ՊԵՏՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ
1994 թ. հունվարյան կռիվները եւս մեկ փառապանծ ու ուսանելի էջ պարգևեցին Արցախյան ազատամարտի պատմությանը: Անվարան կարելի է պնդել, որ չնայած ադրբեջանական իշխանությունների գործադրած հսկայական ջանքերին և ի լուր աշխարհի հռչակած ամպագոռգոռ հայտարարություններին, նրանց բազմակողմանիորեն կազմակերպված և տեխնիկապես գերազանց հագեցած բանակը կրել էր իր հերթական ծանր պարտությունը՝ այս անգամ արդեն արցախյան ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում: Միակ խոցելի տեղը, թերեւս, Քելբաջարի ուղղությունն էր. ադրբեջանական զորամիավորումներին հաջողվել էր անցնել Օմարի լեռնանցքն ու հաղթահարելով այդ ճակատում մարտնչող հայկական ուժերի պաշտպանությունը՝ իր վերահսկողության տակ վերցնել լեռնանցքից մինչեւ Բաղիրլի, Բուզդուխ, Չիչագլի սարերի բարձունքները և դրանցից դեպի հյուսիս-արեւելք՝ մինչեւ Սեիդլյար ընկած տարածքները: Ռազմաճակատի այդ հատվածում թշնամու հետագա առաջխաղացումն անխուսափելիորեն կարող էր բացասաբար անդրադառնալ Արցախի մյուս ճակատներում ծավալվող մարտական գործողությունների ընթացքի վրա: Ադրբեջանցիներն օգտվելով ընձեռված հնարավորություններից՝ կարող էին առաջանալ Բաղլիփեյա, Չարեքտար գյուղերի, ապա դեպի ավելի հարավ՝ Նարեշտար, Վանք բնակավայրերի ուղղությամբ ու տիրելով Արցախի Հանրապետության տարածքի հաղորդակցության կարեւորագույն ուղիներին՝ շրջափակման մեջ վերցնել և մեկուսացնել Մարտակերտի ամբողջ ռազմաճակատը:
Տվյալ իրավիճակում անհրաժեշտ էր արմատական բեկում մտցնել նաեւ Քելբաջարի հյուսիսում ընթացող մարտական գործողություններում եւ վճռական ու խելամիտ քայլերի միջոցով հաղթահարելով հակառակորդ զորքերի դիմադրությունը՝ վերստին վերահսկողության տակ վերցնել մինչեւ Օմարի լեռնանցքը ձգվող տարածքը: Այդ խնդիրը կենսագործելու նպատակով Արցախի Հանրապետության բանակի հրամանատարությունը Քելբաջարի ռազմաճակատ է տեղափոխում արցախյան մի քանի փորձառու զորամասեր, որոնց թվում նաև Շուշիի գումարտակի Ռոմիկի (Ռոմիկ Մարգարյան) գլխավորած ջոկատը՝ թվով 15 հոգի:
Այդ ժամանակ գումարտակը գործում էր Պետոյի (Պետրոս Ղեւոնդյանի) հրամանատարությամբ:
Ռոմիկի ջոկատը, մինչեւ Պետոյի Քելբաջար տեղափոխվելը, այդ ճակատում հանդիպում է բազում դժվարությունների: Պարզվում է, որ ռազմաճակատում հաջող մարտական գործողությունների իրականացման համար զորամասերի միջև անհրաժեշտ փոխհամագործակցությունը տարբեր պատճառներով դեռեւս պատշաճ բարձրության վրա չէր: Տվյալ իրավիճակում որևէ նշանակալի մարտական գործողություն ձեռնարկելիս փոքրաթիվ ջոկատի ուժերը, առանց օգնական ուժերի ու մյուս զորամիավորումների ճիշտ համագործակցության, անբավարար էին: Իսկ ժամանակի կորուստը չէր խոսում հօգուտ արցախյան ուժերի: Ստեղծված դժվարին կացությունը հրամայաբար թելադրում էր ձեռնարկել համարձակ ու խելամտորեն հաշվարկված քայլեր եւ որքան շուտ, այնքան լավ:
Ռոմիկից ստանալով Քելբաջարի ճակատում տիրող իրավիճակի մասին տեղեկությունները՝ Պետոն մեկնում է Ստեփանակերտ՝ հանդիպելու Արցախի բանակի հրամանատարին և մինչ կհասցներ նրան ներկայացնել իր առաջարկությունը, հրամանատարն ինքն է հանձնարարում Պետոյին գումարտակով մեկնել Քելբաջարի շրջան և ձեռնամուխ լինել մարտական շատ կարեւոր ու պատասխանատու առաջադրանքի կատարմանը: Առաջադրանքը միակն էր. գումարտակը պետք էր անհապաղ տեղափոխվեր հյուսիսային ճակատ և այնտեղ գտնվող արցախյան մյուս զորամասերի հետ համագործակցությամբ ջախջախեր այդ ուղղության բարձունքներում ու դիրքերում ամրացած հակառակորդի ուժերը և ադրբեջանցիներից մաքրեր մինչեւ Օմարի լեռնանցքը ձգվող տարածքը:
