Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՅՑԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ



Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց Տավուշի մարզում գտնվող զորամասերից մեկը, որի կազմավորման 17-րդ տարեդարձն էր: Դիմելով այդ առթիվ հանդիսավոր տողանի շարված անձնակազմին` նախարարը նշեց, որ զորամասը կազմավորվել է պատերազմական տարիներին` կամավորական ջոկատների հենքի վրա, և հետագայում փառահեղ ճանապարհ է անցել: Նախարարն ընդգծեց, որ ամբողջ անձնակազմը, նաև այսօր էլ շարքում կանգնած մեծ թվով սպաներ, ենթասպաներ ու պայմանագրային զինծառայողներ, աչքի են ընկել անձնուրաց ու բարեխիղճ ծառայությամբ, կարողացել են մարտական գործողություններին զուգահեռ ու դրանից հետո ստեղծել կանոնավոր զորամաս:
-Ես ուզում եմ, որ դուք գիտակցեք, թե ինչ զորամասում եք ծառայում. մի զորամասում, որին վստահված տեղամասերում եղած բոլոր մարտերում մենք հաղթանակ ենք տոնել: Պատերազմից հետո տարբեր հրամանատարների ղեկավարությամբ անձնակազմն այստեղ կարողացել է կարճ ժամանակահատվածում վերականգնել բոլոր կորուստներն ու վերացնել թերությունները և ունենալ այնպիսի տեսք, ինչպիսին այսօր է, ունենալ մարտունակության այնպիսի աստիճան, ինչպիսին այսօր է, այնպիսի սոցիալ-կենցաղային պայմաններ, որոնք օրինակելի են ամբողջ բանակի համար:

Ձեզանից յուրաքանչյուրը պետք է հպարտանա, որ ծառայում է հենց այս շրջանում և այս զորամասում: Դուք մարտական հերթապահություն եք իրականացնում անչափ կարևոր հատվածում, որտեղ տարբեր ժամանակներում, հատկապես 2010թ., հակառակորդը դիվերսիոն-հետախուզական ուժերի միջոցով փորձել է ոտնձգություններ կատարել, սակայն դուք կարողացել եք ապահովել շրջանի խաղաղ բնակչության անվտանգությունը: Նմանատիպ դեպքերից ապահովագրվելու համար օրըստօրե կատարելագործում ենք մարտական հերթապահության ամբողջ գործընթացը: Զարգացրել ենք ինժեներական ենթակառուցվածքները, բարեկարգել ենք ճանապարհները, խրամատները, կառուցել ենք հրամանատարական կետեր և դիտակետեր, որոնց միջոցով ապահովելու ենք մարտական հերթապահություն իրականացնող յուրաքանչյուր զինվորի անվտանգությունը:

Զորամասի կազմավորման 17-ամյակին նվիրված արարողությունն սկսվեց ՀՀ պետական օրհներգի կատարումով: Ստորաբաժանումներն անցան հանդիսավոր երթով, ապա զինվորները ցուցադրեցին ձեռնամարտի հնարքներ: Այնուհետև մարտական պատրաստության և կարգապահության ոլորտում ունեցած հաջողությունների համար մի շարք զինծառայողներ պարգևատրվեցին:

Կարևորելով զորամասի դերն ու նշանակությունը զինված ուժերի կազմում` Սեյրան Օհանյանը այս և մյուս զորամասերի հետագա առաջընթացի գործում կարևորեց սպա-զինվոր փոխհարաբերությունների խորացման և զարգացման անհրաժեշտությունը: Դեռ մարտական գործողությունների ժամանակ հրամանատարների անձնական օրինակի հիման վրա զինծառայողների մեջ ձևավորվել է մարտական բարձր ոգի:
-Մենք մեր ծառայության ընթացքում ունենք նաև բացթողումներ, որոնք, սակայն, չենք փորձում թաքցնել հանրությունից: Հանրային իրազեկման և քաղաքացիական վերահսկողության միջոցառումների շրջանակներում ձգտում ենք բանակի առօրյա գործունեության մասին տեղեկացնել հանրությանը և հետագա թերացումները բացառելու նպատակով ակնկալում ենք բոլորի աջակցությունը,- ասաց Ս.Օհանյանը:

Նա նշեց, որ այսօր բանակը մեծ բարեփոխումների փուլում է: Տարվա առաջին կիսամյակը հայտարարվել է կարգապահության ամրապնդման կիսամյակ, և դա տվել է իր արդյունքը. նախորդ տարիների ցուցանիշների հետ համեմատությունը դա է փաստում:
Եվս մեկ անգամ շնորհավորելով անձնակազմին` նախարարը ցանկություն հայտնեց, որ զորամասից դուրս գան համարձակ, ձևավորված անհատականություններ, հասարակության լիարժեք քաղաքացիներ, որոնք անհրաժեշտության դեպքում հետագայում նորից կհամալրեն զորամասի զինծառայողների շարքերը:
Քիչ անց նախարարը զորամասի հրաձգարանում էր, որտեղ ծանոթացավ գործնական պարապմունքների անցկացման կարգին և հնարավորություններին, հետևեց զինծառայողների մարտական հրաձգության պարապմունքներին, ցուցումներ տվեց դրանց ընթացքը բարելավելու վերաբերյալ: Այնուհետև նա այցելեց գնդապետ Մախսուդյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական հենակետերից մեկը: Սեյրան Օհանյանը դիտարկեց սահմանագոտու տվյալ հատվածում իրականացված ինժեներական աշխատանքները, ծանոթացավ զինծառայողների անվտանգության պահպանման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին: Նա զրուցեց հենակետի զինծառայողների հետ, հետաքրքրվեց նրանց բարոյահոգեբանական և մարտական որակներով:

***
Այցի վերջում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա մասնավորապես նշեց, որ հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված շքերթը կանցկացվի բարձր մակարդակով: Իհարկե, այն ինչ-որ չափով պատասխան է լինելու Բաքվում կայացած շքերթին, սակայն շքերթներով չէ, որ որոշվում է զինված ուժերի մարտունակությունը: Հարցը ոչ թե քանակն է, այլ` որակը:
-Ադրբեջանն այսօր արագ տեմպերով զինվում է, մենք նույնպես զարգացնում ենք մեր սպառազինությունը, սակայն առաջին հերթին բարձրացնում ենք անձնակազմի որակական պատրաստության մակարդակը: Չպատրաստված մարդու ձեռքին ամենաժամանակակից զենքը ոչ ավելին է, քան մետաղի ջարդոնը: Արցախյան պատերազմի ժամանակ էլ մենք տեսել ենք թշնամու քանակական գերազանցության արդյունքը. մեր ստորաբաժանումները շատ զգույշ էին գործում, և արդյունքում հակառակորդի ռազմական տեխնիկան հայտնվում էր մեր ձեռքում:

Արձագանքելով այն դիտարկմանը, թե ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ակնհայտորեն ավելի շատ են, քան հայկական կողմի պատասխանները, նախարարն ասաց.
-Հայկական զինված ուժերն իրենց առջև նպատակ չեն դրել խախտելու հրադադարը: Մենք պատասխանում ենք միայն թիրախային դիպուկ գնդակոծությանը` համարժեք և լուրջ:

Սպառազինության արդիականացման և նոր ռազմական տեխնիկայի գնման մասին խոսելիս Ս.Օհանյանը նշեց, որ անհրաժեշտ վերլուծության հիման վրա հետագայում հնարավոր է ձեռք բերվեն «C-400» զենիթահրթիռային համալիրներ, սակայն այսօր սպառազինության մեջ ընդգրկված «C-300»-ները նույնպես ամբողջովին մարտունակ են և պատրաստ են կատարելու համապատասխան խնդիրներ:
Նախարարն ընդգծեց, որ դեռ երկար տարիներ հանրապետությունում կպահպանվի խառը զորակոչի սկզբունքը, այն է` զորակոչին զուգահեռ կզարգանա պայմանագրային ծառայության համակարգը:

Պատասխանելով զինված ուժերում կատարվող հանցագործությունների և արտակարգ դեպքերի մասին հարցին` նախարարը նշեց.
-Յուրաքանչյուր դեպք մեզ համար անընդունելի է, յուրաքանչյուր զինվորի կորուստ` ցավալի: Ուզում եմ նշել, որ ոչ մի դեպք անհետևանք չի մնում, բոլոր ուժերը օգտագործվում են` դրանք բացահայտելու, պատճառները վերհանելու և հետագայում բացառելու նպատակով: Վերջին աղմկահարույց դեպքի (զինվոր Աղասի Աբրահամյանի սպանության- Ա.Ա.) կապակցությամբ կարող եմ հայտնել, որ արդեն պարզվել է հնարավոր մասնակցություն ունեցած անձանց շրջանակը, տարվում է լուրջ աշխատանք` իրական փաստերն ու դրդապատճառները շուտափույթ պարզելու համար:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


31/08/2011