Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏԸ



ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏԸՊատվո պահակային վաշտը 25 տարեկան է: Տարեդարձի առիթով ձեզ ենք ներկայացնում մեր զրույցը զորամասի հրամանատար, ստորաբաժանման առաջին հրամանատար, գնդապետ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

 

-Պարոն գնդապետ, ինչպե՞ս է ստեղծվել ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտը:

-Պատվո պահակային վաշտն ստեղծվել է 1993թ. հունվարի 18-ին: Սկզբնապես ստորաբաժանումը տեղակայվել է մայրաքաղաքային գնդի տարածքում, ապա տեղափոխվել է հանրապետական հավաքակայան, իսկ 2007թ.` այժմյան տեղակայման վայրում: Կայացման ընթացքում մեծ դեր են խաղացել տարբեր ստորաբաժանումներում ծառայող սպաներն ու զինվորները, որոնք ունեցել են համապատասխան տվյալներ և պատրաստվածություն: Սպայակազմը հիմնականում համալրվել է սահմանապահ զորքերի, ապա նաև Վ. Սարգսյանի անվան ռազմական բուհի շրջանավարտ սպաներով: Միշտ աշխատում ենք երիտասարդների հետ, և երբ հայացքս ուղղում եմ անցյալին, թվում է, թե բան չի փոխվել, բայց իրականում զարգացումն ակնառու է: 25 տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել:

-Ովքե՞ր են ղեկավարել վաշտը:

-Ստորաբաժանման առաջին հրամանատարը եղել եմ ես, ապա՝ փոխգնդապետ Վարդան Խանֆերյանը: Այժմ պատվո պահակային վաշտի հրամանատարն է փոխգնդապետ Սոկրատ Վարդանյանը, որը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ է:

-Դժվար չէ՞ր պատերազմական տարիներին նման ստորաբաժանում կազմավորելը, որն ավելի շատ «ցուցադրական» էր լինելու: Կա՞ր անհրաժեշտությունը:

-Անշուշտ, դժվար էր, բայց դրա անհրաժեշտությունը կար, բոլորն էին դա հասկանում: Մեր առաջին միջոցառումը տխուր առիթով էր` Մոնթե Մելքոնյանի հուղարկավորությունն էր: Մեկ շաբաթ անց Յուրա Հովհաննիսյանի՝ 26-ի Յուրայի հուղարկավորությունն էր: Հետո արդեն  առանց պատվո պահակային վաշտի չէր անցկացվում պետական մակարդակի ոչ մի միջոցառում՝ շքերթներ, ցուցադրական շարանցումներ, տարբեր պատվիրակությունների դիմավորումներ նախագահական նստավայրում և պաշտպանության նախարարությունում: Ժողովուրդն էլ, կարծես, սովորել է, սպասում է վաշտի ելույթներին: Մեզ միշտ ցնծությամբ են դիմավորում: Մեր զինվորները ներկայացնում են մեր հանրապետությունը, մեր զինված ուժերը: Երկիրը և զինված ուժերը ճանաչում են պատվո պահակային վաշտի ցուցադրմամբ: Այն ամեն երկրի համար այցեքարտ է:

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏԸ-Պատմեք պաշտոնական դիմավորման առաջին արարողության մասին:

-1994թ. դիմավորեցինք ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովին: Պատվո պահակայինի համար օտարերկրյա առաջին բարձրաստիճան հյուրի այցը հիշարժան էր հատկապես ինձ համար: Մինչ այդ, Գրաչովը այցելել էր Վրաստան և Ադրբեջան: Վրաստանում նրան պատվո պահակայինի զինծառայողներ չէին դիմավորել, Ադրբեջանում պարզապես շարված էին եղել, իսկ մեր դիմավորելու և ճանապարհելու արդյունքում ես ժամկետից շուտ ստացա «կապիտան» զինվորական կոչում: Հիշում եմ Գրաչովի խոսքերը՝ պատվո պահակայինի հրամանատարը չի կարող լինել «ավագ լեյտենանտ»: Նույն օրը ես արտահերթ «կապիտանի» կոչում ստացա:

-Տարիների ընթացքում հաստատ որոշակի ավանդույթներ են ձևավորվել:

