ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԻ ԲԱԼԹՅԱՆ ԱՐԾԻՎԸ
Ծովի վրա մղած օդային մարտերում ցուցաբերած խիզախության և օդաչուական բարձր վարպետության համար նա ստացել է «Բալթյան արծիվ», «Բալթյան ծովի մրրկահավ», «Խիզախ բազե», «երկնքում որոտացող կայծակ» պատվանունները:
«Օդաչուն գիտակցում է, որ անվախ է նա, ով առանց երկմտելու ընդառաջ է գնում գեղեցիկ մահին»:
♦♦♦
«Ինձ երբեմն թվում է, թե ես թռչուն եմ, որը երկիր է իջել ու ծանրորեն քայլում է երկրի վրայով: Երկրի վրա ես նույնիսկ ավելի զգուշավոր եմ, քան երկնքում»:
ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Նելսոն Գևորգի Ստեփանյան. Խորհրդային Միության կրկնակի հերոս, ավիացիայի փոխգնդապետ, ավիագնդի հրամանատար:
Ծնվել է 1913 թվականի մարտի 28-ին, Շուշիում:
Ծառայել է Սևծովյան ռազմական նավատորմում. «Իլ-2» գրոհային ինքնաթիռով կործանիչ հարվածներ է հասցրել գերմանական զորամիավորումներին Զապորոժիեի, Պոլտավայի, Օդեսայի, Կախովկայի շրջաններում, եղել Բալթյան նավատորմի 47-րդ գրոհային ավիագնդի էսկադրիլիայի հրամանատար:
Կատարել է 239 մարտական թռիչք:
Անձամբ և խմբի կազմում խորտակել է թշնամական 53 նավ (անձամբ՝ 13):
Ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ՝ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ՝ իրենց օդանավակայաններում), 105 թշնամական հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր։
1932 թվականին ավարտել է Ս. Օրջոնիկիձեի անվան Բաքվի ռազմական ուսումնարանը։
1935 թվականին ավարտել է Բատայսկի քաղավիացիայի օդաչուական դպրոցը:
1935-1938 թթ. որպես հրահանգավորող օդաչու աշխատել է Բատայսկի քաղավիացիայի օդաչուական դպրոցում:
1938-1941թթ. ծառայությունը շարունակել է Միներալնիե Վոդի քաղաքում։
1941թ. օգոստոսից Բալթյան նավատորմի ՌԾՈՒ-ի 57-րդ գրոհային ավիագնդի կազմում պաշտպանել է Լենինգրադը (Սանկտ Պետերբուրգ)։
1942թ. հոկտեմբերի 23-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ բացառիկ խիզախության համար Նելսոն Ստեփանյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում և նույն տարվա նոյեմբերին կապիտան Ստեփանյանը նշանակվում է 57-րդ գրոհային գնդի էսկադրիլիայի հրամանատար։
Լենինգրադի մատույցներում լեգենդար հայ օդաչուն, կամ ինչպես մարտական ընկերներն էին կոչում՝ Բալթիկ ծովի մրրկահավը, իրականացրել է մոտ 60 մարտական թռիչք, իր օղակի հետ միասին ոչնչացրել և շարքից հանել է 8 տանկ, մոտ 90 ավտոմեքենա, ավելի քան 60 զենիթային հրանոթ և գնդացիր։
1944թ. ապրիլին Ստեփանյանը նշանակվում է 47-րդ գրոհային ավիագնդի (հետագայում «Թեոդոսիական») հրամանատար, որը մարտեր էր մղում Ղրիմի և Կուբանի երկնքում։
Հերոս օդաչուի հրամանատարությամբ ավիագունդը մասնակցել է Թեոդոսիայի, Սևաստոպոլի, Սուդակի մոտ մղվող մարտերին։
1944թ. ապրիլի 16-ին Ստեփանյանի հրամանատարությամբ 12 Լս-2 ինքնաթիռներից կազմված խումբը խորտակում է 3 դեսանտային բարժա, իսկ նույն թվականի մայիսի 22-ին մասնակցում է թշնամական շարասյան կործանմանը, որի ժամանակ էլ նրա ինքնաթիռը լուրջ վնասվածքներ է ստանում։
Ղրիմի օպերացիայի ընթացքում Նելսոն Ստեփանյանը ոչնչացրել է 8 տրանսպորտային նավ, 12 արագընթաց դեսանտային բարժա, 9 պահակային կատեր, ավելի քան 3000 թշնամական զինվոր և սպա։
1944թ. մայիսին Ստեփանյանն իր 47-րդ գրոհային ավիագնդի հետ վերադառնում է Բալթյան ռազմաճակատ, մասնակցում է Ֆիննական ծոցի մարտերին։
1944թ. օգոստոսի 20-ին Մերձբալթիկայի օդային մարտերում ցուցաբերած խիզախության համար Նելսոն Ստեփանյանին շնորհվում է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում:
1944թ. դեկտեմբերի 14-ին Լիեպայայի նավահանգստի ռմբակոծման ժամանակ հերոս օդաչուի գրոհային խումբը հարձակման է ենթարկվում գերմանական 30 կործանիչների կողմից։ Ստեփանյանն անցնում է հակահարձակման, սակայն նրա ինքնաթիռը խփվում է. և նա վնասված ինքնաթիռն ուղղում է դեպի թշնամական նավը։
Լեգենդար օդաչուի հիշատակին 4 արձան է կանգնեցվել՝ Երևանում, Ստեփանակերտում, Լիեպայայում և հերոսի ծննդավայր Շուշիում, որը ցավոք ավերվել է ազերիների կողմից, իսկ Լիեպայայի արձանը 1990-ականներին տեղափոխվել է Կալինինգրադ։
1954 թվականից Երևանի թիվ 71 դպրոցը կրում է ԽՍՀՄ կրկնակի հերոսի անունը։
Հայրենական մեծ պատերազմի պատմության մեջ նրա անունը դաջվել է որպես «Բալթյան արծիվ»: Նրա կյանքը շատերի համար առնականության, խիզախության ու հերոսության վառ օրինակ է:
Ուլյանովսկի տեխնիկական համալսարանի պատմության ու մշակույթի ամբիոնի պրոֆեսոր Վլադիմիր Գուրկինը հիշում է. «Նրա մասին գիրք գրելիս կապ եմ հաստատել կործանիչ գնդի գերմանացի նախկին հրամանատարի հետ: Երբ մենք սկսեցինք մեր հեռախոսազրույցը, նա Նելսոն Ստեփանյանի անունը լսելուն պես ասաց՝ ախթունգ (զգույշ), Նելսոն. գերմանացի օդաչուները սովորաբար այսպես էին նախազգուշացնում միմյանց: Սա վկայում է, որ Նելսոնն ապրում է նույնիսկ այն ժամանակվա թշնամիների հիշողության մեջ»:
Նելսոն Ստեփանյանը կարողացել է հստակ ու հիմնավորված որոշումներ ընդունել, որոնք հիմնված էին ճիշտ օպերատիվ հաշվարկների, կշռադատված եզրահանգումների ու հայրենիքի նկատմամբ ունեցած մեծ սիրո վրա:
Ռազմական գործում Նելսոն Ստեփանյանի փորձն ու վաստակն անգնահատելի են: Այսօր էլ օդաչուական դպրոցներում ուսումնասիրում են լեգենդար հայորդու ռազմական գործողությունների իրականացման փորձը:
Պատրաստեց ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Խորագիր՝ #12 (1234) 28.03.2018 - 3.04.2018, Ճակատագրեր