ԳՆԱՀԱՏԱՆՔ
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում փետրվարի 25-ին միջոցառում էր՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին և Արցախյան շարժման 30-ամյակին: Մինչ միջոցառման սկսվելը ներկաները նախ այցելեցին Հաղարծին վանական համալիր՝ մասնակցելու Սուրբ պատարագի, այնուհետեւ, արդեն վարժարանում, ծաղիկներ խոնարհեցին լեգենդար զորահրամանատար Մոնթե Մելքոնյանի հուշարձանի առաջ:
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն իր խոսքում նշեց, որ նմանատիպ հանդիպումները եւս մեկ առիթ են գնահատելու և վերաիմաստավորելու Արցախյան պատերազմում հաղթանակի հասած ազատամարտիկների վաստակը, նրանց ռազմահայրենասիրական գործունեությունն ու առաքելությունը. «Անկախ Հայաստանի կերտման գործում անուրանալի ավանդ ունի ներդրած ազատամարտիկը, որի կերպարի ձևավորումը ժառանգական իմաստաբանությամբ կապված է հայոց ինքնությունը և գոյությունը պահպանած մեր նախնիների արժանապատվության հետ: Եվ մեր նախնիների անձնազոհ սխրագործությունների շնորհիվ է, որ դիմացանք ժամանակի սպառնալիքներին և մարտահրավերներին ու հասանք այս օրերին: Եվ բնավ էլ պատահական չէ, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ երիտասարդ ժամկետային զինծառայողները Արցախյան պատերազմի ազատամարտիկների խրոխտ օրինակով արժանի հարված տվեցին հակառակորդին և ի զորու եղան հետ շպրտելու Թուրքիայում հատուկ պատրաստության անցած «Յաշմայի» ադրբեջանական հրոսակներին: …Այսօր հավաքվել ենք այստեղ պաշտպանության նախարարի հրամանով գերատեսչական մեդալներով պարգեւատրելու Արցախյան ազատամարտին մասնակցած, թիկունքային ապահովման խնդիրներին աջակցություն ցուցաբերած, բանակ-հասարակություն կապի ամրապնդման, երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրում ունեցած անձանց»:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շնորհավորելով ներկաներին՝ նշեց, որ պատահական չէ, որ պարգեւների հանձնումը տեղի է ունենում հենց Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում. «Ես ցանկանում էի, որ դուք ձեր աչքերով տեսնեք, թե ինչ պայմաններում է այսօր գործում վարժարանը, գիտեմ, որ դուք չափազանց կարեւորում եք ռազմահայրենասիրական դաստիարակությունը, գիտեք, որ միայն այս ճանապարհով մենք կարող ենք ունենալ վաղվա մեր հրամկազմը այն մակարդակով, որը վայել է հայոց բանակին»: Գերատեսչության ղեկավարը նշեց նաեւ, որ ռազմահայրենասիրական դաստիարակության անբաժան մասն է սաների շփումը ազատամարտի վետերանների, զինված ուժերի գեներալների հետ, որոնց օրինակով, նրանց անցած ուղիով պետք է ոգեւորվեն եւ առաջնորդվեն կրթօջախի սաները: Նախարարը հանգամանալից խոսեց նաեւ զինված ուժերում իրականացվող լայնածավալ բարեփոխումների մասին, մանրամասնեց հիմնական մոտեցումները, մատնանշեց այն անելիքները, որ առաջնահերթ են զինված ուժերի ամրապնդման առումով:
Միջոցառման ընթացքում ընթերցվեց նաեւ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհավորական խոսքը:
Համաժողովրդական զարթոնքի հուժկու սկզբից մինչեւ կամավորական ջոկատների ստեղծում, վեր պարզած բռունցքներից մինչեւ կայացած բանակ. Արցախյան շարժման, ազատամարտի դերի ու նշանակության մասին խոսեցին «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, «Արծիվ մահապարտների» միության ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, «Երդվյալ ազատամարտիկների» միության նախագահ Ռուբեն Գեւորգյանը:
Այնուհետև պաշտպանության նախարարը պարգևատրեց ազատամարտիկներին:
Հուզմունք, հպարտություն ու…. հիշողություններ:
Գեորգի Սարգսյան (Ժորա) -«Դավիթ Բեկ» ջոկատից եմ: Հրաշալի հրամանատարներ եմ ունեցել՝ Փիրումովը, Աշոտը, Պետրոսը Հակոբյան… Շարժումը թեժացավ, մենք էլ հայտնվեցինք ամենաթեժ կետերում՝ Նոյեմբերյան, Գետաշեն, Կարմիր… Էսօրվա պես ականջներիս մեջ Կոմանդոսի խոսքերն են. «ձՎՏսÿþ, ՐպոÿՑՈ, ՊպՐՋՌՑպրՖ»… Շուշին անպայման պիտի գրավենք, ասում էր:
Կռվում էինք հին հրացաններով, երանի էս օրերի զենքը լիներ… Հպարտ եմ մեր տղերքով.. Մի բան եմ շատ ուզում՝ էս տղերքը, որ էն օրերին հզոր էին, չխեղճանան ժամանակի դժվարություններից, արժանավոր ու արժանապատիվ ապրեն, լինեն գնահատված…
Վահան Վարդանյան. -Տաշիրում եմ ապրում, բայց ծնունդով Միրզիկ գյուղից եմ, ծննդավայրս այսօր ադրբեջանցիների ձեռքում է: Խորհրդային բանակի զինվոր էի, հասանելիք արձակուրդս էի ստացել ու առանց իմանալու, թե ինչ իրավիճակ է տիրում մեր երկրում, գնացի հայրենի գյուղ… Մեր տանը ադրբեջանցիներն էին…
Խորհրդային բանակում ծառայությունս ավարտեցի, եկա, միացա կամավորական շարժմանը, ջոկատի կրտսերն էի, ու տղերքը հաճախ արգելում էին կռիվների մասնակցել, ասում էին՝ երիտասարդ ես, մինչև սերունդ չունենաս… Ապրիլյանին էլ եմ մասնակցել: Տղաս էլ այդ ժամանակ ժամկետային էր: Մնացի սահմանագծում այնքան, մինչև կամավորներին տրվեց ընդհանուր հրաման դիրքերից իջնելու: Բայց հոգուս խորքում դեռ չավարտված պատերազմ կա. երազում եմ կորցրած ծննդավայրս հետ վերադարձնել, սիրտս ցավով լիքն է: Հայրս մահացավ հայրենի եզերքի կարոտը սրտում: Մորս խոսքուզրույցը միայն այդ ուղղությամբ է՝ իմ տունը, այգին… Ինչ ասեմ՝ կյանքը մի կարճ պահ է, բայց հավատս չի մարում… Այսօր մեդալ եմ ստացել, զգացված եմ պարգեւի համար, բայց, անկեղծ ասեմ, գնահատանքի մասին չեմ էլ մտածել, գնացել եմ սրտիս կանչով:
Աշոտ Քոչարյան – Լոռու երկրապահի մարզխորհրդի փոխնախագահ. -Երբ շարժումն սկսվեց, ծառայում էին Խորհրդային բանակում, սպա էի, Կալինինգրադի ինժեներական բուհն եմ ավարտել: Տեղափոխվեցի հայրենիք, ընդգրկվեցի Վանաձորի ջոկատում, ես սակրավոր էի, սակրավորների ջոկ կազմավորեցինք եւ միշտ այնտեղ էինք, ուր մեր կարիքը կար: Տարիներն ակնթարթի պես անցան, ամեն մեկս հիմա իր գործերով, իր հոգսերով է: Ամեն հանդիպելիս ուրախանում ենք, հազար բան մտաբերում: Ծիծաղում ենք, հուզվում, բայց ամենից շատ հպարտանում ենք՝ կայացած, հզոր բանակ ունենք… Բանակն էլ մեր երեխան է, որի ամեն հաջողությունից սիրտներս փառավորվում է:
Ես երկու տղա ունեմ, երկուսն էլ ծառայել են, փոքրս՝ Ջոնը, ապրիլյան պատերազմի մասնակից է, ես էլ մարզի կամավորական ջոկատի կազմում գնացի այդ օրերին ու կանգնեցի տղայիս, նրա զինակից ընկերների կողքին: Ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ այսօր հայ զինվորը ամուր, հաստատուն կանգնած է սահմանին՝ արժանի հերթափոխ ունենք… Մեր բանակի հզորացումը նկատում եմ ամեն քայլափոխի. այսօր էլ Մոնթե Մելքոնյան վարժարանում տեսա, թե ինչ պայմաններում են կրթվում մեր ապագա զինվորականները, ինչ ասեմ՝ հպարտություն է սրտումս…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #08 (1230) 28.02.2018 - 06.03.2018, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում