ՇՆՈՐՀԱՆԴԵՍ` «ԱՊՐԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ 11-ՐԴ ՀԱՏՈՐԻ ԱՌԹԻՎ
Օրերս Ավ. Իսահակյանի անվան գրադարանը մարդաշատ էր: Հանրային ռադիոյով հեռարձակվող «Ապրելու բանաձև» հաղորդաշարի հեղինակ-վարող, գրող, լրագրող Գոհար Մարտիկյանն ընթերցողի սեղանին դրեց համանուն մատենաշարի արդեն 11-րդ հատորը:
«Ապրելու բանաձև» մատենաշարի այս հատորում Գոհար Մարտիկյանը ներկայացրել է հիմնականում 20-րդ դարավերջին հայրենիքի համար զոհված կապանցի քաջորդիներին, ինչպես նաև` 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին:
Գրքի շնորհանդեսին ներկա էին Հատուկ նշանակության գնդի զինծառայողները (որտեղ 1992-94թթ. ծառայել է նրա որդին՝ Աշոտ Չախոյանը՝ գնդի առաջին հերոսը), գրողի հարազատները, ընտանիքի անդամները, գործընկերները, կապանցիներ, զոհված քաջերի ծնողներ:
Բացման խոսքը վստահված էր Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Աիդա Թոփուզյանին, որը շատ հակիրճ ներկայացրեց գրող Գոհար Մարտիկյանին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը: Նա շնորհակալություն հայտնեց Գոհար Մարտիկյանին` ազգանվեր գործի, կատարած ահռելի աշխատանքի, նվիրման և նման մասշտաբի պատմական վավերագրությունը սերունդներին փոխանցելու համար:
Ավ. Իսահակյանի անվան գրադարանի աշխատակիցների պատրաստած փոքրիկ տեսաֆիլմ ցուցադրվեց գրքում ներկայացված հերոսների մասին: Ելույթով հանդես եկավ նաև դերասանուհի Գայանե Սամվելյանը:
Միջոցառման ավարտին Գոհար Մարտիկյանը շնորհակալություն հայտնելով ներկաներին, մասնավորապես, ասաց.
-Ինչպես բոլոր հատորներն եմ բնորոշում, այս մեկն էլ է շատ նվիրական ինձ համար: Սույն հատորում իմ կապանյան երկարատև գործուղումների արդյունքում ստեղծված հերթական վավերագրությունն է: Այս գրքերը ինքնանպատակ չեն: Ինչպես ելույթ ունեցողներից շատերն ասացին, իմ բոլոր հատորները ապրող և գալիք սերունդների համար կյանքի դասագրքեր են, որտեղ ներկայացված է մեր ապրելու իրավունքի համար հերոսացած հայորդիների կյանքի պատմությունը:
Կարող եմ ասել, թե ինչու պիտի կարդան «Ապրելու բանաձև» մատենաշարերը: Նախ՝ ասեմ, որ Արցախյան հերոսամարտը մեր պատմության ոսկեդարն է: Եվ պարտադիր է իմանալ շարքային զինվորի կռած հաղթանակի պատմությունը: Այստեղ կարևոր է նաև հայոց լեզվի դերը: Մեր հայերենը հնարավորություն է տալիս ամեն անգամ յուրովի ներկայացնել բնության, քարի ու ժայռի թրթիռը, հայրենիքի, մոր կարոտն ու սերը, զգացմունքներն ու հոգեվիճակը: Մեկ անգամ փորձեք անգլերեն թարգմանել: Կտեսնեք, որ այսքան զգացմունքային հնարավոր չէ ոչ մի լեզվով պատմել: Մեր մայրենին հնարավորություն է տալիս ասելիքը գեղեցիկ և ամեն անգամ յուրովի ներկայացնել հայ ընթերցողին:
ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ
Խորագիր՝ #08 (1230) 28.02.2018 - 06.03.2018, Հոգևոր-մշակութային