Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՃՌԱԿԱՆԸ



ՎՃՌԱԿԱՆԸՆաիրա Արշակյանը` Շիրակի մարզից, ռազմական համալսարանի լավագույն կուրսանտներից է, արդեն ունի երեք պարաշյուտային թռիչք: Նա մասնագիտությունն ընտրել է՝ հետևելով եղբոր` մարտկոցի հրամանատար, կապիտան Վազգեն Արշակյանի օրինակին, որոշել է դառնալ եղբոր մարտական ընկերը, ընտրել է շատ բարդ մասնագիտացում, և վստահ եմ՝ հաջողության է հասնելու: Նաիրա, Դուք և մեր մայրերը, կանայք, քույրերն ու աղջիկները գիտեք, որ հայ տղամարդը երբեք չի վարանի պաշտպանել հայրենիքը հակառակորդի ոտնձգությունից: Բայց ուզում եմ, որ նույնչափ վստահ լինեք, որ եթե ընտրել եք զինվորականի մասնագիտությունը, մենք երաշխավորելու ենք հավասար իրավունքներ և հնարավորություններ կին զինծառայողների համար:

 

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ պաշտպանության նախարար

 

Նա համաձայն չէ  «թույլ սեռ» արտահայտությանը՝ չնայած փոքրամարմին է, բարեկազմ, իսկ ուղիղ ու համարձակ հայացքում այնքան նրբություն կա: Բոլոր հագուստներից նախընտրում է դաշտային համազգեստը, կարծում է՝ իրեն ամենից շատ դա է սազում: Պարում է հայկական ժողովրդական պարեր, քանոն ու դաշնամուր է նվագում: Եթե զայրացած է, երգում է «Թալեաթի մահը»: Իսկ թե պետք է կենտրոնանալ, ասեղնագործում է: Նույնպիսի բծախնդրությամբ կարող է զենք քանդել ու հավաքել, անգամ՝ աչքերը փակ: Մնացածը Նաիրան ինքը կպատմի:

  

Ընտրության մասին

 Մայիսի 24-ն էր՝ իմ վերջին զանգի օրը: Միջոցառում վարողը հերթով պատմում էր, թե շրջանավարտներից ով ինչ մասնագիտություն է ընտրելու: «Նաիրան զինվորական է դառնալու, առաջին կին գեներալը»,-հայտարարեց նա: Ես բեմից թաքուն նայեցի ծնողներիս կողմը: Մորս դեմքը գունաթափ էր, հորս աչքերը զարմանքից խոշորացել էին: Նրանք անթարթ նայում էին ինձ: Հասկանում էի՝ անակնկալը չստացվեց: Հաջորդեց երկար զրույց տանը: Մայրս համոզում էր՝ տրվել եմ աղջկական չարաճճի հրապույրին, հետո էլ, թե՝ «Իսկ դու կարո՞ղ ես պտտաձողի վրա ձգվել»: Վստահ ասացի՝ հա՛: Մայրս անդրդվելի էր. նա ուզում էր ինձ ուսուցչուհի տեսնել: Ես համոզում էի, որ իմ տեղը բանակում է եւ ոչ թե դպրոցում, որ իմ ներքին ձայնն ինձ չի խաբում, որ ես իսկապես սիրում եմ զինվորական գործը եւ կհաղթահարեմ ամեն դժվարություն: Հայրս՝ այդ ավանդապաշտ, օրինավոր, բծախնդիր ու անդրդվելի մարդը, լսում էր լուռ եւ չէր միջամտում: Վերջում ձեռքը դրեց գլխիս ու տաք ձայնով համաձայնեց. «Գնա երազանքիդ ետեւից, բայց պայմանով, որ կհասնես առավելագույն արդյունքի»: …Երբ գալիս էի քաղաք քննություն հանձնելու, ինձ հայրս էր ուղեկցում: Նա միշտ իմ կողքին էր:  Ես շնորհակալ եմ ծնողներիս.  հայրս հավատաց ինձ, մայրս ստիպեց վճռական լինել:

 

Դժվարությունների մասին

 ՎՃՌԱԿԱՆԸՅոթ աղջիկ էինք: Առաջին անգամ մտանք ռազմական համալսարան՝ «խաթարելով» տղաների նիստուկացը, ապրելակերպը: Նրանք մեզ նայում էին այնպես, ինչպես կնայեն լուսնի վրա ոտք դրած առաջին մարդուն: Երջանիկ եւ մտահոգ էի միաժամանակ: Կդիմանա՞մ նրանց խոցող, գնահատող, կոշտ հայացքներին: Շփոթված էի ու վախեցած: Լացը ոսկորի նման կանգնել էր կոկորդիս: Ճաշարան մտնելը կամ շարք կանգնելը իսկական փորձություն էր: Մեզ չէին վստահում, չէին հասկանում: Այսպիսին էին իմ ծառայության առաջին օրերը: Բայց չխեղճացա. ես զինվորական եմ: Մնում էր այդ նույնը տղաներին համոզել ու ապացուցել… 

Առաջին դաշտային ելքն էր: Պիտի հաղթահարեի հետախույզի արահետը, որ բարդ առաջադրանք է անգամ փորձառու կուրսանտների համար: Ամեն ինչ տեսականորեն գիտեի, սակայն գործնականում դժվար էր թվում: Բարձր պատեր, խոր փոսեր, հազար ու մի այլ խոչընդոտ: Ինքս ինձ ասացի՝ Նաիրա, դու կարող ես: Տասից ավելի փորձություն անցա ու  դեմ առա քարե պատին՝ հարթ, սառը, աննվաճ:  Նայում էի ու հասկանում՝ պարտվել եմ,   չեմ կարող մագլցել: Մեկ էլ մեր դասակից Արտավազդը մեջքը դեմ տվեց, թե` հենվիր: Վեր բարձրացա: Այդ բարձրությունից  նայեցի տղաներին, նրանց հայացքները բոլորովին ուրիշ էին: Այդ օրը ես իրենցից մեկը դարձա: 

