Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ՊԵՏՔ Է ԴԱՏԻ ՏԱ «ԴԵՅԼԻ ՔՈԼԵՐ»-ԻՆ ԵՎ «ՖՈՐԲՍ» ԱՄՍԱԳՐԻՆ



ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ՊԵՏՔ Է ԴԱՏԻ ՏԱ «ԴԵՅԼԻ ՔՈԼԵՐ»-ԻՆ ԵՎ «ՖՈՐԲՍ» ԱՄՍԱԳՐԻՆՎերջին տարիներին բազմաթիվ «վարձու գրողներ» վիրավորական հոդվածներ են գրել Հայաստանի և ամերիկահայերի մասին: Այս հակահայ մեկնաբաններից շատերին վարձատրում են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները:

 Ցավալի է, որ որոշ երկրներ դիմում են նման էժանագին հնարքների՝ իրենց վարկաբեկված հեղինակությունը վերականգնելու և ուրիշներին նսեմացնելու համար: Այս երկրները լուրջ ներքին խնդիրներ ունեն, որ հայտնի են ամբողջ աշխարհին՝ առանց դրանց հանրայնացման համար որևէ մեկին վճարելու: Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները միլիոնավոր դոլարներ են վճարել հանրային կապերի և լոբբիստական ընկերություններին Միացյալ Նահանգներում և Եվրոպայում` փորձելով մաքրագործել իրենց արատավորված հեղինակությունը: Սակայն այս հնարքներով չի հաջողվում խաբել քաղաքական ղեկավարներին Վաշինգտոնում, Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում և Մոսկվայում: Նրանք քաջատեղյակ են այս երկու թուրքական երկրներում մարդու իրավունքների ոլորտում տիրող ծանր իրավիճակին:

Այսօր ես ինձ պարտավորված եմ զգում պատասխանելու հատկապես մի կեղծ հոդվածի, որը 2018 թ. փետրվարի 5-ին հայտնվել է «Դեյլի քոլեր» (Daily Caller) լրատվականում: Այն, ըստ Վիքիպեդիայի` «Վաշինգտոնում հիմնված լուրերի և տեսակետների ամերիկյան պահպանողական կայք է, որը հիմնադրել են քաղաքագետ Թաքեր Կառլսոնը և նախկին փոխնախագահ Դիկ Չեյնիի խորհրդական Նիլ Փաթելը»:

Ռաուլ Կոնտրերասի՝ «Դեյլի քոլեր»-ում գրված հոդվածը վերնագրված է՝ «Հայկական ազդեցությունը ներկայացնում է մի ուսումնական նմուշ Արտասահմանյան գործակալների գրանցման ակտի վերաբերյալ»: Հեղինակը մեջբերում է «Ֆորբս» ամսագրում 2017 թ. նոյեմբերի 27-ին հրապարակված հոդվածը, որը կեղծորեն պնդում է, որ «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) համարվում է «հասարակական կազմակերպություն», սակայն լայնորեն հայտնի է, որ այն խորապես կրում է ռուսական ազդեցություն: Հանձնախումբը տարածում է Հայաստանի` որպես նախկին խորհրդային երկրի  երկարատև ավանդույթը՝ որպես նրա նախկին հայրենիքի փոխանորդ»: Սա բացահայտ սուտ է, քանի որ Հայ դատի հանձնախումբն ընդամենը ներկայացնում է ամերիկահայ համայնքի մի ստվար հատվածի տեսակետները: «Ֆորբս» ամսագրի հոդվածի հեղինակը Աֆրիկայի մասնագետ Մֆոնաբոնգ Նսեհն է, որը շատ քիչ բան գիտի Հայաստանի կամ Հայ դատի հանձնախմբի մասին:

«Ֆորբս»-ի հրապարակած կեղծիքի հիման վրա «Դեյլի քոլերը» պնդում է, որ «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ներկայացնում է Հայաստանի, և միջանկյալ, Ռուսաստանի կառավարության տեսակետները։ Առանց գրանցման, դա կարող է խախտել FARA-ի (ԱՄՆ օտարերկրյա գործակալների գրանցման ակտ) և լոբբիստական օրենքները»։

