ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է
Տարածքը – 2 756 քառ. կմ
ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը-9.3%
Մարզկենտրոնը` ք. Աշտարակ
Տարածաշրջանները` Աշտարակ, Ապարան, Արագած, Թալին
Քաղաքները` Աշտարակ, Ապարան, Թալին
Ամենաբարձր կետը ծովի մակարդակից – 4090 մ (Արագած լ.)
Ամենացածր կետը ծովի մակարդակից – 980 մ
Բնակչությունը – 128.5 հազ. մարդ (2017 թ.)
ՀՀ Արագածոտնի մարզն զբաղեցնում է Արարատյան ֆիզիկաաշխարհագրական շրջանի հյուսիսարևմտյան մասը:
Արագածոտնի մարզը իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից:
Արագածոտնի մարզի տարածքով են անցնում հանրապետական նշանակություն ունեցող 3 ավտո խճուղիները` Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի, Երևան- Աշտարակ-Սպիտակ և Երևան-Արմավիր-Քարակերտ- Գյումրի:
Արագածոտնը ՀՀ այն մարզերից է, որտեղ հանդիպում են հայտնի բոլոր վերընթաց լանդշտաֆտային գոտիները: Շատ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները: Մարզի հիմնական ջրային զարկերակը Քասաղ գետն է` Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով: Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը:
Մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ կլիման բարեխառն է:
Պատմամշակութային առումով մարզը մի յուրօրինակ թանգարան է, ուր պահպանված են Հայաստանի պատմության գրեթե բոլոր շրջաններին բնորոշ պատմական հուշարձանները կամ նրանց վկայությունները: Լավ պահպանված են կիկլոպյան ամրոցները, մ.թ.ա. 3-1-ին հազարամյակի բանակատեղիներ (Գեղարոտ), ամրոցներ (Ամբերդ), Ագարակի, Ավանի, Քաղսիի, Փարպիի բազիլիկները (5-րդ դ.), Օհանավանքը (5-8-րդ դդ.), Շենիկի (5-7-րդ դդ.) , Մաստարայի (6-րդ դ.), Գառնահովիտի (6-7-րդ դդ.), Ներքին Սասնաշենի եկեղեցիները, Քրիստոփորի վանքը (7-րդ դ.), Թեղենյաց վանքը (7-13-րդ դդ.), Սաղմոսավանքը (13-րդ դ.), Աշտարակի կամուրջը (17-րդ դ.): Մինչև այժմ Աշտարակի տարածքում գործում է ուրարտական ժամանակների ջրանցքը, որը արդեն շուրջ 5000 տարի Քասաղից ոռոգման ջուր է մատակարարում Աշտարակի այգիներին:
Աղձքում է գտնվում Արշակունյաց արքաների տոհմական դամբարանը: Պաշտպանական ու պաշտամունքային կառույցների մնացորդներ կան Ամբերդում, Կոշում, Թալինում, Ապարանում և այլուր:
Օշականում, Ամատունի իշխանների տոհմական կալվածքում է ամփոփված հայոց գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի աճյունը:
Մարզն աչքի է ընկնում բնակլիմայական պայմանների բազմազանությամբ:
Մարզի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Տարածված են հատկապես շինանյութերը՝ տուֆը, բազալտը, կրաքարը, կավահողը, խարամը, պեմզան և պեռլիտը: Վերջինս իր որակական հատկություններով համարվում է աշխարհում լավագույններից մեկը:
Մարզի տարածքով է անցնում Արզնի-Շամիրամ ջրանցքը, գործում է նաև Թալինի ջրանցքը:
Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները: Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում:
Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Նրանք բնակվում են ինչպես խառը` հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով:
Արագածոտնի մարզի գիտական կենտրոններն են՝ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը (ՀՀ ԳԱԱ Բյուրականի Աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականին, աստղադիտարանի առաջին տնօրեն Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ, և որի անունով էլ կոչվել է 1998թ.-ից), Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը,Միքայել Տեր-Միքայելյանի անվան Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ:
Աշտարակ-Ապարան ճանապարհին 2012թ. կառուցվել է «Սուրբ խաչ»-ը, բարձրությունը 33 մետր է: «Սուրբ խաչ»-ը բաղկացած է 1711 մեծ ու փոքր մետաղական խաչերից, որոնք խորհրդանշում են Քրիստոնյա Հայաստանի տարիքը: Յուրաքանչյուր տարի այդ խաչերին ավելանում է ևս մեկը:
Արագածոտնի մարզից են ՀՀ Ազգային հերոսներ՝ Գեղազնիկ Արմենակի Միքայելյանը և Թաթուլ Ժորժիկի Կրպեյանը:
ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԳԵՂԱԶՆԻԿ ԱՐՄԵՆԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
նոյեմբերի 16, 1951 – օգոստոսի 29, 1990
Արցախյան ազատամարտի մասնակից,
ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ,
առաջին կամավորական ջոկատների կազմակերպիչներից,
հետմահու ՀՀ Ազգային հերոս (1996)
ԹԱԹՈՒԼ ԺՈՐԺԻԿԻ ԿՐՊԵՅԱՆ
ապրիլի 21, 1965, – ապրիլի 30, 1991
Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ Ազգային հերոս
Արցախյան ազատամարտի ժամանակ 1990 թ. սեպտեմբերից մինչև 1991 թ. մայիս ամիսը, եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատարը
Խորագիր՝ #12 (1234) 28.03.2018 - 3.04.2018, Հոգևոր-մշակութային