Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՐԱՀԱՏԱՆԿԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐՇԱԼԸ



ԶՐԱՀԱՏԱՆԿԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐՇԱԼԸ«Երբ մի հետադարձ հայացք եմ նետում մանկությանս, աչքերիս առաջ հառնում է իմ հայրենի Չարդախլուն, որը նմանը չունի ամբողջ աշխարհում, և կարոտը հաճախ է ձգում ինձ դեպի իմ օրրանը, որը սնել ու գրաճանաչ է դարձրել ինձ, նրա մաքուր օդով եմ ես զորացել, զորավար դարձել»:

 

  Անհանգիստ և կռվարար բնավորության համար փոքրիկ Համազասպին  «խենթ» մականունն են տվել: «Նա սկզբից խփել է, հետո ասել բարև»: Մի օր դպրոցում դասի ժամանակ, երբ ուսուցիչն անտեղի վիրավորել է նրան, պատանի Համազասպը պայուսակից հանել է «մաուզերը», որը հազիվ են կարողացել խլել նրա ձեռքից:

 

«Խիզախ ու քաջարի հրամանատար է, ես նրան անձամբ ճանաչում ու հարգում եմ»:

ԳԵՈՐԳԻ ԺՈՒԿՈՎ

ԽՍՀՄ քառակի հերոս, մարշալ

 

«Նա իր ամբողջ կյանքը նվիրեց ռազմական գործին:

Նա իր ողջ կյանքում չհանդուրժեց անարդարությունը»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ

 

«Բաբաջանյանը ասպետի պես ազնիվ է, ճգնավորի պես համեստ, զինվորի պես պարզ ու սրտաբաց»:

ՎԱՍԻԼԻ ԳՐՈՍՄԱՆ

ռուս գրող

 

  Նրան անվանել են «Լեռնային արծիվ», իսկ պատերազմի ժամանակ վախվորած գերմանացիները մեր լեգենդար հայրենակցին կոչել են «Սև Հովազ»:

 

  Բաբաջանյանը մինչև գոտկատեղ տանկից դուրս եկած էր ղեկավարում մարտերը: Նա երկյուղ չուներ:

 

  Նրա տանկային կորպուսը Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ ազատագրել է ավելի քան 50 քաղաք ու բնակավայր, իսկ Դնեստրի պատմական գետանցման ժամանակ հմուտ գործողությունների համար (1944) 38-ամյա գեներալին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում:

Ականավոր զորահրամանատարին է պատկանում հետևյալ միտքը. «ԹՈ՛ՒՅԼ ՏՎԵՔ, ԵՎ ԵՍ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ»:

 

Այսպիսի մի իրողություն. (Օդեսայի զինվորական օկրուգի հրամանատար եղած ժամանակ) Համազասպ Բաբաջանյանը որոշում է թռչել կործանիչով…: Ականջակալները պայթում էին. «Ընկե՛ր հրամանատար, դուք անցաք պետական սահմանը»:

Բաբաջանյանի կործանիչը թռավ Արեւմտյան Հայաստանի վրայով եւ վերադարձավ: Արդյունքը թուրքական կողմի պաշտոնական բողոքն էր եւ մարշալի համար 18-օրյա տնային կալանքը:

Խորագիր՝ #07 (1229) 21.02.2018 - 27.02.2018, Ճակատագրեր


22/02/2018