Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ



ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋՏեառնընդառաջը քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնն է: Հայ առաքելական եկեղեցին այս տոնը նշում է ամեն տարի փետրվարի 14-ին` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո: Հայ եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: 

Ըստ նախնյաց օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման քառասուն օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես եւ Սուրբ Աստվածամայրը 40 օրական Հիսուսի հետ գալիս է տաճար: «Երբ որ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար»: «Ամեն արու զավակ Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ օրենքում ասվածի համաձայն` ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ»: (Ղուկ. 2:2-24): Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը: Ղուկաս ավետարանիչը ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը, պատմում է նաեւ Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ հոգուց հրամայված էր մահ չտեսնել մինչեւ Տիրոջ Օծյալին տեսնելը:

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԱմեն տարի փետրվարի 13-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն եկեղեցականների հանդիսավոր թափորով գալիս է Մայր Տաճար, ուր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվում է երեկոյան ժամերգություն:

Այնուհետեւ «Քրիստոս փառաց» տաղի ներքո Մայր Տաճարի Իջման Սուրբ սեղանի կանթեղից Ամենայն Հայոց Կաթողիկոսը վառում է Քրիստոսին խորհրդանշող մոմը` կենսատու լույսը փոխանցելով ներկա հավատավոր ժողովրդին:

Արարողության ավարտին թափորը ժողովրդի ուղեկցությամբ ուղղվում է դեպի Մայր Տաճարի շրջաբակ, որտեղ Գարեգին Բ Հայրապետի ձեռամբ վառվում է Տեառնընդառաջի խարույկը, իսկ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի երգչախումբը հանդես է գալիս հոգեւոր եւ ազգային երգերի կատարումներով:

Արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջի տոնին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ:

 

Այսօր տաճարն եկավ կենարարը

Եվ Սիմեոնի գրկում փայփայվեց,

Որին խնդությամբ ընդունեց Երուսաղեմը:

 

Այսօր երկիրս երկինք անվանվեց,

Քանի որ տերերի Տերը երկնքից իջավ երկիր,

Եվ հանձն է առնում իր ձեռքի գործերից ընծայել:

 Տպագրության պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #07 (1229) 21.02.2018 - 27.02.2018, Հոգևոր-մշակութային


22/02/2018