Կոնտրերասը կարևորում է այն փաստը, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմական դաշինք է կնքել, սակայն չի հասկանում, որ Հայաստանը այլընտրանք չունի նման պաշտպանական դաշինքի մեջ մտնելուց զատ: Արդյոք Հայաստանը պե՞տք է անխոհեմորեն վտանգի իր գոյությունը, երբ մի օր Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնեն իրենց թշնամական և սպառնալից նախազգուշացումները: Կոնտրերասն անտեսում է այն փաստը, որ Հայաստանը նաև ունի տնտեսական, քաղաքական և ռազմական սերտ հարաբերություններ Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ:

Կոնտրերասը մեկ այլ սուտ է հորինում՝ հիշատակելով ամերիկահայերի նվիրատվությունները ԱՄՆ քաղաքական թեկնածուներին։ Նա կեղծորեն դրանք անվանում է «կասկածելի քարոզչական վճարներ»: Քաղաքական նվիրատվության փոքր գումարները տրվել են ANC PAC-ի (Քաղաքական գործողությունների կոմիտե) կողմից, որը Հայ դատի հանձնախմբից առանձին և ամբողջովին օրինական կառույց է։ Բացի այդ, թվում է, թե Կոնտրերասը տեղյակ չէ, որ Հայ դատի հանձնախումբը 501(c)(4) IRS (Ներքին հարկային ծառայություն) մարմին է, որն իրավունք ունի քաղաքական աջակցություն ցուցաբերել։ Կոնտրերասը Հայ դատի հանձնախմբի աջակցությունն անվանում է «հավանական ապօրինի»։ Ըստ ամերիկյան օրենքների՝ դրանք ապօրինի չեն…

Այնուհետև, Կոնտրերասն առաջ է քաշում վաղուց պարզաբանված մի խնդիր՝ 2009 թ. Վաշինգտոնում CREW-ի («Քաղաքացիները հանուն պատասխանատվության և էթիկայի» կազմակերպություն) բողոքը` ուղղված Արդարադատության դեպարտամենտին, IRS-ին և Կոնգրեսին, առ այն, որ Հայ դատի հանձնախումբը խախտել է FARA-ն՝ չգրանցվելով որպես «օտարերկրյա գործակալ»: Այս բողոքը հանգամանորեն ստուգվել և մերժվել է ինը տարի առաջ… Կոնտրերասն ազնվություն չունի հայտնելու, որ  CREW-ի բողոքը մերժվել է IRS-ի կողմից:

Կոնտրերասը նշում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաջողությունը՝ Մեթյու Բրայզային Ադրբեջանում որպես դեսպան Սենատի հաստատումը կանխելու մասին: Սա մեծ հաջողություն է, և Հայ դատի հանձնախումբն արդարացիորեն հպարտանում է դրանով:

Կոնտրերասն ամփոփում է հոդվածը՝ մեջբերելով «Վաշինգտոն փոստ»-ի 2010 թ. խմբագրականը, որը պնդում է, թե Հայ դատի հանձնախմբի «լոբբիստական գործունեությունն ավելի է դժվարացրել Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտությունը, դրանով իսկ նպաստելով Հայաստանի աղքատացման խորացմանն ու Ռուսաստանից  Հայաստանի գերկախվածությանը»։ Ծիծաղելի է, երբ Կոնտրերասի նման օտարները, ամերիկյան հրատարակությունները, ինչպես նաև Ադրբեջանի ու Թուրքիայի նման թշնամական պետությունները, հայերին սովորեցնում են, թե որն է նրանց իսկական շահը։ Հայերը բոլորից լավ գիտեն իրենց շահերը։ Նրանք որևէ մեկի դասախոսության կարիքը չունեն…

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին որպես օտարերկրյա գործակալ գրանցվելու խորհրդի փոխարեն, Կոնտրերասն ինքը պետք է դա անի՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերը Միացյալ Նահանգներում քարոզելու համար…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և ամերիկահայերը պետք է դատի տան Կոնտրերասին, «Դեյլի քոլեր»-ին և «Ֆորբս»-ին՝ հակահայկական զրպարտության մեղադրանքով: «Դեյլի քոլերը» իր հրապարակած հոդվածի վերջում նշել է, որ «հոդվածում արծարծված տեսակետներն ու կարծիքները հեղինակինն են և չեն արտացոլում «Դեյլի քոլեր»-ի պաշտոնական տեսակետը»։ «Ֆորբսը» ևս նման մի նշում է կատարել իր հոդվածի վերջում։ Այս երկու հրատարակությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ կեղծիքներ տարածելու համար։

 Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Խորագիր՝ #07 (1229) 21.02.2018 - 27.02.2018, Ռազմաքաղաքական


22/02/2018