 

Եղբայրների մասին

 Երկու եղբայր ունեմ՝ Մկրտիչն ու Վազգենը: Երկուսն էլ իմ ամենամոտ ընկերներն են: Իրար կես բառից ենք հասկանում: Մկրտիչը առաջնագծում է ծառայել, մարտական հերթապահություն է իրականացրել: Նրա համածառայակիցներից երկուսը զոհվել են հակառակորդի դիպուկահարի գնդակից: Եղբորս  փրկել է սաղավարտը: Մկրտիչը չէր կարող հանգիստ ընդունել  ծառայելու իմ որոշումը: Ասում էր՝ դու զինվորի քույրս ես, այդքանն էլ բավական է: Վազգենը՝ ավագ եղբայրս, առողջական խնդիրների պատճառով առաջին տարին չընդունվեց ռազմական համալսարան, բայց եւ չնահանջեց: Բուժվեց ու հաջորդ տարի նորից փորձեց: Երբ կարճատեւ արձակուրդ էր ստանում եւ տուն գալիս, անպայման հագնում էի նրա համազգեստը, հագնում էի հաճույքով: Եվ ուզում էի իմն ունենալ: Հիմա եղբայրս մարտկոցի հրամանատար է, կապիտան: Ուսումնառությանս չորս տարիների ընթացքում ամեն քայլս կշռադատել եմ, որ եղբորս հանկարծ չհիասթափեցնեմ:  Անցած տարի նա համալսարանում վերապատրաստման էր: ֆիզպատրաստության քննության էինք, որոշ ցուցանիշներով գերազանցեցի նրան: Վազգենը այնքան հպարտ էր: Ասաց՝ դու արդեն իմ մարտական ընկերն ես:

 

Պարաշյուտային թռիչքների մասին

 ՎՃՌԱԿԱՆԸԵս պարաշյուտային երեք ցատկ ունեմ: Առաջինը երբեք չեմ մոռանա: Մեկ շաբաթ նախապատրաստվել էի: Սովորել էի հարդարել պարաշյուտը,  հատուկ վարժանքներ էի կատարել: Իմ դասախոսը՝ փոխգնդապետ Վահե Վազյանը, մտահոգ էր:  Փորձնական ցատկերի ժամանակ  թաթերիս էի հենվում: «Ախր, ոտքդ կջարդես, էս քեզ համար պար չի»,- հանդիմանում էր նա: Եվ ահա մոտենում եմ ուղղաթիռի դռանը: Առաջինը պետք է թռչեմ՝ ոգեւորելով ցատկի սպասող դասակի տղաներին: Անգամ հրահանգչի կարգադրությունը չեմ լսում, նետվում եմ ցած: Վախ չեմ զգում՝ չնայած ոտքերիս տակ անչափելի անդունդ է: Գոռում եմ՝ «Պարոն փոխգնդապետ, ես թռա», կարծես պիտի ինձ լսի: Տարածությունն այնքան արագ կրճատվեց, որ միայն զգացի հպումը հողին: Երկրի վրա ինձ դիմավորեցին հայրս ու… մայրս: Հուզված էին:  Իսկ  փոխգնդապետ Վազյանը նվիրեց իր կրծքանշանը, որ տարիներ առաջ մի բարդ թռիչքի համար էր ստացել:

 

Զորային ստաժավորման մասին

 Իմ դասակում 12 զինվոր կար, բոլորն էլ ընդգծված բնավորությամբ: Սերժանտը ինձնից երեք տարով մեծ էր: Հիշում եմ՝ ինչպես վաշտի հրամանատարի ուղեկցությամբ առաջին անգամ զորանոց մտա. տղաներն անսպասելիությունից քարացան: Վաշտի հրամանատարն ասաց՝ պիտի ենթարկվեք: Նրանց սրտով չէր: Լարվեցին: Նկատելով այդ՝ հրամանատարը որոշեց ինձ մենակ չթողնել: Բայց ես վճռական էի տրամադրված. «Պարո՛ն մայոր, գլուխ կհանեմ»: Զինվորների հետ  զրուցեցի անկեղծ, սրտամոտ, բայց եւ խիստ: Վերջում դիմեցի նրանց՝ «Հարցեր ունե՞ք»: «Ձեզ ո՞նց դիմենք», «Բա ո՞նց կատարենք Ձեր հրամանները, Դուք աղջիկ  եք…»: Գիշեր-ցերեկ զինվորներիս կողքին էի. նրանց հետ քայլում էի, նրանց հետ հանգստանում, նրանց հետ վազում էի, նույն ճաշը ուտում… Երբ  վաշտ մտնելիս օրապահը բարձրաձայն կանչեց՝ «Հերթապահ, մուտքի մոտ», հասկացա՝ վաստակել եմ տղաների հարգանքը: Այդպես ձայնում են միայն, երբ սպաներ են մուտք գործում տարածք: Ստաժավորման վերջին օրը զինվորներս հուզվել էին: 

Զորամասում ես ձերբազատվեցի ավելորդ կասկածներից, հավատացի սեփական ուժերիս: Հիմա պատրաստ եմ ծառայելու մեր սահմանի ամենաբարդ հատվածում…

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #09 (1231) 07.03.2018 - 13.03.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/03/2018