ԵՐԴՎԵՑԻՆ ՄՈՆԹԵԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ
ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում վաղ առավոտյան ոգեւորություն էր տիրում. նոր համալրված անձնակազմը պատրաստվում էր իրականացնել կարեւոր առաքելություններից մեկը, այն է՝ երդվել հանուն հայրենիքի: Խորհրդանշական էր անցկացման վայրը. Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անվան հրապարակում տիրում էր մոնթեաշունչ ոգին: Յուրաքանչյուր զինծառայողի համար մեծ հպարտություն է ծառայել այն պաշտպանական շրջանում, որտեղ կռվել եւ մարտնչել է հերոս հայորդին: Հնչում է «Զգա՛ստ, հավասարությունը դեպի կենտրոն» հանդիսավոր երթի հրամանը, որից հետո երաժշտության ներքո նորակոչիկները շարային քայլերթով անցնում են հրապարակով; Շփոթված, բայց հպարտության մեծ զգացումով նորակոչիկ զինծառայողները վայրկյան առաջ սպասում էին, թե երբ է գալու պահը՝ ծնողներին փաթաթվելու եւ կարոտն առնելու:
«Այսօր ինձ համար շատ կարեւոր օր է: Զինվոր դառնալու մասին վաղուց եմ մտածել: Հիմա արդեն զինվորական համազգեստը հագիս է, իսկ դա նշանակում է, որ ես էլ եմ դարձել հայրենիքի պաշտպաններից մեկը»,- ասում է նորակոչիկ Նորայր Դովլաթյանը:
Նորայրն ապագա դերասան է: Մինչ ծառայությունը հասցրել է նկարահանվել տարբեր ֆիլմերում: Ըստ նրա՝ դժվար է նոր միջավայրին հարմարվելը, այդուհանդերձ, բանակային առօրյան էլ է պետք` քեզ ու քո հնարավորությունները ճանաչելու, դժվարությունները հաղթահարելու նպատակով:
Երդման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաեւ միավորման հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանը: Շնորհավորելով նորեկներին՝ գնդապետ Հարությունյանը նրանց ցանկացավ բանակային հաջողություններ, անփորձանք ծառայություն. «Սիրելի՛ նորակոչիկներ, այսօր դուք ստանձնեցիք հայրենիքի պաշտպանի պատասխանատու գործը, եւ ձեր ծնողները հպարտ են ձեզնով: Պատրաստվածությամբ եւ մարտունակությամբ արդարացրե՛ք մեր եւ նրանց սպասելիքները»:
«Սիրելի՛ նորակոչիկներ, մեր սրբազան հողը հզոր ու անսասան է ձեր եւ ձեզ նման հայ զինվորների ըմբոստ ոգու, կամքի, քաջության ու անսպառ հայրենասիրության շնորհիվ: Հայ զինվորը պաշտպանեց մեր հողը, մեր տունը, իր արյունով գծեց մեր սահմանը: Հայ զինվորի շնորհիվ է, որ Արցախը` հայրենիքի այդ փոքր մասը, բազկի ու զենքի ուժով, դուրս շպրտելով թշնամուն, ազատագրվեց տասնամյակների գերությունից: Այժմ Հայկական բանակը ուժեղագույնն է տարածաշրջանում, եւ մենք բոլորս միասին պետք է լինենք ուժեղ, լինենք մարտունակ եւ պատրաստ պահպանելու եւ պաշտպանելու մեր հայրենիքը»,- ասաց N զորամասի հրամանատար Գեղամ Գաբրիելյանը:
Միջոցառմանը ներկա էր նաեւ զորամասի նորանշանակ գնդերեց Նարեկ սարկավագ Թորգոմյանը: Նա դիմելով նորակոչիկներին` ասաց, որ այսօր հայ իրականության մեջ հայ զինվորը մեծ գաղափար եւ սրբություն է. «Իմ սրտագին մաղթանքն ու ցանկությունն է, որ դուք այդ գաղափարի եւ սրբության կրողները լինեք: Աղոթքս է, որ Աստված միշտ իր ամենակարող աջի հովանու ներքո պահի եւ պահպանի հայոց սահմաններն ու հայ զինվորին»:
Հանդիսավոր միտինգի ավարտին նորակոչիկ զինծառայողներն անցան հանդիսավոր երթով, որից հետո նրանց տրվեց առաջին արձակման թերթիկը՝ հարազատների հետ ժամանակ անցկացնելու համար:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ
շարքային
Խորագիր՝ #08 (1230) 28.02.2018 - 06.03.2018, Ազգային բանակ