F-35-ԻՆ ԱՌԱՅԺՄ ԿՓՈԽԱՐԻՆԻ SUPER HORNET-Ը
Ամերիկյան Lockheed Martin ընկերության F-35 Lightning II հեռանկարային կործանիչի մշակման և արտադրման ժամկետների պարբերական հետաձգումից սկսել են օգտվել ավիաշինական այլ ընկերություններ, մասնավորապես Boeing-ը:
Շատ պետություններ, որոնց սպառազինության մեջ են ամերիկյան մարտական օդանավեր, հետաձգում են իրենց ռազմական գնումները` հույս ունենալով ստանալ F-35 նորագույն կործանիչներ: Սակայն ինքնաթիռի մատակարարման ժամկետները մշտապես հետաձգվում են, իսկ մարտական տեխնիկան հնանում է. այն հարկավոր է կամ նորոգել ու արդիականացնել, կամ դուրս գրել և ձեռք բերել նորը: Որոշ երկրներում սպասվում է կործանիչների պակասուրդ:
Այդ բացը լրացնելու համար Boeing-ը սկսեց արտադրել F-15 Strike Eagle կործանիչի նոր մոդիֆիկացիան` F-15 Silent Eagle: Այն ավելի դժվար տեսանելի է ռադարների համար, ենթարկվել է տեխնիկական որոշ նորամուծությունների և այժմ Հարավային Կորեայի համար կործանիչների մատակարարման մրցույթում մրցակցում է նույն F-35-ի, ժամանակակից այլ ինքնաթիռների հետ:
Boeing-ը սկսեց պատվիրատուներին առաջարկել նաև F/A-18E/F կործանիչի արտահանվող տարբերակը` Super Hornet-ը: Այդ ինքնաթիռում նույնպես կիրառված են նորագույն տեխնոլոգիաներ, շատ սարքավորումներ նույնն են, ինչ F-35-ի վրա, գինն էլ անհամեմատ ցածր է:
ԱՄՆ ռազմածովային ուժերը ինքնաթիռների պակասուրդից խուսափելու նպատակով 2010թ. 5,4 միլիարդ դոլարով 124 հատ Super Hornet կործանիչներ գնելու պայմանագիր են ստորագրել: Դրանք զորքեր կհասնեն 2012-2015թթ.:
Այժմ էլ ահա Ավստրալիան է բանակցություններ սկսել Boeing ընկերության հետ` լրացուցիչ մատակարարումների վերաբերյալ: 2007թ. այդ երկիրը 4,6 միլիարդ դոլարով արդեն գնել է 24 կործանիչ, որոնցից 4-ը դեռ պետք է ստանա:
Նոր գնումների հաշվին Ավստրալիան կրկին փորձում է ապահովագրվել ինքնաթիռների պակասուրդից, հատկապես եթե հաշվի առնենք, որ ներկայումս երկրում գործող ռազմական ներուժի ամրապնդման ծրագիրը ենթադրում է ռազմական բյուջեի ամենամյա աճ և առնվազն 50 կործանիչների առկայություն: F-35-ի մատակարարումը կսկսվի 2019թ.-ից ոչ շուտ, իսկ 2019-2020թթ. լրանում է ավստրալական օդուժի կործանիչների մի մասի շահագործման ժամկետը:
Իր համար անցանկալի իրավիճակից որոշակի օգուտ կարող է քաղել նաև Lockheed Martin ընկերությունը: Նոր ինքնաթիռներին սպասող ամերիկյան բանակը բավական ժամանակ խոշոր ծավալի գնումներ չի կատարել: Փոխարենը հարյուրավոր կործանիչներ արդեն ենթակա են դուրսգրման:
Ճգնաժամից խուսափելու համար զինվորականները մարտական տեխնիկայի շահագործման ժամկետները երկարացնելու ծրագիր են մշակել, որը նախատեսում է նաև ինքնաթիռների նորոգում և արդիականացում: Բոլոր աշխատանքները իրականացնելու են արտադրող ընկերությունները, իսկ Lockheed Martin-ը հազարավոր ինքնաթիռներ է մատակարարել բանակին:
Սակայն նույնիսկ այդպիսի հավանական հաջող գործարքից բխող օգուտները չեն փարատում արտադրողների անհանգստությունը, քանի որ մի քանի պետություններում, այդ թվում Ավստրալիայում և Մեծ Բրիտանիայում, կասկածներ են հայտնում F-35 կործանիչների գնման նպատակահարմարության վերաբերյալ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական