ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ
Մարտի 20-ից հերթական այցով Երևանում էր Հայաստանի Հանրապետության կարիքները օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» խումբը, որում ընդգրկված են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի, Լեհաստանի և Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետներ:
Այցի նպատակը ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության և ռազմաուսումնական հաստատությունների հետ 2017թ. համագործակցության ծրագրերի ամփոփումն ու փոխգործակցության հետագա ուղիների համաձայնեցումն էր:
Աշխատանքային հանդիպմանը հայկական կողմը ներկայացրել է ռազմակրթական ոլորտում իրականացված բարեփոխումները: Զեկույցներում շեշտադրվել են ուսումնական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, դասավանդման նոր մեթոդաբանության, ինչպես նաև ռազմակրթական ոլորտի օրենսդրական նախաձեռնությունների և բարձրագույն ռազմական կրթության համաեվրոպական Բոլոնյան գործընթացի դրույթների իրականացման հարցեր:
Մարտի 21-ից 23-ը կազմակերպվել են խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ, հանդիպումներ կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: Մասնավորապես` ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում և ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում կայացած հանդիպումների ժամանակ ներկայացվել են խորհրդատվական խմբի օգնությամբ մեկնարկած առանձին նախագծերի ընթացքը, առաջիկա համագործակցությունը զինված ուժերի կարիքներին լավագույնս համապատասխանեցնելու նկատառումները:
ՀՀ ՊՆ հրամանատարաշտաբային դասընթացների պրոֆեսորադասախոսական կազմի և ունկնդիրների համար խորհրդատվական խումբը ներկայացրել է բանախոսություն «Արևմտյան ռազմարվեստի հիմունքները. արևմտյան և խորհրդային մոդելների համեմատական վերլուծություն» թեմայով:
ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հաստատության ղեկավար, գեներալ–լեյտենանտ Հայկ Քոթանջյանը և ուսումնական գործընթացի ու հետազոտական մասի պատասխանատուները ներկայացրել են 2017թ. համալսարանի իրականացրած հիմնական աշխատանքները, մասնավորապես` 2017թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՊԱՀՀ-ում իրականացված ներգերատեսչական վերապատրաստման 4-շաբաթյա դասընթացի հիմնական արդյունքները, ինչպես նաև ՊԱՀՀ-ի մշակած միջգերատեսչական ձևաչափով 8-շաբաթյա վերապատրաստման դասընթացի ծրագիրը: ՆԱՏՕ-ի փորձագետները ՊԱՀՀ-ի անձնակազմին են ներկայացրել «Ռազմավարական առաջնորդների կրթություն՝ միջգերատեսչական համագործակցային միջավայրում» վերնագրով դասախոսություն:
ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» խումբը ճանաչողական այցով եղել է նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:
Խորագիր՝ Նորություններ