Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԻՇՏ ԵՂԵԼ Է ԱՌԱՋՆԱՅԻՆ»



«ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԻՇՏ ԵՂԵԼ Է ԱՌԱՋՆԱՅԻՆ»Ավագ սերժանտ Յուրա Ազարյանն ավարտեց իր ծառայությունը: Նա էլ մյուսների պես հրաժեշտ տվեց մարտական ընկերներին և հայրենիքի հանդեպ պարտքը կատարած և հպարտության մեծ զգացումով անցավ քաղաքացիական կյանքի: Ծառայում էր ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանման կրտսեր հրամանատարի հետ մեր զրույցը բանակային կյանքի և իր հետաքրքրությունների շուրջ է:

 

20-ամյա Յուրան իր ծառայության ընթացքում հիմնականում եղել է դիրքի ավագի պաշտոնում: Ըստ նրա՝ առաջնագծում ծառայելով է միայն հնարավոր պատկերացնել, թե որն է բուն ծառայությունը. «Այս երկու տարիների ընթացքում բազմաթիվ դժվարություններ ենք հաղթահարել: Եղել է ժամանակ, երբ ձյան ու անձրևի դժվարին պայմաններում ինժեներական աշխատանքներ ենք իրականացրել, բայց դա չի խանագարել կազմակերպելու մեր ծառայությունը»:

Հայրենիքի պաշտպանն այն կարծիքին է, որ ծառայության միջոցով մարդու մեջ արմատավորվում է պատասխանատվության գիտակցումը. «Ամփոփելով այս ժամանակահատվածը՝ կարող եմ ասել, որ տուն եմ վերադարձել հասունացած, ասել է թե՝ կայացած տղամարդու կարգավիճակով: Ծառայությանս ամբողջ ընթացքը լի է եղել բացահայտումներով թե՛ ռազմական գիտելիքների, թե՛ մարդկային տեսակի բացահայտման տեսանկյունից»:

Ինչ վերաբերում է մարտական հերթապահություն իրականացնելուն, ապա մեր հերոսը եկել է այն եզրահանգման, որ առաջնագծում են երևում լավագույնները, նրանք, ովքեր ցանկացած պահի պատրաստ են իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելու:

«Լինելով դիրքի ավագ՝ իմ առջև միշտ նպատակ եմ դրել պահելու դիրքի անձնակազմի առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը: Հավասարության սկզբունքն ինձ համար միշտ եղել է առաջնային»:

Կրտսեր հրամանատարը մեծ ձեռքբերում է համարում բանակային ընկերներին: Նա համակարծիք չէ այն մտքին, թե բանակում իսկական ընկերներ չեն լինում. «Իսկական ընկերները երևում են դժվարությունների ժամանակ, երբ պատրաստ են քեզ հետ հավասար պայմաններում պայքարել, իսկ ուրախության պահերին՝ լիաթոք ծիծաղել, ժպտալ, ստեղծել ընկերական ջերմ մթնոլորտ… Վստահ եմ՝ շարունակվելու է մեր մտերմությունը»:

Ավագ սերժանտը բարեխիղճ ծառայության և մարտական հերթապահությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար բազմիցս խրախուսվել է: Նրա դիրքի մարտունակությունը բարձր են գնահատել ինչպես զորամասի, այնպես էլ դիվիզիայի հրամանատարությունը:

«Հայոց բանակի գիրազանցիկ» և «Լավագույն զինվոր մարզիկ» կրծքանշանակիրը պատրաստվում է ուսումը շարունակելու Հայաստանի պետական ագրարային համալսարանում: Ապագա տեխնոլոգ է. «Կարոտել եմ ոչ միայն հարազատներիս, ընկերներիս, այլև ուսանողական կյանքը: Ուզում եմ լավ և բանիմաց մասնագետ դառնալ»:

Զրույցի ավարտին Յուրան բանակ եկողներին խորհուրդ է տալիս՝ հայրենիքի պաշտպանությունը բարձր մակարդակով իրականացնելու համար շատ պիտի սիրես Հայրենիքը. «Երկիրը միայն սիրելով է հնարավոր պաշտպանել, իսկ եթե սերդ պակաս է, ապա առաջնագծում քո ներկայությունն անիմաստ է…»:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

շարքային

Խորագիր՝ #07 (1229) 21.02.2018 - 27.02.2018, Բանակ և հասարակություն


22/02/2018