Պետք է նշել, որ հունվարյան ծանրագույն փորձությունից հետո գումարտակի զինվորները գրեթե ոչ մի օր ժամանակ չեն ունեցել ինչպես հարկն է նույնիսկ փոքր-ինչ հանգստանալու: Չէր լուծվել նաև նրանց հերթափոխի հարցը: Նախորդ կռիվներում մարտաշարքերը նկատելիորեն նոսրացել էին (տասը զոհ ու երեսունինը վիրավոր-Հ.Գ.), իսկ համալրումների խնդիրը, ինչպես և անցյալում, դեռեւս մնում էր գումարտակի համար ամենացավոտ ու խոցելի տեղը: Բայց Պետոյի ու նրա զինակիցների համար այլընտրանք չկար:
«Եթե նույնիսկ համոզված լինեմ,- նշում էր Պետոն,- որ մեր կռվի արդյունքները քաղաքական ոլորտներում պետք է շահագործվեն կամ չարաշահվեն, մեկ է՝ ինձ համար այլընտրանք չկա. պե՛տք է կռվենք»
Այո՛, նրա և իր մարտական ընկերների համար այլընտրանք գոյություն չուներ, ու անվարան մեկնելով Քելբաջարի ճակատ՝ նրանք մեկ անգամ եւս պիտի ապացուցեին զենքին և ռազմարվեստին տիրապետելու իրենց վարպետությունը՝ այս անգամ արդեն հարձակողական գործողությունների ընթացքում:
Գումարտակի ուժերը տեղաբաշխվում են Չիչագլի սարից դեպի հարավ-արեւելք ձգվող ճանապարհի մերձակայքում, որտեղից Չիչագլիի բարձունքները շատ լավ երևում էին: Այդ ժամանակ բարձունքների երեք հիմնական հենակետերից երկուսը՝ ադրբեջանցիների, իսկ մեկը՝ արցախյան մարտիկների վերահսկողության ներքո էին: Մինչև Շուշիի առանձնակի գումարտակի այստեղ տեղափոխվելը՝ արցախյան զորամասերի կողմից եղել էին Չիչագլիի բարձունքները գրավելու փորձեր, որոնք ավարտվել էին անարդյունք: Պետոն դեռևս չէր հասցրել ինչպես հարկն է տեղաբաշխել գումարտակի ուժերը, երբ ադրբեջանցիները գրավեցին նաև արցախյան մարտիկների հսկողության տակ գտնվող հենակետը:
Այդ վիճակում բարձունքը միայն եղած ուժերով, հանպատրաստից վերցնելու փորձը վտանգավոր էր ու գրեթե անհնարին: Քանի որ հակառակորդի զինվորների տեսադաշտը բաց էր, ապա նրանք կարող էին առանց մեծ ջանքեր գործադրելու, բարձունքներում տեղադրված գնդացիրներով ճշգրտորեն հարվածել հարձակվողներին ու մեծ կորուստներ պատճառել:
Չիչագլիի վերջին բարձունքը թշնամուն հանձնելը տհաճ, բայց արդեն կատարված իրողություն էր: Քանի որ Չիչագլիի այդ բարձունքից շատ հեռու չէր գումարտակի տեղաբաշխման վայրը, ապա ադրբեջանցիները, նոր վերցրած հենակետում ամուր դիրքավորվելուց հետո, կարող էին կրակի տակ վերցնել ամբողջ գումարտակը: Այդ սպառնալիքից խուսափելու համար Պետոն հարկադրված գումարտակը տեղաբաշխեց այնպես, որ Չիչագլի սարն այլևս չերևար:
Ի՞նչ պիտի արվեր:
Նախ՝ հարկավոր էր պահպանել զինվորների մարտունակությունը` թույլ չտալով, որ նրանք մրսեն ու հիվանդանան:
Քանի դեռ մարտական գործողությունները չէին սկսվել, դեռևս նախապատրաստական փուլում էին, Պետոն, գումարտակի զինվորներին ցրտահարությունից, ինչպես նաև հոգնածությունից զերծ պահելու նկատառումով հրահանգում է զորաջոկատներին պարտադիր ամեն օր կատարել լիցքային վարժություններ, առավոտյան անպայման վազել ու ոչ մի դեպքում անգործության չմատնվել:
ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
♦♦♦
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Քաջերին
Մռավ սարերից սավառնեց քամին,
Դրոշակը մեր հպարտ ծըփծըփաց.
Տեսե՛ք, դաշտերից կուգա թշնամին,-
Սրբազան կռվի կոչը որոտաց:
Է՜յ, հա՛յ ախպրտիք, եղջյուր հնչեցե՛ք,
Իջե՛ք ժայռերից, անհաղթ արծիվներ.
Սարերից պոռթկած հուր ու ջրի պես
Թափվեցե՛ք ստոր դուշմանի գլխով.-
Նա՛ – մեր դրացին, եւ նամարդ, եւ չա՛ր,
Գիշերը գողտուկ ելավ մեզ վրա.
Ու մեր թիկունքից` ծածո՛ւկ, գաղտնաբա՛ր
Սողաց օձի պես, ելավ մեզ վրա.
Ջարդեցե՛ք, ջնջխե՛ք էդ նամարդ օձին:
…Վա՛ռ, կարմի՛ր հագիր, դո՛ւ հայ-ժողովուրդ,
Եվ սուրդ շարժե՛, քեզ ճանապարհ բաց.
Այս աշխարհի մեջ սուրն է միշտ կտրող-
Կտրի՛ր ու տիրի՛ր – անհա՛ղթ, հզո՛ր կաց:
Եվ ոտքդ ամո՛ւր դու խփի՛ր երկրին,
Հողիդ ու տանդ տերը դուն եղի՛ր,
Է՜յ, դո՛ւ արեւի ճամփորդ վաղեմի,
Սրով, գոտեպինդ եւ առաջ քայլի՛ր.
Անհողդողդ գնա՛ դեպի լույսն – արեւ,
Եվ ազգերն ամեն, հարգանքի նշան,
Հետ-հետ գնալով եւ տալով բարեւ
Ազա՛տ, անարգե՛լ քեզ ճամփա կտան…
Ալեքսանդրապոլ, 1906, հունվարի 8
Խորագիր՝ #07 (1229) 21.02.2018 - 27.02.2018, Ճակատագրեր