ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ ՊԱՏՎՈՎ ԱՆՑՆԵԼ ՃԱՆԱՊԱՐՀՍ…
Զորամասի շտաբում սպասում եմ զինվորական տողանի ավարտին: Պետք է հանդիպեմ մայոր Ռիմա Ոսկանյանին: Գնդապետ Տիգրան Ասլիկյանը կին սպաներից նրան ներկայացրեց.
-Մեր վաստակաշատ սպաներից է, 18 տարի ծառայության մեջ է:
Քիչ անց նկատեցի գեղեցիկ, խնամված, ոչ այնքան բարձրահասակ, բայց զինվորականին բնորոշ զգաստ կեցվածքով ինձ ընդառաջ եկող տիկնոջը: Առաջինն ինձ գրավեց նրա համազգեստին ամրացված «Անբասիր ծառայության համար» ստացած երեք մեդալները, որ ավելի էին ընդգծում կին զինվորականի հպարտ կեցվածքը:
Ակնարկիս հերոսուհու կյանքի կարեւորագույն իրադարձությունները սկսվում են Արցախյան շարժումից:
-Այդ տարիները բեկումնային եղան ինձ համար,- պատմում է մայոր Ոսկանյանը:- Այդ ժամանակ ուսանողուհի էի: Երազանքներս, նպատակներս տարբերվում էին Ձեր առջեւ նստած կնոջ իղձերից: Կյանքը վառ գունապնակ էր թվում… Արցախյան ազատամարտը տակնուվրա արեց կյանքս, փոխեց ճակատագիրս: Միացա պայքարին: Ինձ համար միասնական հայրենիք ունենալը դարձավ օրվա հրամայականը: Հետո փոխվեց ամեն ինչ: Կյանքս ուրիշ հունով սկսեց ընթանալ…
Զինվորական ծառայության անցա, երբ արդեն ավարտել էի բուհը, ամուսնացել, աշխատանքի անցել դպրոցում: Որդիս էր ծնվել…
Որդու մասին խոսելիս մի տեսակ ուրիշ ժպիտ է հայտնվում Ռիմա Ոսկանյանի դեմքին: Որդուն հիշելիս մեղմանում է, հայրենիքի, բանակի և ծառայության մասին խոսելիս զինվորի պես զգաստանում:
-Ծառայությունս սկսել եմ որպես շարքային: Բանակն ինձ ավելի կայացրեց, ուժեղ դարձրեց: Կյանքում առհասարակ նպատակասլաց, նախանձախնդիր եմ: Նպատակիս հասնելու ճանապարհին ինչ-որ չափով էլ համառ: Գուցե մտածեք՝ համառությունն ավելի շատ տղամարդուն է բնորոշ: Բայց ես այդպիսին եմ: Շրջապատումս շատերն են հարցնում, արդյոք դժվար չէ՞ ծառայել մի միջավայրում, որտեղ շուրջբոլորը տղամարդիկ են: Նրանց բացատրում եմ, որ մեր բանակի սպայակազմը մեծագույն հարգանքով է վերաբերվում կին զինծառայողներին: Ես կարծում եմ, որ կանանց ներդրումը մեծ է մեր բանակում. Նրանք կանացիությամբ, մայրական հոգատարությամբ կարողանում են ավելի զգոն, ավելի զսպված ու հանդուրժող դարձնել արական սեռի ներկայացուցիչներին:
Անթաքույց ժպտում է, ապա շարունակում.
-Եթե ընտրել եմ այս ուղին, պարտավոր եմ պատվով անցնել ճանապարհս… Ճարտարից եկել էի ուսուցչուհի դառնալու երազանքով: Բայց բռնեցի զինվորականի ուղին:
Մայոր Ռիմա Ոսկանյանը պատմում է իր կյանքի պատմությունը: Իսկ ես մտածում եմ՝ Արցախի հող ու ջրից է «սերում» ակնարկիս հերոսուհու խառնվածքը:
-Դուք այդպես էլ չխոսեցիք ծառայության ընթացքում գրանցած Ձեր հաջողությունների մասին:
-Իմ հաջողությունն իմ որդին է՝ ավագ լեյտենանտ Էրվին Բադալյանը:
Որդու անունը տալիս է առանձնահատուկ, ընդգծված հպարտությամբ:
-Որդիս շարունակեց իմ ճանապարհը: Մանկությունը զորամասերում անցկացնելուց հետո որոշեց հայրենիքի պաշտպան դառնալ: Ինձ համար իսկապես հպարտություն է: Օմսկի ինժեներատանկային ակադեմիան ավարտելուց հետո մեկնեց ծառայության: Երբեք չընդդիմացա: Ընդհակառակը, ուզում էի, որ դառնար Հայկական բանակի մի մասնիկը, գիտակցեր՝ ինչ է նշանակում լինել լավ հրամանատար, լավ սպա: Եվ հաջողվեց ինձ այդպիսին տեսնել Էրվինին:
-Իսկ Ձեր համազգեստին ամրացված մեդալնե՞րը …
-Գնահատված լինելն, ինչ խոսք, կարևոր է, բայց, ամենակարեւորը, մեր երկրի խաղաղությունն է, բանակի հզորությունն ու մարտունակությունը: Բանակն իմ մեծ ընտանիքն է:
Մայոր Ռիմա Ոսկանյանը սուրճ է եփում: Իսկ ես մտածում եմ. կանացի նուրբ, միևնույն ժամանակ զինվորի նման զգոն ու աչալուրջ մայոր Ոսկանյանը նախնիներից ժառանգած հայրենիքը պատրաստ է պաշտպանելու ցանկացած գնով: Ինչպես ինքն է ասում` պետք եղած ժամանակ զենք էլ կվերցնի…
ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ
Խորագիր՝ #10 (1232) 14.03.2018 - 20.03.2018, Ազգային բանակ