մարդասեր պատանու խիզախությունն ուղղորդեց նրան կատարելու իր` երեք տասնյակից քիչ ավելի տեւած կյանքի առաջին սխրանքը. փրկեց Սեւանա լճում խեղդվող երեխային: Դա առաջին քննությունն էր, որին հաջորդեցին բազմաթիվ ուրիշները: Դեռեւս 4-րդ դասարանում Երվանդի ռուսաց լեզվի ուսուցչուհի, պայծառատեսի մարգարեական ձիրքով աչքի չընկնող Գալինա Մարտիրոսովան մորն ասել էր.

-«Ваш сын будет героем»… հիրավի… նա ճիշտ էր:

Երվանդն այն առաջիններից էր, որ բռունցք արած դուրս եկավ Ազատության հրապարակ: Անկախ Հայրենիք տենչալու անհագ մղումով եռանդուն մասնակցում էր փետրվարյան խաղաղ ցույցերին ու հանրահավաքներին, սակայն սումգայիթյան եղեռնը բեկումնային եղավ նրա կյանքում. զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը ներկա սգակիր բազմությունը շանթահար եղավ Երվանդի կոչից` «Ի զեն»: Ինքն առաջինը հետեւեց իր կոչին եւ դարձավ նորաստեղծ կամավորական ջոկատի անդամ:

Հերոս նախնիների արյան կանչը ու պապին տված խոստումը` «Պա՛պ, էդ սարերը ես տուն եմ բերելու…», Երվանդին մղեցին Արցախյան ազատամարտի մարտադաշտ:

Ոչ արհեստավարժ, բայց ազգանվեր հայորդիներից կազմված կամավորական ջոկատների խոցելի տեղն աղքատիկ սպառազինությունն էր: Այստեղ եւս Երվանդն իր անգնահատելի լուման ներդրեց: Նա հմուտ մեխանիկ էր. ձեռնամուխ եղավ ինքնաշեն զենքերի պատրաստմանը: Նա այդ գործում էլ էր արհեստավարժ, եւ ընկերների հավաստմամբ՝ Երվանդի զենքերը հուսալիությամբ գրեթե չէին զիջում գործարանային արտադրանքին: Անչափելի էր նաեւ Երվանդի գործած սխրագործություններից հերթականը, երբ նա Կոռնիձորի պաշտպաններին սպառազինությամբ ապահովելու համար սահմանապահ զորքերի զինապահեստներից կարողացավ դուրս բերել մեծ քանակությամբ զինամթերք, ինքնաձիգներ, գնդացիրներ եւ անգամ զենիթային հրանոթ:

Հայրենիքի հանդեպ ունեցած անսահման նվիրումով եւ ազատագրված Արցախ տեսնելու անհագ ցանկությամբ ու անձնվիրումով Երվանդը մասնակցեց Կոռնիձորում, Սոֆլուում, Ոսկեպարում, Պառավաքարում, Սեւակավանում եւ Քյարքիում մղվող մարտերին, մինչեւ 1990թ. հունվարի 20-ը… Այդ օրը սանձարձակ թշնամին կրակի ճիրանների մեջ էր վերցրել Երասխավանը: Հայրենիքը պաշտպանելու էր եկել հայազգի երիտասարդների սերուցքը. նրանք, ովքեր Երվանդի պես եւ Երվանդի հետ հաճախ էին կռվում:

«Տե՛ս, թե ինչ Հայաստան ենք կերտելու…»: Այս միտքը հանգիստ չէր թողնում ազատ ու անկախ Հայրենիք կերտելու ձգտում ունեցող հայկյան կորյուններին, ովքեր անտեսում էին ֆիզիկական ցավն ու նորից նետվում մարտի դաշտ:

… Մահագույժ բոթը ցնցեց զինակից եղբայրներին` «Մովսեսին խփեցին»: Չգրված կանոններից մեկն էր գործել` առաջին գնդակը միշտ դրոշակակրին է խոցում: Բաց տարածքը անդադար պատվում էր թշնամու անկանոն արձակած գնդակներով: Մովսեսին մոտենալն այդ իրավիճակում կնշանակեր մահ: Այդ ամենի քաջ գիտակցումով Երվանդն անվարան նետվեց Մովսեսին օգնելու, սակայն թշնամու գնդակը մահացու վիրավորեց հայորդուն. նա գետնատարած ընկավ Մովսեսի կողքին: Հետո հանգրվանեց նաեւ նրա կողքին…

Երվանդին հրաժեշտ տալու օրը, արցունքն աչքերին, մորմոքը` սրտում, հավերժության ու փառքի ճամփան բռնած իրենց զինակից եղբորը խոստացան. «Երվանդ ջան, մեր գործով մենք հավերժ կպահենք քո անունը, այն բարձունքին, որին դու չհասար, խոստանում ենք` անպայման հասնելու ենք…»:

Այժմ Երվանդը, իր պապերի կարոտին միացած, Ծիծեռնակաբերդի բարձունքից նայում է Մասիսի գագաթին` մտովի հասնելով Զեյթուն` Տավրոսի լեռներին փարվելու…

2018 թվականի փետրվարի 20-ին մեծ հայրենասերը կդառնար 60 տարեկան: Մեծ հպարտության եւ երախտագիտության զգացումով են Երվանդին ճանաչողներն ու անծանոթները նշում նրա սխրանքների մասին` հավերժականների շարքը դասելով ազգանվեր հայորդուն, ինքնազոհ ընկերոջը եւ պարզապես լավ մարդուն: Երվանդ Սաղումյանը պարգեւատրվել է  ՀՀ «Արիություն» մեդալով:

Երվանդի պայծառ անունը մեծ հպարտությամբ կրում է նրա եղբորորդին` որպես կյանքի շարունակականության եւ մարդկային ոգու անմահության ապացույց:

ԱՇԽԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան

գիտաշխատող-ֆոնդապահ

Խորագիր՝ #06 (1228) 14.02.2017 – 20.02. 2017, Ճակատագրեր


15/02/2018