Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՆ ՀԱՅՈՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՏՔԸ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ



ՀԻՆ ՀԱՅՈՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՏՔԸ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՓետրվարի 8-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Վարդանանց տոնը, որն առնչվում է մեր պատմության ամենափառահեղ էջերից մեկին, երբ հանուն քաղաքական ու հոգևոր ազատության, հանուն հավատի ու ազգային ինքնագիտակցության պահպանման չարի առաջ դուրս եկան բոլորը՝ զինվորը, հոգևորականը, իշխանն ու հասարակ շինականը: Իրենց պայքարով նրանք մերժեցին մի կրոն, որն ընդամենը երկու հարյուր տարի հետո պետք է մերժվեր հենց նույն Պարսկաստանում՝ չդիմանալով իսլամի արշավին:

Ս. Վարդանանց տոնի առթիվ ձեզ ենք ներկայացնում «Հայոց ռազմական միտքը» թեմայի շուրջ զրույցի երկրորդ մասը ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ:

 

Սկիզբը՝ նախորդ համարում

 

-Ունեցե՞լ ենք ռազմական կոդեքս:

-Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Եղիշեի երկերից արդեն իսկ այդ վարքականոնի դրույթները շատ հստակ, պարզ երևում են: Ես կառանձնացնեմ 8 հիմնական դրույթ, թեև կան շատ այլ կետեր էլ։ Այդ դրույթների մի մասը նմանություններ ունի հետագա դարերում ի հայտ եկած եվրոպացի ասպետների և ճապոնացի սամուրայների՝ առավել հետազոտված վարքականոնների հետ: Հայ զինվորականի արժեհամակարգի յուրահատկությունը թերևս այն էր, որ նրա համար իր կարևորությամբ առաջին տեղում հայոց պետությունն էր՝ թագավորությունը, և ոչ թե իր ֆեոդալական գերական՝ սյուզերենը: Մյուս կետերի մեջ էին հայոց թագավորի, ժողովրդի, եկեղեցու ու եկեղեցականների, վանքերի պաշտպանությունը, այդ արժեքներին հավատարիմ լինելը և անհրաժեշտության դեպքում՝ հանուն դրանց զոհաբերվելը։ Հենց այդպես էլ ասված է, որ կյանքը պետք է զոհել այս, այս, այս արժեքների՝ պետության, թագավորի (որպես այդ պետության ամենակարևոր ինստիտուտի ու խորհրդանիշի), սրբավայրերի, եկեղեցու, ավանդույթների, ընտանիքի, զինակիցների համար: Այս ամենը շատ հետաքրքիր, միահյուսված ներկայացված է հատկապես Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության» մեջ: 

-Այն ժամանակներում, երբ չունեինք թագավոր, պետություն, այդ վարքականոնը ձևափոխվո՞ւմ էր:

-Կարծում եմ, որ մանր ձևափոխումներ պետք է լինեին, բայց հիմնականը նույնն էր մնում: Թագավորության վերանալուց հետո, բնականաբար, թագավորի մասին կետը դուրս էր գալիս, բայց այն մնում էր հիշողության մեջ, հարմար առիթ առաջանալու դեպքում հայերը միշտ ձգտում էին վերականգնել իրենց կորցրած թագավորությունը: 449-451թթ. Վարդանանց պատերազմի գլխավոր նպատակը հենց թագավորության վերականգնումն էր: Սխալ է այն տարածում գտած տեսակետը, թե իբր այդ պատերազմը մղվում էր միայն հավատի համար: Այն մղվել էր և՛ քաղաքական, և՛ հոգևոր ազատության համար՝ «վասն հայրենյաց, վասն հավատի»։

-Ի՞նչ ռազմավարություն էին ընտրել հայերն Ավարայրի ճակատամարտի համար:

-Գալով Ավարայրի ճակատամարտին՝ այստեղ իհարկե քարտեզ է պետք՝ ցույց տալու համար հակառակորդ կողմերի մարտակարգերն ու զորաշարժերը: Սա, իհարկե, երկար դասախոսության թեմա է, սակայն փորձեմ շատ հակիրճ ներկայացնել։ Վարդան Մամիկոնյանի ու նրա զինակիցների՝ հայ հրամանատարական կազմի նպատակը հետևյալն էր. ուժեղ գրոհով կոտրել պարսկական բանակի թևերից մեկը, շպրտել այն կենտրոնի ու մյուս թևի վրա, այդպիսով խախտել պարսիկների ամբողջ մարտական դասավորությունը և ջախջախել նրանց: Սա «առավելագույն ծրագիրն» էր: Սակայն, եթե այդ ծրագիրը չիրականանար, կար նաև պահեստային՝ «նվազագույն ծրագիր»՝ նահանջել Հայաստանի խորքերը և այնտեղ կազմակերպված դիմադրություն ծավալել: Այս երկրորդը շատ բարդ ռազմավարություն էր, որը հայերը հաճախ կիրառել են 4-րդ դարում՝ պարսիկների դեմ բազմաթիվ, տևական պատերազմներում: Այս ռազմավարությունը, սակայն, լուրջ վտանգներ էր պարունակում, քանի որ այդ դեպքում ավերվում էին ամբողջ շրջաններ, ժողովուրդը զանգվածաբար ոչնչացվում էր, ենթարկվում էր բռնագաղթի, ինչպես Շապուհ Երկրորդը 360-ական թթ. Հայաստանից ավելի քան մեկ միլիոն մարդու բռնագաղթի ենթարկեց: Ուստի, այս ռազմավարությանը դիմում էին ամենավերջում, երբ հնարավոր չէր լինում կանգնեցել զավթիչ բանակը երկրի սահմանների մոտ: Բայց երբ պարսիկներն, այնուամենայնիվ, կարողանում էին թափանցել երկրի խորքերը, հայերը նահանջում էին՝ պահպանելով իրենց բանակը, հատկապես՝ հեծելազորը, մարտական բարձր պատրաստվածության մեջ: Հայկական ամրոցների ուժասպառ անող պաշարումներից և հյուծիչ բախումներից հետո, երբ հայկական տարաշարժուն (մոբիլ) ուժերն անընդհատ կտրատում էին պարսիկների հաղորդակցման ուղիները, թշնամին դիմում էր նահանջի։ Վերադառնալով Ավարայրին՝ ասեմ, որ հայոց հրամանատարության «նվազագույն ծրագիրը» նշված ռազմավարությունն էր՝ երկրի խորք նահանջելը, եթե, իհարկե, չհաջողվեր ջախջախել պարսկական բանակը գլխավոր ճակատամարտում: Ճակատամարտի սկզբում հայկական ձախ թևը և ապա նրանց միացած Վարդան Մամիկոնյանի ընտիր պահեստային զորախումբը հարվածում են պարսկական բանակի աջ թևին: Ջախջախում են աջ թևի առաջին գիծը, որն ավանդաբար կազմված էր հեծելազորից, հարձակվում են երկրորդ գծի վրա, որտեղ ծանր հետևակն էր, որի առջև կանգնած էին փղերը։ Այդ փղերը կատարում էին հրամանատարական կետերի դեր. նրանց վրա նստած էին հետևակային գնդերի հրամանատարները: Բացի այդ մի քանի մարտական կենդանիներից, պարսիկներն ունեին փղերից բաղկացած պահեստային մի հզոր զորախումբ՝ Արտաշիր զորավարի գլխավորությամբ: Իմ հաշվարկներով՝ պարսկական բանակում եղել է, ընդհանուր առմամբ, մոտ 40 փիղ, որոնցից 15-16-ը՝ նրանց երկրորդ գծի առջևում, իսկ մյուսները՝ պահեստային զորախմբի մեջ՝ թիկունքում: Պարսկական զորքի աջ թևում կանգնած մոտ 5 փղերից մի քանիսը կամ գուցե բոլորը ոչնչացվել են Վարդան Մամիկոնյանի գլխավորած կատաղի գրոհի ժամանակ: Բնականաբար, ոչնչացվել են նաև նրանց վրա գտնվող պարսից հրամանատարները:

-Ավարայրում կողմերից ոչ մեկը փաստացի չհաղթեց, սակայն մենք կարողացանք պահել մեր կրոնը: Հարյուրամյակների միջով, եթե վերլուծենք իրավիճակը, ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ էինք հաղթել այդ ճակատամարտում:

-Ավարայրի ճակատամարտը կարող էր հաղթական ելք ունենալ, եթե պարսից բանակի գլխավոր հրամանատար Մուշկան Նիսալավուրտն ուժասպառ եղող պարսից աջ թևին վերջին պահին օգնության չհասցներ իր զորքի կենտրոնի ուժերը՝ նրանց նահանջն իրականացնելու միջոցով: Եթե այդ զորաշարժը չիրականացվեր, հայերը ջախջախիչ հաղթանակ կտանեին, ինչպես նույն մարտավարական հնարքի շնորհիվ եղել էր դրանից մեկ տարի առաջ՝ Խաղխաղի ճակատամարտում: Շուտ հասկանալով, որ այս անգամ իր մտահղացումը չտվեց ակնկալվող արդյունքը, ու նաև հաշվի առնելով այն, որ պարսկական բանակը շատ մեծ էր ու հզոր պահեստային ուժեր ուներ, ինչպես նաև այն, որ այդ բանակը գլխավորում էր հմուտ ու փորձառու մի զորավար՝ Մուշկան Նիսալավուրտը, Վարդան Մամիկոնյանն ընդունեց միակ ճիշտ որոշումը՝ հրամայեց հայոց զորքերին դիմել ընդհանուր, կազմակերպված նահանջի՝ կիրառելով նախապես մշակված «նվազագույն ծրագիրը»: Այդ նահանջն ապահովելով և իր զորագնդի վրա բևեռելով պարսից աջ թևի, կենտրոնի ու պահեստային զորախմբերի ողջ ուշադրությունը՝ հայոց սպարապետը մնաց ճակատամարտի գլխավոր օջախում՝ հայոց ձախ թևում, և այնտեղ էլ ընկավ քաջի մահով: Օգտվելով Վարդան Մամիկոնյանի շահած ժամանակից՝ հայկական բանակի գլխավոր ուժերն ապահով նահանջեցին դեպի երկրի խորքը՝ ճակատամարտում տալով երեք անգամ պակաս զոհ, քան պարսիկները: Այդ նահանջը կրել է խիստ կանոնավոր բնույթ, այլապես հայոց զոհերը տասնապատիկ ու քսանապատիկ կլինեին: Ընդհանրապես, մարտի ընթացքում նահանջը բարդագույն խուսավարում է, այն վատ կազմակերպելու դեպքում հետևանքները կործանարար են լինում։ Հայոց բանակը փայլուն իրականացրեց նահանջի զորաշարժը. թողնելով բավարար չափով վերջապահ ուժեր, հայերը բաժանվեցին չորս հիմնական զորախմբերի և նահանջեցին չորս գլխավոր ուղղություններով՝ ամրանալով Հայաստանի կենտրոնում՝ Միջնաշխարհում, հարավ-արևմուտքում՝ Տմորիքում, հյուսիս-արևմուտքում՝ Տայքում և արևելքում՝ Արցախում՝ այդպիսով ստեղծելով դիմադրության հզոր յուրօրինակ աղեղ։

Թեև Ավարայրի ճակատամարտն ավարտվեց մարտավարական ոչ-ոքիով, ժամանակի ընթացքում այն վերածվեց հայոց լիիրավ ռազմավարական հաղթանակի։ Այդ մեծ ճակատամարտի պատմական նշանակությունը, փաստորեն, շարունակաբար աճեց հայոց համար, հատկապես հաջորդ՝ 482-484 թթ. հայ-պարսկական պատերազմի հաջող ավարտով ու Նվարսակի դաշնագրի կնքմամբ, որը Մարզպանական Հայաստանին շնորհեց լայն ինքնավարություն ներքին քաղաքական, ռազմական, կրոնական-մշակութային և իրավական ոլորտներում։

 Զրույցը վարեց Ա. ՆՈՅԵՄԻՆ

Խորագիր՝ #07 (1229) 21.02.2018 - 27.02.2018, Պատմության էջերից


22/02/2018