Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՏՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ



ՊԵՏՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸՍկիզբը՝ նախորդ համարներում

 

Գումարտակի հիմնական ուժերը թողնելով ռեզերվում՝ Պետոն այդ փոքրաքանակ ուժերով, արցախյան զորամասերի համագործակցությամբ, ձեռնարկում է մի այնպիսի մարտական գործողություն, որի արդյունավետ իրագործման դեպքում Արցախի բանակի տնօրինության ներքո պիտի դարձյալ հայտնվեին մինչեւ Օմարի լեռնանցքն ընկած տարածքները:

Փետրվարի 11-ին, ըստ մշակված ծրագրի, սկսվում է արցախյան մարտական ուժերի ընդհանուր հարձակումը: Առաջին հաջողությունները, հարձակումից մի փոքր անց, նկատվում են աջ թեւում, ուր գործում էին Մարտակերտի ու Ստեփանակերտի ջոկատները: Գրոհող զորախմբերին կրակով աջակցելու համար Պետոն հրամայում է բարձունքներից մեկի վրա տեղադրել գնդացիրները, այդ թվում՝ նաև հաստոցավոր «ԴՇԿ» եւ «ԱԳՍ», եւ տեղացող հարվածներով հակառակորդին գամել իրենց խրամատներում:

Սրընթաց գրոհով խորտակելով հակառակորդի դիմադրությունն ու սարի աջ կողմից բարձրանալով և մեկը մյուսի հետեւից մաքրելով ադրբեջանցիների հենակետերը՝  2071 բարձունքի կենտրոնին է մոտենում Մամիկոնի ջոկատը: Պետոն անձամբ առաջնորդելով մյուս զորախումբը՝ ճակատային գրոհով հաղթահարում է խոչընդոտող արգելքները, դեռ մութը չընկած՝ բարձրանում է սարի կենտրոնն ու միանալով Մամիկոնի տղաներին՝ դիրքավորվում գրավված հենակետերում: Առաջին օրվա մարտերի արդյունքները գերազանց էին: Երկու ուղղությամբ՝ աջից ու կենտրոնից ձեռնարկած հարձակումներով գումարտակի գրոհային ջոկատներն առանց զոհերի ու անգամ առանց վիրավորների, գրավում են  2071 բարձունքը և մաքրելով այդ տարածքը թշնամու ուժերից, պատրաստվում հաջորդ օրն ևեթ, անհապաղ զարգացնելու առաջխաղացումը:

«Մենք,- նշում են գրոհի մասնակիցները,- կարող էինք բարձունքը գրավել նույնիսկ ցերեկը, բայց այդ դեպքում, քանի որ հակառակորդի դիրքերից մեր տեղաշարժերը պարզորոշ երևում էին,  ապա նրանք կարող էին  դիպուկ հարվածներ տեղալ մեզ վրա եւ զգալի կորուստներ պատճառել հարձակվողներիս:  Ահա այդ կարեւոր հանգամանքը հաշվի առնելով՝ Պետոն որոշեց զուտ մեր անվտանգությունն ապահովելու և զոհեր տալուց խուսափելու նպատակով բարձունքը գրոհել երեկոյան: Այդպես էլ եղավ, մենք ցերեկով մոտեցանք բարձունքին, և երբ մութն ընկավ, ու փակվեց թշնամու տեսադաշտը՝ լուսարձակ գնդակների արձակած հրացոլքերի ուղեկցությամբ գրոհեցինք բարձունքը և գրավեցինք այն»:

Առանց մեծ ջանքերի Պետոն կարողանում է շնորհիվ ճիշտ մարտավարության ու արագ տեղաշարժերի՝ ապակողմնորոշել հակառակորդին և նրան թելադրել իր կամքը: Չիչագլի սարի հենակետերում դիրքավորված հակառակորդի հիմնական խմբավորումը, կտրվելով հաղորդակցության ուղիներից, հայտնվում է շրջափակման մեջ:

Հարձակման առաջին օրվա արդյունքները գերազանց էին:

Աջ թեւում Մարտակերտի Արշոյի գումարտակը գրավում է Բաղրլուի բարձունքները: Իրենց առաջադրանքները շատ լավ են կատարում նաեւ Ստեփանակերտի գնդի և Իլյիչի գլխավորած գումարտակի զինվորները: Հենց առաջին օրվա ձեռք բերած փայլուն հաղթանակներով արմատական բեկումը ռազմաճակատի հիշյալ հատվածում արդեն կայացած էր: Անհրաժեշտ էր այն արագորեն զարգացնել ու ամրապնդել:

Ըստ համաձայնության՝ Պետոն թիկունքն ապահովելու համար սարի վրա թողնում է մի փոքրիկ խումբ ու հիմնական ուժերով իջնելով բարձունքներից՝ հարձակվում է Բաղրսաղ, ապա Յանշաղ գյուղերի ուղղությամբ, ուր պետք է միանար Արշոյի առաջնորդած գումարտակին:

Հարկ է նշել, որ Չիչագլի սարի հենակետերը հայտնվելով թիկունքում՝ մեկուսացվել էին ու արդեն ոչ մի վտանգ չէին ներկայացնում: Դեպի Բաղրսաղ գյուղը ձգվող ճանապարհներն ու բլուրները ադրբեջանցիները բավականին լավ ամրացրել էին: Սարից մինչեւ գյուղն ընկած տարածությունը հաղթահարելու համար գումարտակը պետք է կոտրեր այդ տարածքում տեղաբաշխված ադրբեջանական առանձին հենակետերի դիմադրությունը: Պետոն դարձյալ կազմակերպում է հակառակորդի դիրքերի հետախուզումը ու նոր միայն ջոկատներն առաջնորդում գրոհի: Պարզվում է, որ հակառակորդի զինվորները մի քանի դիրքեր արդեն թողել էին, խուճապն ընդգրկել էր ամբողջ ռազմաճակատը: Շուտով Չիչագլիի լեռնագագաթներին կործանման դատապարտված ադրբեջանցիները, հայտնվելով անելանելի վիճակում, ճարահատյալ փոքր խմբերով լքում են դիրքերը: Լեռնալանջերից դեպի գյուղն ընկած ճանապարհների վրա թշնամուն «դիմագրավելու» նպատակով Պետոն փոքր խմբերի մասնակցությամբ կազմակերպում է ծուղակ:

Թշնամու դիմադրությունը գնալով նվազում էր: Նույնիսկ այն տարածքներում, ուր դեռեւս գործում էին հակառակորդի հենակետերը, ադրբեջանցիները արցախյան ուժերի առաջին իսկ հարվածներից սարսափահար լքում են դիրքերը: Պետոն մեկը մյուսի հետեւից հաղթահարելով ադրբեջանցիների պաշտպանական դիրքերի դիմադրությունը՝ արագորեն մոտենում է Բաղրսաղ գյուղին: Թշնամու զինվորները, գյուղում թողնելով զգալի քանակությամբ մարտական տեխնիկա,  հասցնում են փախչել:

Գումարտակի գրաված  2071 բարձունքից ներքև, դեպի հյուսիս-արեւմուտք, Բաղրսաղ գյուղն է: Այդ գյուղի միջով եւ  2071 բարձունքի հարևանությամբ անցնում է գումարտակի ուժերի կողմից չվերահսկվող միակ ճանապարհ-միջանցքը: Սարից ու բարձունքներից դեպի մյուս կողմերը ձգվող հնարավոր գրեթե բոլոր ուղղություններում տեղաբաշխված աննկատելի «ծուղակ հենակետերում» ամուր «նստել էին» բուժականցի Մուրադի գլխավորած դասակի և գումարտակի պահեստային զորաջոկատների մարտիկները: Համաձայն գործողության մարտավարության` շրջափակման մեջ հայտնված ադրբեջանցիները սարալանջերում եւ բարձունքներում գտնվող հենակետերը լքելու դեպքում անպայմանորեն պետք է անցնեին Բաղրսաղ գյուղի միջանցքով, իսկ հակառակ պարագայում կա՛մ բաժին կդառնային «ծուղակ հենակետերում» դիրքավորված մարտիկներին, կա՛մ էլ, եթե ծայրահեղ դեպքում փորձեին մնալ հենակետերում, ապա անխուսափելիորեն բաժին կդառնային ցրտին, սառնամանիքին ու սովին:

Պետոն գումարտակին  առաջնորդում է գյուղ եւ առանց որեւէ լուրջ դիմադրության հանդիպելու՝ գրավում այն: Գյուղը լքելիս ադրբեջանցիները այնտեղ թողնում են զգալի քանակությամբ զինամթերք և տեղի բնակիչներից մի քանիսին: Գերեվարած հակառակորդին ու ռազմավարը Արցախի բանակի տնօրինությանը հանձնելուց և մի փոքր հետախուզություն իրականացնելուց ու տեղանքը փոքր-ինչ ուսումնասիրելուց հետո Պետոն գումարտակով շարունակում է առաջխաղացումը:

Ադրբեջանցիների կողմից դիմադրություն փորձ գրեթե չէր նկատվում: Հայ զինվորների հուժկու հարվածներից բարոյալքված ու մարտունակությունը կորցրած ադրբեջանցիները, մեկը մյուսի հետեւից իրենց դիրքերը հանձնելով արցախյան զորախմբերին,  խուճապահար փախչում են:

Ադրբեջանցիների ուժերը, ղարաբաղյան հարվածներից մազապուրծ՝ լքում են իրենց դիրքերը և անցնելով Օմարի լեռնանցքը՝ Արցախի բանակի մարտիկների տնօրինությանը հանձնում լեռնաշղթայի ամրակուռ բարձունքները: Պետոն այս անգամ ևս, իր գլխավորած գումարտակով հրաշալիորեն է կատարում մարտական հույժ կարևոր առաջադրանքը: Գործելով ռազմաճակատի գլխավոր ուղղություններից մեկում՝ նրա գլխավորած զինվորները արցախյան զորամասերի համագործակցությամբ ջախջախում են Արցախը աքցանի մեջ վերցնելուն նպատակաուղղված Ադրբեջանի բանակի զորախմբերին ու նրանցից մաքրելով մինչեւ Օմարի լեռնանցք ընկած տարածքը՝ հուսալիորեն ամրապնդում Արցախի Հանրապետության  հյուսիսային սահմանը:

Այս գործողություններից հետո ճակատի առաջավոր դիրքերը թիկունքից արդեն զգալիորեն հեռացել էին: Լեռնալանջերին դիրքավորված մարտիկներին անհրաժեշտ էր ժամանակին ապահովել սննդով ու տաք հագուստով: Իր զինվորների պահանջներն ու կարիքները ժամանակին բավարարելու եւ հոգալու խնդիրները Պետոյի համար ամենաառաջնահերթն էր. մինչեւ խորապես չհամոզվեր, որ դիրքերում գտնվող զինվորներն ապահովված են բոլոր անհրաժեշտ միջոցներով, չէր կարող իրեն հանգիստ զգալ:

Թիկունքն առաջավոր դիրքերին կապող ասֆալտապատ  միակ ճանապարհը, որն անցնում էր Յանշաղ ու Ղամիշլի գյուղերով, ձյան պատճառով տեղ-տեղ դեռեւս խցանված էր: Անհրաժեշտ էր բացել այդ ճանապարհը և ժամանակին լուծել դիրքերում գտնվող զինվորների մատակարարման խնդիրները: Պետոն փետրվարի 14-ին այդ նպատակով Յանշաղից իջնում է Ղամիշլի, ապա շարժվում դեպի Գյանջա-Քելբաջար ճանապարհահատվածի  խաչմերուկի ուղղությամբ: Գյանջա տանող ճանապարհին, խաչմերուկից 6-7 կմ հեռավորության վրա հանդիպում է շտապ օգնության մեքենայի ու նրա շուրջը խմբված զինվորների պատմածներից տեղականում, որ նրանց հանձնարարված է մարտադաշտից դուրս բերել Արցախի բանակի այդտեղ մնացած վիրավոր զինվորներից մեկին: Բայց քանի որ ճանապարհը հակառակորդի կողմից ականապատված էր, ապա շտապ օգնության մեքենայի սպասարկող անձնակազմը, երկյուղելով ողբերգական հետևանքներից, չէր համարձակվում առաջ շարժվել, իսկ մարտադաշտում նրանց օգնությանն էր սպասում վիրավոր զինվորը:

Հայրենյաց նվիրյալ զինվորը, չնայած սպառնացող ստույգ վտանգին, չէր կարող անտարբեր լինել զինակիցներից օգնություն հայցող, մարտադաշտում միայնակ մնացած մարտիկի նկատմամբ: Նա վարորդի փոխարեն անվարան նստում է շտապ օգնության մեքենայի ղեկին ու միայնակ շտապում վայրկյան առաջ մարտադաշտից դուրս բերելու վիրավոր մարտիկին: Մի քանի ակնթարթ անց լսվում է պայթյունը, և ականի բեկորներից խոցված Պետոն կնքում է իր մահկանացուն, իսկ հաշված րոպեներ անց այդ նույն ճանապարհով մեքենաներով, արդեն անարգել, անցնում էին արցախյան բանակի զինվորները…

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #09 (1231) 07.03.2018 - 13.03.2018, Ճակատագրեր


07/03/2018