ԿՅԱՆՔ՝ ՄԱՐՏԱԴԱՇՏՈՒՄ…
ՊՆ վարչական համալիրի մարզական սրահներից մեկում հանդիպեցի իմ հերոսուհուն և մեր փոքրիկ զրույցի ընթացքում հասկացա, որ պետք է անպայման գրեմ նրա՝ աշխարհի եռակի, Հայաստանի բազմակի չեմպիոնուհու և բազում այլ մրցանակների դափնեկրի մասին, ում կյանքը զարմանալի հետագիծ ունի…
Փշերի միջով՝ դեպի աստղերը
«Համաշխարհային վարպետաց խաղերից» (World Master Games) հետո նա հատուկ տեղ զբաղեցրեց մեծ սպորտի տիտղոսակիրների շարքում: Ամերիկյան մի շարք խոշոր պարբերականներ նրան անվանեցին աշխարհի ամենաուժեղ, արի և համակրելի հայուհի:
Ծնունդով բաքվեցի Սվետլանայի համար հեշտ չէր սպորտի աշխարհում բարձունքների հասնելը: Մարզական ուղին նա սկսել է… բալետից, այնուհետև գեղարվեստական մարմնամարզիկ էր, իսկ 12 տարեկանից մինչև օրս՝ թեթև ատլետիկայում է: Օտար հողում միշտ զգացել էր խտրականությունը. «Երբ մասնակցում էինք միութենական մրցույթներին, հպարտանում էին մեր հաջողություններով, իսկ երբ հերթը հասնում էր արտասահմանյան, հատկապես մահմեդական որևէ երկրում կայանալիք մրցույթներին, հայերին արգելում էին մասնակցել: Ինձ բաց տեքստով ասում էին. «Մի՛ մոռացիր, որ հայուհի ես»: «Ավելի լավ է յուրայինների մեջ, քան օտարների»,- մտածեցի և 1974 թ. եկա հայրենիք»: Մինչ այդ ծառայում էր Անդրկովկասյան զինվորական օկրուգի մարզական ակումբում: Հայաստանում մեկ անգամ ևս հաստատեց իր տեղը: Երբ 1975 թ. Եգիպտոսում միջազգային մրցումների մեկնեց, 22 տարեկան էր: Այստեղ նա սկավառակի նետման նոր ռեկորդ սահմանեց՝ ցուցանիշներով երկու անգամ գերազանցելով մրցակիցներին, որի համար երկու առաջին պատվավոր տեղերից բացի, նաև «Գրան պրիի» արժանացավ: «Սա իմ կյանքի ամենակարևոր և սիրելի մրցանակներից է»,-ասում է հպարտությամբ:
1978 թ. Մոսկվայում ստացավ ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում, ներգրավվեց Խորհրդային Միության բանակի կենտրոնական մարզական ակումբի հավաքականում: Տարիներ անց՝ արդեն մեծ սպորտից անցում կատարեց վետերանային սպորտին: Խորհրդային Միության Վետերանների հավաքականի կազմում 1991թ. մասնակցեց Բուդապեշտյան համաշխարհային խաղերին, և էլի մի ոսկե մեդալ:
Պատերազմ
1982 թվականին Սվետլանան զորացրվեց խորհրդային զինված ուժերից: Իսկ տասը տարի անց պիտի զինվորագրվեր նորաստեղծ հայկական ազգային բանակին: Աշխատասեր, վստահելի, իսկական տղամարդ. այսպիսին է տիկին Սվետայի բնորոշմամբ սպորտի վարպետ Վիլհելմ Գասպարյանը` իր երկու որդիների հայրը, որի հետ կրկին մեծ սպորտն էր կապել, և որի հետ 1992թ. մեկնելու էր Արցախյան ճակատ: Որդիներն այդ ժամանակ արդեն 12 և 13 տարեկան էին: Սվետայի՝ այս բախտորոշ քայլին նպաստեց նաև նախնիների կանչը. մայրը ծնունդով Թալիշից է, իսկ հայրը՝ Շուշիից: Արծվաշեն, Շահումյան, Ֆիզուլի, Օմար, Քելբաջար…ամենուր նա հետևել է իր մարզիկ և լավ մարտիկ կյանքի ընկերոջը` Վիլհելմին…
Իմ հերոսուհին չի սիրում խոսել պատերազմից, որը նրա մտքում և հոգում զուգորդվում է շատ թանկ կորուստների հետ: Նորաստեղծ ստորաբաժանման հրամանատարը ֆիզիկոս, մաթեմատիկոս, թեթևատլետ Ալֆրեդ Պապյանն էր, որը հետագայում զոհվեց, և դա մեծ կորուստ էր հատուկ նշանակության այս ստորաբաժանման համար: Շրջելով սպորտդպրոցներով` Ալֆրեդն ընտրում էր ամուր տղաների, և հատուկ նշանակության ստորաբաժանման կորիզն, այսպիսով, դարձավ 18 լավ ռազմիկներից բաղկացած խումբ, որն իր հերթին մարզում էր ուրիշներին:
«Իհարկե, հավատում եմ Աստծուն: Մեր հրամանատարը ծնունդով Ստեփանավանցի էր: Երբ պատերազմն սկսվեց, ապրում էր Դուշանբեում»: Ինչպես պատմել է հրամանատարը, մի անգամ տանը ննջելիս նրան երևացել է Քրիստոսը և ասել. «Դու այստեղ մի՛ քնիր: Վե՛ր կաց, քո տեղը հիմա Հայաստանում է: Պետք է զորք հավաքես և մեկնես ճակատ»: Ենթարկվելով այս յուրատեսակ մարտակոչին՝ ավագ որդու հետ անհապաղ վերադարձել է հայրենիք ու սկսել է կամավորների հավաքագրումը: Նրանց է հետևել նաև ազգությամբ ուկրաինացի բժիշկ կինը՝ կրտսեր որդու հետ: «Հետադարձ հայացք ձգելիս՝ պարզապես անհնարին է թվում, թե այդ ստորաբաժանումն ամենաբարդ իրավիճակներից ինչպես էր առանց կորուստների դուրս գալիս»,- պատմում է տիկին Սվետան:
1992թ. հրամանատարը թույլ է տվել Սվետլանային ու Վիլհելմին մի քանի օրով բացակայել` Ֆինլանդիայում աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Այնտեղից երկուսն էլ վերադարձել են մեդալներով:
Չափազանց նվիրված, այլոց հանդեպ հոգատար, սրտացավ Սվետլանան պատերազմի տարիներին և հրադադարի հաստատումից հետո չէր կարողանում անտարբեր մնալ քաղցից և չքավորությունից տառապող տեղաբնակների, հատկապես՝ զոհվածների ընտանիքների հանդեպ՝ սնունդ ու հագուստ էր հայթայթում ու, ցանկացած հնարավորություն օգտագործելով, հասցնում, բաժանում նրանց:
Նրա հաղթ կազմվածքում կանացի ռոմանտիկ էություն կա: Մարտական ընկերուհիներից մեկը մի դրվագ է հիշում հրադադարից, երբ Սվետան հանկարծ կանգնեցրել է հոգնած զինվորականներին տեղափոխող մեքենան ու արագ դուրս սահել. բլրի վրա դաշտային երկու գեղեցիկ ծաղիկ է նկատել…
Սվետլանա Եսայանը պարգևատրվել է «Մայրական երախտիք» մեդալով: Իսկ Արցախյան պատերազմի մասին հանրագիտարանում նրա մասին առանձին հոդված կա:
Վերադարձ
Պատերազմից հետո սպորտը մեծ դժվարությամբ էր պահպանվում երկրում: 1995թ. Սվետլանան ստեղծեց «Սպորտի վետերանների ասոցիացիան»: 1996թ. ԱՄՆ-ում բացեց «Սպորտի վետերանների ասոցիացիայի հիմնադրամը»: Իր շուրջը համախմբելով Յուրի Վարդանյանին, Դավիթ Թորոսյանին, Ալբերտ Ազարյանին և նշանավոր այլ մարզիկների` գումարներ էր հայթայթում, ուղարկում հայրենիք: Սա որոշակի օգնություն էր մարզիչներին: Այս ընթացքում Սվետլանան ԱՄՆ-ում ստացած աշխարհի չեմպիոնի կարգավիճակի շնորհիվ կարող էր ընտանիքով 10 տարի բնակվել այդ երկրում, աշխատանք ունենալ, տուն, սակայն հրաժարվեց այդ ամենից. «Եթե մնայի, ի՞նչ իմաստ կունենար իմ անցած կյանքը: Կարճ ժամկետում որդիներս ամենալավ ուսումն ստացան այստեղ՝ Հայաստանում: Ավարտեցին Ճարտարագիտական ինստիտուտը, մագիստրատուրան եւ ասպիրանտուրան շարունակեցին Մոսկվայում: Մեծս այժմ ինժեներ է, փոքրս` ծրագրավորող: Նրանց մեջ միշտ վառ է հայրենասիրությունը. ամեն կերպ օգտակար են լինում իրենց երկրին»:
Սահմանամերձ զորամասում
Յոթ տարի շարունակ Սվետլանան ծառայել է ԶՈՒ սահմանամերձ զորամասերից մեկում` որպես ֆիզպատրաստության պետ (միակ կինը այս պաշտոնում): 2003թ. վերադառնալ ԱՄՆ-ից ու կարճ ժամանակ անց հայտնվել սահմանամերձ զորամասում, հետպատերազմյան շրջանում… իհարկե հեշտ չէր: «Անտառի տնակում մի երկաթե անհարմար անկողին, սեղան ու մի կոճղ, որին նստած՝ թեյ էի խմում»,- իր կահ-կարասու մասին ծիծաղով է հիշում տիկին Սվետան: Այդ ընթացքում սպորտի վարպետը և ազատամարտիկը, որը երբևէ չէր վիրավորվել, լուրջ ավտովթարի ենթարկվեց, մի քանի ամիս հենակներով էր տեղաշարժվում:
«Երբ զորամաս եկա, հայ զինվորի համար շատ դժվար էր գիտակցել այն փաստը, որ կինը իրեն պետք է մարզի: 2004թ. Գերմանիայում աշխարհի առաջնությունն էր մեկնարկելու: Պետք է անպատճառ մասնակցեի՝ չնայած ոչ վաղ անցյալում ստացածս վնասվածքին: Այդպես էլ արեցի, և փա՜ռք Աստծու, կարողացա ոսկե մեդալ շահել: Դրանից հետո զորամասում կյանքը հիմնավորապես փոխվեց: Իմ զորամասը զորամիավորումում առաջին տեղն զբաղեցրեց ֆիզպատրաստությունից: Զինվորներս «կաշվից դուրս էին գալիս», որ իրենք էլ զինծառայության մեջ ռեկորդներ սահմանեին: Հեշտ չէր, քանի որ դիրքերում երկու շաբաթ՝ հարաբերական հանգստից հետո հաջորդ երկու շաբաթվա ընթացքում կտրուկ անցնում էին ակտիվ ֆիզիկական մարզումների»:
Տիկին Սվետլանան զինվորների համար նաև մայր էր. երբ մտնում էր հրամանատարի մոտ, նա արդեն գիտեր. «Ըհը՛, եկավ մայրական կոմիտեի նախագահը: Ասա՛, ի՞նչ է պետք զինվորներիդ»: Իզուր չէ, որ մինչև այժմ նախկին զինվորները կապված են նրա հետ, զանգում, հեռագրեր են գրում:
2009թ., արդեն զորացրվելուց հետո, մասնակցեց ԱՄՆ Յուտա նահանգում կայացած մրցումներին և իր տարիքային խմբում սահմանեց մի ռեկորդ, որը մինչև այժմ չի գերազանցվել…
Համատեղել անհամատեղելին
Սվետլանա Եսայանին կյանքը տարբեր ծայրահեղ վիճակների մեջ է գցել, բայց մարզական ու զինվորական կոփվածքը միշտ օգնել են ցանկացած տեղում և ցանկացած պայմաններում: «Զուր չէ, որ սիրում եմ արգելավազք մարզաձևը. արգելքներ հաղթահարելը կյանքիս կարևոր իմաստներից է: Կարող է անհավանական թվալ, բայց ուրախանում եմ, երբ պետք է դժվարություններ հաղթահարեմ: Սա օրինակ է երեխաներիս, թոռներիս համար: Գոհ եմ, որ կյանքի ընթացքում կարողացա համատեղել և՛ սպորտային, և՛ զինվորական, և՛ ընտանեկան` կանացի երջանկությունը: Խոնարհվում եմ մեր այն կանանց առջև, ովքեր քառօրյա պատերազմում որդի կամ ամուսին կորցնելուց հետո նորից մայրանալու ուժ գտան…»:
«Սպորտ՝ ամբողջ կյանքի համար»
Անցնելով թոշակի` պահեստի մայոր Սվետլանա Եսայանն առայսօր աշխատում է ՀՀ ՊՆ վարչական համալիրի մարզասրահներում՝ որպես մարզիչ: Իր գործն անչափ սիրում է: Նա այժմ էլ չի դադարեցրել մարզումները. առջևում վետերանների աշխարհի առաջնության նոր մարտահրավերներն են: Սեպտեմբեր ամսին Իսպանիայի Մալագա քաղաքում կայանալու է աշխարհի հերթական առաջնությունը: Իսկ հոկտեմբեր ամսին ԱՄՆ Յուտա նահանգում կկայանան «Աշխարհի վարպետաց խաղերը» բոլոր մարզաձևերից:
-Մոտավորապես քանի՞ մեդալ ունեք,- հարցնում եմ:
-Անկեղծ ասած՝ չեմ հաշվել: Սակայն ենթադրում եմ, որ մեդալներիս ողջ հավաքածուն 8 կիլոգրամ կլինի: Բայց դա չէ կարևորը: Ամենակարևորը՝ ընկերներիդ, մարդկանց գնահատված լինելն է:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #10 (1232) 14.03.2018 - 20.03.2018, Բանակ և հասարակություն