ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԻՐ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ
* Հայոց զինուժը անակնկալի է բերել Ադրբեջանի ղեկավարությանը:
* Ադրբեջանը վախենում է նավթային ենթակառուցվածքների ոչնչացումից:
* Ռուսաստանը զգուշացնում է Ալիեւին:
«Արկերի պայթյունը լսվում է Աղջաբեդում»
Ադրբեջանում լուրջ անհանգստություն է առաջացրել Ակնայի շրջանում (ԼՂՀ կառավարության որոշմամբ վերջերս այդպես է անվանվել Աղդամի շրջանը) Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ լայնամասշտաբ զորավարժությունը, որն անցկացվեց նոյեմբերի 1-12-ը, եւ որի` մարտական կրակով եզրափակիչ` հինգերորդ փուլին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ:
ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Լեւոն Մնացականյանի խոսքով, զորավարժությունն անցկացվել է ոչ միայն զինծառայողների մասնագիտական հմտությունները ինչպես պաշտպանական, այնպես էլ հակահարձակողական մարտում կատարելագործելու նպատակով, այլեւ նկատի ունենալով Ադրբեջանի ղեկավարության հաճախակի դարձած ռազմատենչ հայտարարությունները, որպեսզի հակառակորդը զգա, որ գործ ունի ամեն ինչով ապահովված, լավ սպառազինված եւ արհեստավարժ բանակի հետ («regnum.ru», 08.11.2010):
Այս խնդիրը կարելի է համարել լուծված. ադրբեջանական «Ապա» լրատվական գործակալության հաղորդմամբ, ադրբեջանա-ղարաբաղյան սահմանին հարող տարածքի ադրբեջանական բնակչությունը պարզորոշ լսել է արկերի պայթյունների, զրահատեխնիկայի, մարտական ուղղաթիռների ձայները: Հիմնվելով ադրբեջանցի բնակիչների վկայությունների վրա` գործակալությունը տեղեկացնում է, որ «սա հայկական ԶՈՒ ամենախոշորամասշտաբ զորավարժությունն էր` զինադադարի մասին պայմանագրի ստորագրման օրից ի վեր» («regnum.ru», 13.11.2010):
Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչների այս գնահատականը վկայում է, որ զորավարժությունը հոգեբանական ճնշող ազդեցություն է թողել նրանց վրա: Զորավարժությունից տպավորված է նաեւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչի վկայությունն է Ադրբեջանի պաշտպանության նախարարության արձագանքը. թշնամի երկրի ՊՆ մամուլի քարտուղարը փորձել է նսեմացնել ԼՂՀ ՊԲ զորավարժության մասշտաբը` այն անվանելով… «մանկական խաղ»:
Ադրբեջանի ՊՆ-ին զարմացրել է այն, որ այս տարի ԼՂՀ ԶՈՒ անցկացրել են «մեկ տասնյակից ավելի» զորավարժություններ: Քանի որ զորավարժությունների այդքան հաճախակի անցկացումը Ադրբեջանին անհնար է թվում` նախապատրաստական լուրջ աշխատանքի եւ ծախսատար լինելու պատճառով, նրա ղեկավարությունը չի հավատում, որ ԼՂՀ-ում դրանք կազմակերպվել եւ անցկացվել են ռազմագիտության բոլոր չափանիշներին համապատասխան («1news.az», 13.11.2010):
Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում, թե որտեղի՞ց հայկական կողմին այդքան գումար եւ այդքան վարպետություն` լայնամասշտաբ զորավարժություններ հաճախակի կազմակերպելու համար: Չհասկանալով` նա թերագնահատում է հակառակորդին` հայերի ռեակտիվ հրետանու հուժկու համազարկերն անվանելով «մի քանի կրակոց», զորավարժությունը` «խաբելու նպատակով կատարված զորաշարժ», եւ «5-6 տանկ» անվանելով զրահատեխնիկայի այն քանակը, որի հռնդյունը լսելի է Աղջաբեդ շրջկենտրոնում:
Ադրբեջանի 6 վախերը
Ադրբեջանցի հեղինակների ռազմաքաղաքական վերլուծություններից ակնհայտ է, որ թշնամի երկրում լրջորեն վախենում են ԼՂ հիմնախնդրի շուրջ քաղաքական զարգացումներից եւ պատերազմի կործանարար հետեւանքներից: Այսպես, Ռիզվան Հուսեյնովի հոդվածից («regnum.ru», 10.11.2010) կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանում վախենում են…
ա) ԼՂ հիմնախնդրի լուծման ձգձգումից. Ադրբեջանում հասկանում են, որ ժամանակն աշխատում է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման օգտին, ուստի ամեն գնով փորձում են կանխել դա: Վերլուծաբան Մանվել Սարգսյանի կարծիքով, Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հռետորության գլխավոր նպատակը ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը խոչընդոտելն է:
բ) պատերազմի հետեւանքով Ադրբեջանի` որպես նավթագազային եւ տարանցիկ երկրի գրավչության կորստից: Հազիվ թե Ադրբեջանը պատերազմի ռիսկի դիմի` վտանգելով իր երկրի ապագան:
գ) Ռուսաստանի` Հայաստանին ռազմական օգնություն ցույց տալուց: Դրա շնորհիվ Հայաստանը կարող է «զսպել» Ադրբեջանին:
դ) Ռուսաստանի համար Հայաստանի` Ադրբեջանից ավելի կարեւոր գործընկեր լինելուց: Ադրբեջանը Ռուսաստանի համար կարեւոր է, քանի դեռ նավթ ու գազ ունի, այսինքն` առավելագույնը եւս 20-25 տարի: Երբ այս գործոնը վերանա, ռուս-ադրբեջանական հարաբերություններում կմնա միայն ադրբեջանցիների հակակրանքը ռուսների նկատմամբ: Չմոռանանք, որ ադրբեջանական ժողովրդական «Ղաչաղ Նաբի» չափածո պատումի` դաստանի մեջ արտացոլված է «19-րդ դարի վերջում ադրբեջանական ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը ռուս գաղութարարների դեմ»: Դաստանի գլխավոր հերոսը` Ղաչաղ Նաբին, 1870-90-ական թթ. կռվել է ռուսների դեմ, եւ այդ իրադարձությունները մտել են ադրբեջանական ժողովրդի բանահյուսության մեջ (http://www.shax-dag.ru/forum/index. php?showtopic=1931): Նկատենք, որ հայկական բանահյուսության մեջ հակառուսական թեմաներ չկան:
ե) պատերազմի դեպքում նավթամուղների եւ գազամուղների ոչնչացումից: Ադրբեջանն ինչքան ավելի ներգրավվի նավթի ու գազի արտահանման միջազգային ծրագրերում, այնքան կորցնելու ավելի շատ բան կունենա, ինչը նրան հետ կպահի պատերազմի արկածախնդրությունից: Արցախի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը կհանգեցնի հայկական կողմի պատասխան հարվածներին: Թիրախ կդառնան նախեւառաջ Ադրբեջանի արդյունաբերական օբյեկտներն ու բնակավայրերը:
զ) հնարավոր պատերազմի մեջ Ռուսաստանի ներքաշման հեռանկարից, Ադրբեջանի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններից: Ադրբեջանում անխուսափելի են համարում պատերազմի դեպքում Հայաստանի դեմ ռազմական գործողությունները: Քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ապա դրան կհետեւի Ռուսաստանի միջամտությունը:
Զգուշացումներ Ռուսաստանից
Նկատենք, որ ռուսական մամուլում արդեն իսկ զգուշացումներ են հնչում Ադրբեջանի հասցեին: Վերջին օրերին միանգամից «Նեզավիսիմայա գազետա», «Պրավդա» թերթերը, Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը եւ քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը արձագանքեցին Իլհամ Ալիեւի` նոյեմբերի 7-ին արած ռազմատենչ հայտարարությանը: Արձագանքների էությունը մեկն էր` եթե Ադրբեջանը Արցախի դեմ պատերազմ սանձազերծի, ապա Ռուսաստանը դիտորդի դերով չի սահմանափակվի:
«Նեզավիսիմայա գազետան» ներկայացնում է ռազմական փորձագետների կարծիքը, որոնց համաձայն` ԼՂՀ ՊԲ-ն ավելի ուժեղ է, քան ադրբեջանական բանակը: Թերթը մեջբերում է նաեւ գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարի այն կարծիքը, թե Կոսովոյի անկախության միջազգային ճանաչումից հետո հայկական կողմը կարող է պահանջել նաեւ ԼՂՀ անկախության ճանաչումը («ng.ru», 10.11.2010):
«Պրավդան» գրում է, որ «Ի.Ալիեւն ակնհայտորեն գլխից բարձր է թռչում», եւ որ հայկական հողերն ադրբեջանական հայտարարելն «առնվազն կոռեկտ չէ»: Թերթը Ադրբեջանի իշխանություններին նմանեցնում է անեկդոտի կովբոյին, ով երկու անգամ փորձում է նույն գետը մտնել, եւ զգուշացնում. «Բաքուն պետք է հիշի, որ թե՛ Բրյուսելը, թե՛ Վաշինգտոնը նրան չեն տրամադրի նույնիսկ այն նվազագույն օժանդակությունը, որը ստացել է Վրաստանը 2008թ.»: Թերթը հիշեցնում է, որ Հայաստանում տեղակայված են ռուսական ռազմաբազաներ, եւ, ինչպես Հարավային Օսիայում եղավ, «Ռուսաստանն իր դաշնակցի վրա հարձակման դեպքում անմասն չի մնա» («pravda.ru», 10.11.2010):
Նիկոլայ Ռիժկովը Երեւանում հայտարարեց. «Մենք մտադիր չենք կողքից դիտել կամ չտեսնելու տալ, թե ինչպես է գործը հասնում ուժի կիրառմանը» («panorama.am», 11.11.2010): Իսկ քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը իր հոդվածում գրում է, որ «ամեն ինչ չափ ու սահման ունի, այդ թվում եւ ռազմատենչ հայտարարությունները», եւ որ պատերազմի դեպքում Ադրբեջանի հաղթելու հնարավորությունները «մշուշոտ» են: «Պատերազմով հարցը չի լուծվի»,- եզրակացնում է քաղաքագետը («armtoday.info», 11.11.2010):
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