Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐ՝ ՀԱՆՈՒՆ ՑԱՆԿԱԼԻ ԱԹՈՌԻ



ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐ՝ ՀԱՆՈՒՆ ՑԱՆԿԱԼԻ ԱԹՈՌԻՍկիզբը՝ նախորդ համարում

 

Խոջալուն դարձնելով շահարկման առարկա` ադրբեջանցիները, ավելի ստույգ՝ ԺողՃակատը` Էլչիբեյի գլխավորությամբ,  հետագայում էլ հայր և որդի Ալիևները,  դրանով, ինչպես ասում են, մի ձեռքով երկու ձմերուկ էին բռնում, նախ՝ երկրի նախագահի բաղձալի աթոռին տիրանալու համար ժողովրդի թշնամի հայտարարեցին և  իշխանությունից հեռացրին  գործող նախագահ Այազ Մութալիբովին,  և հետո` Բաքվում ու Սումգայիթում, Կիրովաբադում ու Մարաղայում, Ադրբեջանի այլ բնակավայրերում հայ բնակչության նկատմամբ իրագործված ցեղասպանությանը հակակշիռ ստեղծելու նպատակով շինծու մեղադրանքներ վերագրեցին հայերին, թե՝ նրանք էլ Խոջալուում են սպանդ արել։ Այդ կեղծիքն  ապացուցելու համար  ադրբեջանցիները  հավաքել են աշխարհի տարբեր մասերում  տեղի ունեցած վայրագ սպանությունների լուսանկարներ, մոնտաժել, կցել-կցմցել  ու իրենց նպատակներին ծառայեցնելու համար տարբեր լեզուներով  հրատարակելով` տարածում  են աշխարհով մեկ`  հայերին մեղադրելով ցեղասպանության մեջ։ Այսինքն, ճիշտ այնպես, ինչպես այսօր իրենց եղբայր թուրքերն են վարվում իրենց կողմից բռնազավթված հայկական տարածքներում հայտնաբերված զանգվածային թաղումների հետ` հայտարարելով, որ դրանք հայերի ձեռքով սպանված թուրքերի մարմիններն են, հայերը Թուրքիայում ցեղասպանություն են իրականացրել։

Ճշմարտության հրապարակման զոհ է դարձել նաև «Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովը`  անհայտ չարագործի ձեռքով 2005թ. մարտի 2-ին սպանվելով իր տան շեմին: Խորհրդավոր հանգամանքներում զոհվել են նաև ավելի քան 10 հոգի, որոնք, ծառայության բերումով, Խոջալուի դեպքերի ականատեսն են եղել և կարող էին իշխանությունների հնարած առասպելներին հակառակ բացահայտումներ անել:      

Ահա թե ինչ է գրում  Ադրբեջանում հայտնի վերլուծաբան Էլմար Հուսեյնովը «Մոնիտորում» տպագրված հոդվածներից մեկում.

«Այսօր Ադրբեջանում նշում են մահվանից հետո որդու կողմից  «համաժողովրդական առաջնորդ» հռչակված  Հեյդար Ալիևի մահվան 6-րդ տարելիցը: Ասում են՝  մեռյալների հետևից կամ լավը, կամ ոչինչ։ Քանի որ  ամենամեծ ցանկության դեպքում անգամ  Հեյդար Ալիևի մասին լավ բան ասել հնարավոր չէ, ավելի լավ է՝  պահենք ավանդույթն ու լռենք, չնայած  լռելն այս դեպքում այնքան էլ հեշտ չէ։ Բայց կլռենք։ Կլռենք նրա «երկակի» ծնունդի, դասալքության, փաստաթղթեր կեղծելու  մասին, որի շնորհիվ  հաջողացրեց  ճողոպրել Հիտլերի դեմ կռվող Խորհրդային բանակ զորակոչվելուց, չենք հիշի նրա ազգության մասին, չենք պատմի նրա հարյուրավոր ընդդիմախոսների մասին, որոնք խորհրդավոր պայմաններում արագորեն անհետանում են ասպարեզից կամ ոչնչացվում, չենք պատմի նրա կողմից կազմակերպված Խոջալուի բնակիչների կոտորածի, ռազմական հեղաշրջման մասին։ Մի խոսքով, մենք կլռենք… Կլռենք, քանի որ նա մահացած է, իսկ մեռյալների մասին, ինչպես ասացինք, կամ լավը, կամ ոչինչ»։

