Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԱՂԻՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ



«Լրագիր» ինտերնետային թերթի օգոստոսի 24-ի` «Արմավիրում 40 զինվոր հոսպիտալացվել է» հրապարակման մեջ նշվում է, որ մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում, իբր, շուրջ 400 զինվոր վարակվել է աղիքային հիվանությամբ, իսկ մոտ հինգ տասնյակն էլ, իբր, տեղափոխվել է հոսպիտալ։
Տեղեկության իսկությունը ճշտելու համար օգոստոսի 25-ին այցելեցինք զորամաս։

-Դա սովորական հերյուրանք է,- ասաց զորամասի հրամանատար գնդապետ Գեւորգ Ենոքյանը` մեկնաբանելով թերթի հրապարակումը։

Քանի որ «Լրագրի» հրապարակման մեջ նշվում էր, որ այս օրերին հանրապետության տարբեր մարզերից զորամաս են ուղեւորվում պայմանագրային զինծառայողների ծնողները, որոշեցինք հանդիպել նաեւ պայմանագրային սերժանտի դասընթացներ անցնող զինծառայողների հետ։

Կրակադաշտում վաշտը գրեթե ողջ կազմով մասնակցում էր կրակային պատրաստության գործնական պարապմունքի։ Ի դեպ` զորամասի զինծառայողների, կուրսանտների մի զգալի մասը մասնակցելու է ՀՀ անկախության քսանամյակին նվիրված զորահանդեսին, եւ ամեն օր այդ ստորաբաժանումները մեկնում են բացազատված ճամբարային ավան` նախապատրաստվելու այդ կարեւոր միջոցառմանը։

Զորամասի մյուս ստորաբաժանումներն զբաղված էին մարտական պատրաստությամբ՝ մեքենավարում, շարային, ֆիզիկական պատրաստություն, ձեռնամարտ…

Բուժկետում կար 18 հիվանդ, նրանցից ինը ունեին ոտքերի վերքեր, յոթի վիճակը գրիպային էր, մեկի ատամն էր ցավում, մեկի էլ կոկորդն էր կարմրած։

-Հոսպիտալում ունենք չորս հիվանդ, որոնցից երեքի մեջ եղել է աղիքային վարակ։ Նրանց վիճակն արդեն լավ է, վերջին անալիզները մաքուր են եղել, եւ տղաները մեկ-երկու օրից կվերադառնան ծառայության,- ասաց բուժծառայության պետ մայոր Ա.Ավետիսյանը։

Այստեղ ծանոթ էին «Լրագրի» հրապարակմանը։
-Ամբողջությամբ կեղծ տեղեկություն է,- նշեց մայոր Ավետիսյանը։ -Աղիքային հիվանդության բացառիկ դեպքեր հնարավոր են, եւ դրանց պատճառը ծնողների կողմից այս շոգին զորամաս բերվող շուտ փչացող սննդամթերքն է։ Որքան էլ մենք արգելում ենք, ծնողները շարունակում են այդ արգելքը շրջանցելու ուղիներ փնտրել։
Խմելու ջուրն, իրոք, Արմավիրից է մատակարարվում։ Թեպետ մինչ զորամաս հասնելը այն քլորացվում է, մենք օգտագործելուց առաջ մեր հերթին ենք քլորացնում։ Զորամասում ամեն ինչ վերահսկվում է ինչպես մեր, այնպես էլ ԶՈՒ հիգիենիկ համաճարակային անվտանգության ծառայության կողմից։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


26/08/2011