-Այո՛, օրինակ՝ դիմավորման արարողությանն առաջին անգամ մասնակցելու համար նորակոչիկներին տրվում է արձակուրդ: Առաջին միջոցառումը մկրտության պես է, տվյալ զինվորն արդեն մեր ընտանիքի անդամ է դառնում: Կան նաև չգրված օրենքներ, օրինակ՝ սպիտակ ձեռնոցներն հենց այնպես չեն տրվում, դրանք ստանալու համար քննություն են հանձնում: Սպիտակ ձեռնոցը վաշտի խորհրդանիշն է, և հրամանատարական կազմը պետք է վստահ լինի, որ այն կրողը շարային գերազանց պատրաստություն է անցել, նրա շարժումներն ստացվում են: Այն կրելու իրավունքը նա վաստակել է: Երբ ես վաշտի հրամանատար էի, երբեք նույն ձեռնոցը երկրորդ անգամ չէի կրում: Այժմ մեծ հավաքածու ունեմ: Տասնհինգ տարի ես եմ դիմավորել-ճանապարհել պաշտոնական պատվիրակություններին: Ձեռնոցներից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, դրանցով նաև կարելի է կռահել, թե տվյալ օրը ինչ եղանակ է եղել: Եթե ձեռնոցները մաքուր են, սպիտակ, ուրեմն արևոտ պարզ եղանակ է եղել, իսկ եթե կեղտոտ են՝ ուրեմն ձյուն կամ անձրև է եկել:

-Ի՞նչ տվյալներ պետք է ունենա պատվո պահակային վաշտի զինծառայողը:

-Պատվո պահակային վաշտում ծառայելու պատրաստ թեկնածուների խիստ ընտրություն է կատարվում. մեզ պետք են 1.82 սմ-ից մինչև 1.90 սմ հասակով, ֆիզիկապես առողջ, բարետես երիտասարդներ: Ընտրությունը կատարում ենք անմիջապես հավաքակայանում: Դրանից հետո թեկնածուները մասնակցում են վիճակահանությանը: Մեր զորամասի համարը քաշելու դեպքում են միայն նրանք զորակոչվում պատվո պահակային վաշտ: Ընտրությունը խիստ է: Հանձնաժողովում սպայակազմից բացի ընդգրկվում են հոգեբան, ոստիկանության աշխատակից, ճշտում ենք զորակոչիկների՝ այլ պետություններում ունեցած կապերը, անցյալը: Ազգային անվտանգության ծառայությունն էլ է ստուգում զինվորներին: Նրանք պետք է վստահելի լինեն. մեր զինվորը մարտական զենքով կանգնում է մեր և այլ պետության ղեկավարի առաջ, նույնիսկ անվտանգության աշխատակիցներին չի թույլատրվում այդքան մոտ կանգնել:

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏԸ-Ծառայությունը վաշտում շա՞տ է դժվար, տարբերվո՞ւմ է մյուս ստորաբաժանումներից:

-Մեր զինվորները հատուկ պատրաստություն են անցնում, հիմնական ուշադրությունը շարային պատրաստության վրա է՝ օրական մինչև հինգ ժամ պարապմունքներ ենք անցկացնում ցանկացած եղանակային պայմաններում: Հանգստի ժամն է սովորականից մի քիչ շատ: Էներգիայի ծախսից ելնելով` սննդի չափաբաժինն էլ ավելի մեծ է, քան մյուս ստորաբաժանումներում: Սովորեցնում ենք նաև դիմանալ երկարատև ծանրաբեռնվածությանը: Հաճախ միջոցառումները նախատեսվածից շատ են տևում, ու տղաները կանգնած դիրքում անընդհատ շարժում են ոտքի մատները, կոնքերը, որ արյան ընդհանուր շրջանառությունը կարգավորվի, ուշաթափություններ չլինեն:

-Դժվարին ու լարված ծառայության, հատկապես պաշտոնական միջոցառումների ընթացքում բացառված չեն նաև արարողակարգից շեղումները:

-Տարբեր իրավիճակներ են եղել, բայց երբևէ սխալ թույլ չենք տվել, չենք ձախողվել: Ամեն ինչ կատարել ենք ընդունված կարգի համաձայն: Տարիներ առաջ Իրանի փոխնախագահը այցելության ժամանակ, երբ անցնում էր մեր շարքի առջևով, կանգ առավ ու չբարևեց: Արարողակարգի համաձայն՝ հյուրը պետք է բարևի, այլապես չպետք է կանգ առնի: Վարչապետ Արմեն Սարգսյանն անհանգստացավ, հարցրեց՝ ի՞նչ է պատահել: Պարզաբանեցի, որ ես իրավունք չունեմ առաջինը բարևելու: Արդյունքում՝ Արմեն Սարգսյանը բարևեց Իրանի փոխնախագահի փոխարեն:

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏԸ-Հիշարժան պահերը շա՞տ են առաջին հայացքից նույնատիպ ծառայության ընթացքում:

-Պատվո պահակայինի մասնակցությամբ յուրաքանչյուր միջոցառում որոշակի հիշողություն է պարգևում: Իհարկե, Գրաչովի այցը միշտ հաճելի հիշողություններ է արթնացնում: Տպավորվել է նաև 2007թ. Սերգեյ Իվանովի այցը: Նա շատ բարձր գնահատական է տվել մեր ստորաբաժանմանը: Նրան ճանապարհելիս ուժեղ ձյուն էր տեղում, չէին հասցնում նույնիսկ կարմիր գորգը մաքրել: Արդեն ինքնաթիռի մոտ Իվանովը այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ խոսում էր իմ, որպես սպայի, պատրաստվածության մասին: Ապա Իվանովը հետ եկավ, ինչը արարողակարգով չի թույլատրվում: Հուզված էր: Զգալով՝ ինչ է կատարվում, ձեռնոցս արագ հանեցի, ինքը սեղմեց ձեռքս, փաթաթվեց, շնորհակալություն հայտնեց, խնդրեց իր անունից շնորհակալություն հայտնել նաև զինվորներին ու նվագախմբի տղաներին: Դա բացառիկ երևույթ է ամբողջ աշխարհում: Նման դեպք եղել է Ռուսաստանի պատվո պահակայինի հրամանատար Մակարովի հետ: Նրան մեկ աստիճան բարձր կոչում են շնորհել Հնդկաստանի ղեկավարի այցելության ժամանակ, երբ ինքը ձեռնոցը հանել է, բարևել մեկնած ձեռքը, ինչը չի թույլատրվում, և արագ կատարելու համար քաշել-պատռել է ձեռնոցը: Ու մինչ բոլորը հասել են ինքնաթիռի մոտ, ինքն արդեն նոր ձեռնոցով է եղել:

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏԸ-Ի՞նչ կասեք վաշտի հագեցվածության մասին:

-Արդեն քանի տարի է, պատվո պահակային վաշտը համալրված է անհրաժեշտ հանդերձանքով: 2006թ. ստացել ենք րՍր տիպի «կարաբիններ», շարանցումները հենց դրանցով ենք կատարում: Այսօր հագեցվածությամբ, զենքի տեսակով վաշտն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային չափանիշներին:

Մեր զինծառայողների պատրաստվածության մակարդակը շատ բարձր է: Մասնակցել ենք տարբեր միջոցառումների, դիմավորել-ճանապարհել ենք շատ երկրների նախագահների, վարչապետների, պաշտպանության նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու միշտ պատվով կատարել մեր առջև դրված խնդիրները:

2015թ. Մոսկվայում հաղթանակի շքերթին մեր զորախումբը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կողմից ճանաչվել է լավագույնը: Այդ շքերթը նաև որոշակի մրցույթ կարելի է համարել: Վստահ կարող եմ ասել, որ մեր վաշտը ԱՊՀ տարածքում կարելի է համեմատել միայն Ռուսաստանի ստորաբաժանման հետ:  Մենք նրանց չենք զիջում, միայն տարիների փորձն է իրենն ասում. Մոսկվայի պատվո պահակային ստորաբաժանումն ավելի քան 60 տարեկան է: Տարբեր հաջող ելույթներ ենք ունեցել նաև միջազգային այլ հարթակներում:

-Պարոն գնդապետ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ եւ պատվո պահակային վաշտին մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ:

-Շնորհակալ եմ: Այս ստորաբաժանումն ինձ համար հարազատ զավակի պես է: Զորամասի կազմավորման օրը զինվորական նվագախմբի ղեկավարը զանգել, ասում է՝ մեծ տղայիդ ծնունդը շնորհավոր: Հպարտ եմ՝ տեսնելով կառույցի կայացումն ու զարգացումը, սերունդների հաջորդականությունը: Այսօր արդեն մեր առաջին զինվորների երեխաներն են զորակոչվում, նրանցից մեկի երկու տղան էլ պատվո պահակային վաշտում են ծառայել:

Զրույցը վարեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #08 (1230) 28.02.2018 - 06.03.2018, Ազգային բանակ


01/03/2018