Իսկ երկար բացակայությունից հետո 2014 թվականին Բաքու ժամանած Այազ Մութալիբովը մամուլի ասուլիսում կրկնել ու հաստատել է 1992-ին «Նեզավիսիմայա գազետային» ասածն ու հավելել. «Ինչպես ասում են այն խոջալվեցիները, որոնք փրկվել են, այդ ամենը կազմակերպված է եղել, որպեսզի առիթ լինի իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժ է գործել նախագահին վարկաբեկելու համար։ Ես չեմ կարծում, թե հայերը, որոնք շատ ճշտորոշ և գործիմացությամբ էին վարվում նման իրավիճակներում, կարող էին թույլ տալ ֆաշիստական գործողություններ, որպեսզի փաստ լինի ադրբեջանցիների ձեռքում… Եթե ես հայտարարեմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, կարող են ասել, թե ես նրանց զրպարտում եմ։ Բայց դատողությունների ընդհանուր ֆոնն այնպիսին է, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից, այնուամենայնիվ, թողնված է եղել։ Այդ դեպքում նրանք ինչո՞ւ պետք է կրակեին։ Առավել ևս, Աղդամին մոտ տարածքում, որտեղ այդ ժամանակ բավականաչափ ուժեր կային, որպեսզի դուրս գային և օգնեին մարդկանց»:

Ադրբեջանցիների հորինած «Խոջալուի ցեղասպանության» առասպելի կարևոր դրվագներից մեկն էլ տուժածների մասին տվյալներն են: Ազերիներն այնքան անհաջող էին պատրաստել այդ մեծ սուտը, որ ոչ միայն իրենց հայրենակիցներից ոմանք չէին հավատում դրան, այլև մինչև հիմա չպարզված է մնում զոհվածների, վիրավորների, անհայտ կորածների ու գերիների ստույգ թիվը: Հենց սկզբից ադրբեջանական իշխանություններն ու լրատվամիջոցները սկսեցին մեկը մյուսին հրմշտել ու հակասել իրար` կարծես ձգտելով մեկը մյուսից ավելի մեծ ու պերճախոս թվեր ներկայացնել համաշխարհային հանրությանը` այդպիսով փորձելով ընդլայնել «հայերի իրականացրած ցեղասպանության» ծավալները:

Փետրվարի 26-ի առավոտյան Ադրբեջանի ԳԽ նախագահ Է. Ղաֆարովան հայտարարել էր ընդամենը 2 զոհի և գրոհի հետմղման մասին: Որոշակի լռությունից հետո ՆԳ նախարար Քերիմովը «Ինտերֆաքսին» հաղորդեց հետևյալ թվերը` 100 սպանված, 250 վիրավոր ու շուրջ 300 անհայտ կորած: Բաքվի իշխանությունները, լավ գիտակցելով, որ ողբերգությունը ձեռնտու էր ԱԺՃ-ին, համաշխարհային հանրության առաջ իրենց սլաքներն ուղղեցին հայերի դեմ: Ադրբեջանական քարոզչամեքենան գործի անցավ. «Քաղաքի գրոհը սկսվել է երկժամյա հրետանային նախապատրաստությամբ, որն իրականացվում էր տանկերից, զրահատեխնիկայից և «Ալազան» տիպի կայանքներից: Խոջալուն շրջափակված էր երեք կողմերից, և մարդիկ փորձում էին փրկվել Ասկերանի ուղղությամբ: Բայց շուտով հասկանալի դարձավ, որ դա եղել է ծուղակ: Նախիջևանիկ գյուղի մերձակայքում հայկական կազմավորումները կրակ են բացել անզեն մարդկանց վրա… Սպանվել է 613, վիրավորվել 487 մարդ…»: «Բակինսկի ռաբոչին» (28.02.1992) գրել է. «…Ականատեսների խոսքերով` փետրվարի 26-ը իրենցից շատերի համար դարձել է կյանքի վերջին օրը… Կանայք, երեխաներն ու ծերերը փրկության ապաստան գտնելու համար շտապել են Աղդամ: Բայց ճանապարհին` Նախիջևանիկ գյուղի մոտ, նրանց կրկին դիմավորել են գնդակները: Եվ այստեղ զոհվել են մարդիկ, նրանց մարմինները մնացել են ևս մի ողբերգության վայրում… Աղդամի հիվանդանոցը լի է վիրավորներով. այստեղ միայն խոջալվեցիների թիվը մոտ 120 է»: Փաստորեն, «Բակինսկի ռաբոչին» էլ է վկայում, որ իրենց հայրենակիցները սպանվել են հայկական դիրքերից շատ հեռու տարածքում, բնականաբար, ադրբեջանցիների կրակոցներից… Մարտի առաջին շաբաթում ադրբեջանական ու թուրքական ԶԼՄ-ի, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնյաների հաղորդմամբ՝ արևմտյան պարբերականներում տվյալներ հայտնվեցին հազարավոր սպանվածների մասին: Դեպքերից 5 օր անց ադրբեջանական «Իսսա Իրադե» գործակալությունը հայտնել է, որ հատուկ ջոկատներն արդեն հայտնաբերել են 1234 դիակ: Այս «փաստը» անմիջապես վերատպել է թուրքական «Միլիեթը»: Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ռասիմ Աղաևը, վկայակոչելով Խոջալուի քաղաքապետ Մամեդովին, հաղորդել է հազարավոր զոհերի, մի քանի հազար վիրավորների, 1500 անհայտ կորածների մասին: Մարտի 2-ին «Հանուն Ադրբեջանում դեմոկրատական բարեփոխումների և մարդու իրավունքների» շարժումը Մոսկվայում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին է հանձնել «Աշխարհի ժողովուրդներին» դիմումը, որտեղ ասվում է. «1992թ. փետրվարի 26-ի գիշերը հայկական ազգային բանակը ԱՊՀ 366-րդ գնդի մասնակցությամբ երկրի երեսից սրբել է Խոջալու քաղաքը: Այդ գիշեր սպանվել է 1324 ադրբեջանցի»: Ամերիկացի Թ. Գոլտցը իր գրքում որպես զոհվածների թվի պաշտոնական տվյալ է նշել 478-ը: Նրա ասելով` Աղդամի մզկիթի մոլլա Սադիխ Սադիխովը իրեն ասել է, որ հենց այդքան դիակ է թաղվել քաղաքում: Դեպքերից ուղիղ մեկ ամիս անց` 26.03.1992-ին, «Ղարաբաղ» թերթը գրել է, թե փախստականներին օգնող հանձնաժողովը նպաստ է բաժանել 476 զոհերի ընտանիքներին: «Մեմորիալի» դիտորդները, հիմնվելով փախստականների պատմածների վրա, գրել են, որ կրակահերթերի տակ հայտնված խոջալվեցիները ցրվել են: Մի մասը կարողացել է հասնել Աղդամ, մի մասն էլ` հիմնականում կանայք ու երեխաներ, սարերով թափառելու արդյունքում ցրտահարվել է, Աղդամ հասածների վկայությամբ` որոշներն էլ գերվել են Նախիջևանիկ ու Փրջամալ (Վարդաձոր) գյուղերի մոտ: Հետագայում հայերի կողմից ադրբեջանցիներին հանձնված փախստականները պատմել են, թե իրենք` կանայք, երեխաներն ու տղամարդիկ, պահվել են որպես «փոխանակման հումք» (իրականում փոխանակվել են միայն գերված ազերի զինյալները, մյուսները բաց են թողնվել առանց նախապայմանի):

Միանգամայն հասկանալի է, որ ադրբեջանցիները հակասական ու առավել ուռճացրած թվեր են ներկայացրել նաև միջազգային ատյաններին: Մարդասիրական կազմակերպություններին ուղղված դիմումներում խոսվում է 3000-3500 զոհերի մասին:

Ադրբեջանական պոչավոր ստերի  գլուխգործոցն է այն, որ Բաքվում խոջալվեցիների զանգվածային սպանությունների մասին լուրերն սկսել էին շրջանառվել փետրվարի 25-ի երեկոյան` հայերի գրոհից դեռ ժամեր առաջ: Ուրեմն` ինչ-որ մեկը խիստ շահագրգռված էր` բոթը վայրկյան առաջ ժողովրդին հասցնելու ու մայրաքաղաքում պայթյունավտանգ իրավիճակ ստեղծելու, իշխանությունն օր առաջ զավթելու համար:

Եթե ասվածին հավելենք նաև այն, որ հայր Ալիևի հանձնարարությամբ ստեղծված Խոջալուի դեպքերն ուսումնասիրող պետական հանձնաժողովի գործունեությունն իր իսկ հրահանգով  օրեր անց կասեցվեց, ու հավաքված նյութերի վրա դրվեց «խիստ գաղտնի» պայմանանիշը, ապա ամեն ինչ պարզ կդառնա…

Մի բան անվիճելի է. Խոջալուի անմեղ զոհերի մեղավորները Ադրբեջանում նախագահի բաղձալի աթոռին ձգտողներն ու նրանց դրածոներն են:    

 

ԱՍՔԱՆԱԶ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ռազմական վերլուծաբան

Խորագիր՝ #09 (1231) 07.03.2018 - 13.03.2018, Պատմության էջերից


07/03/2018