Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԻՄ ԲԱԺԻՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ»



ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ճանաչողները նրան բնութագրում են որպես կյանքի հանդեպ ակտիվ դիրքորոշում ունեցող, համառ եւ հետեւողական` աշխատանքային պահանջները վերջնակետին հասցնելու գործում, ազնիվ բնավորությամբ եւ պարտության մասին երբեք չմտածող մարդու: Իր ապրած 63 տարիների ընթացքում նա հասցրել է հսկայական ներդրում ունենալ հայ գիտական մտքի զարգացման գործում, քանի որ ամեն օր աշխարհին բարի լույս է ասել` գիտակցելով, որ հայերիս զարգացման ընթացքը պայմանավորված է գիտության ոլորտում ունեցած նվաճումներով: Հակոբ Հարությունյանը, ոսկե մեդալով ավարտելով դպրոցը, ավագ եղբոր խորհրդով ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետ, այնուհետեւ ասպիրանտական կրթություն ստացել Մոսկվայում, Ռիգայի քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտում պաշտպանել է գիտական թեզը` «Ռադիոլակացիա» մասնագիտությամբ եւ ստացել տեխնիկական գիտությունների թեկնածու գիտական աստիճան, 35-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, դասավանդել է պոլիտեխնիկական ինստիտուտում, աշխատել խոշորագույն գիտահետազոտական եւ արդյունաբերական հիմնարկներում, ղեկավարել է ՀՕՊ ռադիոլակացիոն կայանների արտադրության կոնստրուկտորա-տեխնոլոգիական բաժինը, եղել է ռադիոլոկացիայի գլխավոր կոնստրուկտոր, միավորման գլխավոր ինժեներ:
1992-94 թթ. կամավոր զինվորական ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում, աշխատել է նաեւ որպես ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն:

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼԻՍ

Խոր կարոտը աչքերում` Հակոբ Հարությունյանը մտոք վերադառնում է մանկություն, որից դեռ օտարված չէ. հիշում է իրենց բակի Աշոտին, որի հետ համառորեն ամեն օր Չարենցի անվան դպրոց էր հաճախում` պայուսակը կախած ուսին. «Ես վեց տարեկան էի, եւ իրավունք չունեին ինձ դպրոց ընդունելու, բայց ընտանեկան հոգսերը հոգալու համար մայրս աշխատանքի էր անցել եւ ինձ պարտավորեցրել` լինել համառ եւ պարտաճանաչորեն ամեն օր հաճախել դպրոց, մինչեւ տնօրինությունը կզիջեր, եւ ինձ էլ կկարգեին աշակերտ: Այդպես էլ եղավ. 15 օր շարունակ Աշոտի հետ գնում էի դպրոց, զանգը հնչում էր, եւ բոլորը մտնում էին դասարան, իսկ ես միջանցքում սպասում էի: Երբ ինձ հորդորում էին վերադառնալ տուն եւ այլեւս դպրոց չգալ, պատասխանում էի, որ մայրս ինձ տուն չի ընդունի, նա կարգադրել է ընդունվել դպրոց: Ի վերջո, դարձա աշակերտ»:

Հակոբից բացի, Չարենցի անվան դպրոց էին հաճախում նրա երկու եղբայրներն ու քույրը: Սակայն հորը` Սուրեն Հարությունյանին, դպրոց էին կանչում միայն Հակոբի վարքից դժգոհելու համար: Չարենցի անվան դպրոցը լավագույնն էր, Հակոբ Հարությունյանը հիշում է, որ նույնիսկ դպրոցի նստարաններն էին տարբերվում` սպիտակ էին: Հայաստան ժամանած հյուրերին պարտադիր ուղեկցում էին Չարենցի անվան դպրոց, ուստի աշակերտները պետք է օրինակելի լինեին, սակայն Հակոբը մանկական չարաճճիությամբ տարբերվում էր, պատահել է` նրան հեռացրել են դպրոցից, բայց ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսուցիչների միջամտությամբ վերականգնել. «Նրանք մեծ հույսեր էին կապում ինձ հետ եւ խորհուրդ տալիս մաթեմատիկոս կամ ֆիզիկոս դառնալ»:
«Ճառագայթային ֆիզիկա» մասնագիտությունը ընտրեց կրտսեր եղբայրը` Խաչիկ Հարությունյանը, իսկ քույրը` Ջուլիետան, ավագ եղբայրը` Ջոնիկը, եւ Հակոբը ավարտել են Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը. «Ջուլիետայի կողմից առաջին անգամ մշակվել են անտենաների հեռավոր զոնայում պարամետրերի հաշվարկման ալգորիթմները եւ ծրագրերը, իսկ ավագ եղբայրս դարձավ ավտոմատ չափման կայանքների գլխավոր կոնստրուկտոր: Ի դեպ, ԽՍՀՄ-ում այդ տիպի առաջին կայանքները մշակվել եւ պատրաստվել են Հայաստանում, իսկ գլխավոր կոնստրուկտորը եղել է եղբայրս»:

Հարությունյանների ընտանիքում մեծ տեղ էին տալիս կրթությանը եւ այն համարում հաջողության հասնելու միակ ճանապարհը: Երեխաները փորձում էին արդարացնել հոր հույսերը եւ ստանալ բարձրագույն կրթություն, քանի որ նա ժամանակին զրկվել էր այդ հնարավորությունից. Սուրեն Հարությունյանը 30-ականներին ընդունվել էր Ռոստովի բժշկական ինստիտուտ, սակայն երբ հայտնի էր դարձել, որ «կուլակի որդի է», հեռացվել էր երկրորդ կուրսից. «Նախնիներս Արեւմտյան Հայաստանի Մուշ գավառից գաղթել եւ հաստատվել են Փարաքարում, այստեղ պապս` Խաչատուր Հարությունյանը, ունեցել է այգի եւ զբաղվել խաղողագործությամբ: Պապիս աքսորել են Ալթայի երկրամաս, բայց քանի որ խաղողագործությունը անկում էր ապրում, վերադարձվել է հայրենիք: Պապս մահացավ աքսորավայրից վերադառնալուց մի քանի տարի անց, եւ այդ նույն տարում էլ այգին փթթեց ու բերք տվեց»:

Ընտանիքի հանդեպ ստալինյան ճնշումները այսքանով չեն դադարել: Հակոբ Հարությունյանը հիշում է մոր պատմությունը, թե ինչպես գիշերով Երեւանի Սպանդարյան փողոցի իրենց բնակարան են գալիս ՆԳ-ի աշխատակիցները եւ մեկ ժամ տրամադրում հավաքվելու համար. «Գալիս է նրանց ղեկավարը եւ իմանում, որ տանը երեք երեխա կա, այդ պատճառով էլ ուշանում ենք: Մեր ընտանիքը թողնում են աշնանային հավաքին, եւ հայրս մեզ տեղափոխում է Սուխումի մոտ գտնվող Արագիչ գյուղ, ու այդպես փրկվում ենք աքսորից»,-պատմում է Հակոբ Հարությունյանը, ապա ավելացնում, որ հայրը մասնակցել է Մեծ հայրենականին, պարգեւատրվել մի շարք մեդալներով, բայց, միեւնույն է, նրան էլի վերաբերվում էին որպես «կուլակի որդու»:

ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ

Ջոնիկը` Հակոբի ավագ եղբայրը, Մոսկվայում ընդունվում է ասպիրանտուրա: Նա իր թեզում առաջարկում էր անտենայի ուղղվածության դիագրամայի չափման նոր մեթոդ: Առաջարկը պետք է հիմնավորվեր փորձով, ուստի Ջոնիկը դիմում է Հակոբին եւ խորհուրդ տալիս նրան դիպլոմային աշխատանք գրելու նպատակով մեկնել Աշտարակում գտնվող ինստիտուտ, ինքն էլ մեկ ամսով գալիս է այստեղ, եւ եղբայրները համատեղ ուժերով ինստիտուտի տարածքում Խորհրդային Միությունում առաջին անգամ ռադիոհոլոգրաման չափում են 8 մմ ալիքի երկարության տիրույթում, 50 սմ տրամագծով պարաբոլիկ անտենայի բացվածքում. «Մեզ լուրջ չէին վերաբերվում, բայց մենք առաջնորդվում էինք հետեւյալ կարգախոսով` գիտության մեջ չստացված արդյունքն էլ է արդյունք, քանի որ ոչ մեկը այդ ճանապարհով նորից չի գնա: Մեզ հաջողվեց ստանալ դրական արդյունք»:

Հակոբ Հարությունյանը պատասխանատու էր փորձի տեխնիկակական մասի համար` հավաքում էր սխեմաները, կատարում չափագրումներ: 1974 թ. Ջոնիկը պատվեր է ստանում Մոսկվայից` այդ փորձի հիման վրա ստեղծել շարժական հաշվիչ չափողական կենտրոն: Եղբայրները անցնում են գործի` աշխատանքում ներգրավելով նաեւ Ջուլիետային, որ մշակում էր ալգորիթմները: Պատվերը կատարելուց հետո աշխատանքային խումբը հայտնվեց Հյուսիսային Ղազախստանում, որտեղ պետք է տեղի ունենային «ԲՈՒԿ» զենիթահրթիռային համալիրի պետական փորձարկումները:
«Ես եւ քույրս չենք մասնակցել փորձարկմանը, սպասում էինք եղբորս: Երբ հեռվից նկատեցինք նրա ժպիտը, պարզ դարձավ, որ մեր մշակած գերբարձր հաճախականության (ԳԲՀ) անտենաների ստուգման մեթոդիկայի շնորհիվ ԲՈՒԿ զենիթահրթիռային համալիրից արձակված հրթիռը խոցեց վարժական օբյեկտը: Նույն թվականին եղբայրս որպես երիտասարդ գիտնական արժանացավ գիտությունների գծով ԽՍՀՄ Լենինյան կոմերիտմիության մրցանակին»:

Ջոնիկը այնուհետեւ հիմնադրում է ռադիոլոկացիոն կայանների արտադրությունը, եղել է ՁՀխԽ “հՍՈսՈ-Ծկ” անտենային համակարգի գլխավոր կոնստրուկտորը, որի փորձարկումները հաջողությամբ ավարտվեցին նրա կառուցած ԳԲՀ անտենաների պարամետրերի չափման փորձակայանում: Այդ անտենային համակարգը տեղադրվել է Մոսկվայի «Վնուկովո» կառավարական օդանավակայանում, իսկ հինգերորդ օրինակը տեղադրվել է եւ այժմ էլ աշխատում է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում:

ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

Երկրի համար ծանրագույն պատերազմական տարիներ էին: Միավորումում գաղտնի պատրաստվեց ականանետների մի մեծ խմբաքանակ, որը պետք է տանեին Արցախ, սակայն Հակոբ Հարությունյանը, որ միավորման գլխավոր ինժեներն էր, ընդդիմացավ եւ թույլ չտվեց զենքը առանց փորձարկման ուղարկել մարտադաշտ: Ամբողջ խմբաքանակից ընտրվեց երեք նմուշ, տեղադրվեց «Ուրալ» մեքենայի թափքում, եւ փորձարկելու համար Հակոբ Հարությունյանն ու ֆիդայիներից եւս երկուսը հասան Ալիբեկ սարի մերձակայք: Առաջին կրակոցը հաջող էր: «Ընկերներս ինձ նախատեցին` ասելով, որ եթե թույլ տայի, մարտական տեխնիկան վաղուց կգործեր մարտադաշտում: Սակայն ես պնդեցի փորձարկել եւս երեք անգամ, և երկրորդ կրակոցի ժամանակ ականանետի երկրորդ արկը պայթեց փողի ներսում, եւ կտորը գտանք 60 մետրի վրա` ձյան մեջ. արձանագրեցինք տեխնիկական անսարքություն»: Հակոբ Հարությունյանը վերադարձավ գործարան եւ փորձեց հասկանալ, թե որն է անսարքության պատճառը: Մի ամբողջ գիշեր պահանջվեց հետեւություններ անելու եւ տեխնիկան շտկելու, ձեւափոխելու համար: Վերամշակեց արկի թեւիկների կոնստրուկցիան, եւ առավոտյան այն ուղարկվեց մարտադաշտ:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նորատ Տեր-Գրիգորյանցը առաջարկեց Հակոբ Հարությունյանին կամավոր զինվորական ծառայության անցնել զինված ուժերում` որպես սպառազինության շահագործման բաժնի պետ (նրան դեռեւս 1984 թ ԽՍՀՄ ՊՆ նախարար մարշալ Գրեչկոյի կողմից շնորհվել էր կապիտանի կոչում): «Նորատ Տեր-Գրիգորյանցը հանդիպեց ինձ, բացատրեց իրավիճակը, նշեց, որ մեր տեխնիկան շատ վատ վիճակում է, պետք է ձեւափոխել, վերանորոգել, նախագծել ռադիոլակացիոն կայաններ` ռազմական ավիացիայի թռիչքները կառավարելու համար: Մեր առաջին գործը ռադիոտեղորոշիչ կայանների վերանորոգումը կազմակերպելն էր, եւ դրանք Արցախ տեղափոխելը»: Արցախյան ազատագրական պատերազմի տարիներին Հակոբ Հարությունյանի նախաձեռնությամբ մասնագետներից բաղկացած 2 ջոկատներ գործուղվեցին ԼՂՀ, որտեղ նրանք վերանորոգեցին ռազմական տեխնիկան: Համանման աշխատանքներ են կազմակերպվել նաեւ Կարմիրի շրջանում, իսկ Հայաստանի սահմանամերձ տարածքներում Հակոբ Հարությունյանի գլխավորությամբ ապահովվել են սահմանապահ ուղեկալների կապի միջոցների տեղադրումը, ջոկատներին տրվել են շարժական ռադիոկայաններ, որոնց աշխատանքը ապահովելու համար հավաքվել են սնման աղբյուրներ, պատրաստվել են հավաքովի անտենաներ:

Պատերազմից հետո օդային սահմանը անխոցելի դարձնելու համար անհրաժեշտ էր հատուկ տեսակի լոկատոր ձեռք բերել եւ տեղադրել: Զապորոժիեից հնարավոր եղավ գնել եւ Հայաստան տեղափոխել պահանջվող կայանը, սակայն խնդիր առաջացավ. «Այդ կայանի սնուցող հատվածը մեզ չվաճառեցին, քանի որ Կուրսկում էր արտադրվում, իսկ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունները լարված էին: Մենք ձեռք բերեցինք նախագիծը, եւ ես մի քանի ամսվա ընթացքում հավաքեցի էներգահամակարգը, այն տեղադրեցինք: Համակարգը գործում է մինչ օրս»:

Հակոբ Հարությունյանը այսօր աշխատում է մասնավոր ընկերությունում, որտեղ նրա նվաճումներով ու գիտության մեջ ունեցած ավանդով հպարտանում են կազմակերպության աշխատակիցները: Նա նշում է, որ տարիքի պատճառով է թողել իր գործը. այլեւս նույն աշխուժությամբ չէր կարող բարձրություններ հաղթահարել` ստուգելու համար անտենաների աշխատանքը, կարգավորելու առաջացած խնդիրները: Այդուհանդերձ, Հակոբ Հարությունյանը համոզված է, որ կարեւոր գործերը երբեք չեն վերջանում, միշտ էլ անելիք կա: Երեւի այս մտածելակերպն է նրան խանգարում` անցնելու վաստակած հանգստի եւ երեխաների ու թոռների հետ բնակություն հաստատելու արտասահմանում:
Հակոբ Հարությունյանի կարծիքով, մարդու ամենակարևոր որակները համառությունն ու նպատակասլացությունն են, որոնք նրան կհասցնեն իր բաժին երջանկությանն ու հաջողությանը:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #33 (898) 24.08.2011 - 31.08.2011, Ճակատագրեր


31/08/2011