ԼԻԲԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ՆԱՏՕ-ՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ դեսպան Կուրտ Վոլկերը հայտարարել է, որ Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունները չի կարելի հաջողված համարել: Նրա կարծիքով պատասխանատուները պետք է մտահոգվեն դաշինքի ներսում առկա խնդիրներով, որոնք ի հայտ են եկել ռազմական օպերացիայի ընթացքում:
Նա խոսել է տարբեր խնդիրների մասին` առաքելության սահմանումից մինչև գործողությունների համաձայնեցում:
Դաշինքի պաշտոնական առաքելությունը` քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ու հումանիտար օգնությունը, նա համարել է կիսատ և վնասարար, իսկ ԱՄՆ աջակցությամբ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի գործողությունները, նույնիսկ հատուկ նշանակության ջոկատների կիրառմամբ` պաշտոնական առաքելությանը հակասող:
Նա վերհիշել է, թե ինչպես է 1999թ. ԱՄՆ-ը ընդդիմացել ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները ՄԱԿ-ի թույլտվությամբ անցկացնելու գաղափարին, իսկ այժմ այդ գաղափարը գործնականում իրագործվել է: Դա Ռուսաստանին և Չինաստանին հնարավորություն է տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սահմանափակումներ մտցնել դաշինքի ռազմական գործողությունների նկատմամբ:
Վոլկերը քննադատել է նաև ԱՄՆ-ին` օպերացիային մասնակցելու տարբեր, այդ թվում ներքաղաքական իրավիճակով թելադրված նախապայմաններ առաջ քաշելու համար, և հիշեցրել է, որ Աֆղանստանում իրենք նույն բանի համար մշտապես մեղադրել են դաշնակիցներին:
Հիշեցնենք, որ Լիբիայում ռազմական օպերացիայի անցկացման հենց սկզբից ՆԱՏՕ-ի անդամ պետությունների միջև տարաձայնություններ են առաջացել յուրաքանչյուրի մասնակցության չափի, ընդհանուր ղեկավարման, բազմաթիվ այլ հարցերի շուրջ, իսկ ԱՄՆ-ը որոշ ժամանակ նույնիսկ ընդհատել էր իր մասնակցությունը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական