ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ
Հայոց բանակի քաջ ու անվախ զինվոր, գրում եմ քեզ այդ տողերը մեծ հպարտությամբ եւ անսահման ոգեւորվածությամբ:
Պատիվ է ապրել, արարել, ստեղծել եւ ստեղծագործել քո արիության, քո քաջության եւ տոկունության շնորհիվ հարատեւող խաղաղության մեջ:
Սիրելի՛ զինվոր, ես գիտեմ, որ խաղաղությունը թանկ, շատ թանկ գնով է պահպանվում. հորեղբայրս՝ հետախույզ Արտակ Մանասյանը, զոհվել է 1996թ. հոկտեմբերի 30-ին, մարտական առաջադրանք կատարելիս…Հորեղբայրս կռվել է Մոնթեի ջոկատում. տարիքով ամենակրտսերն էր, բայց խիզախությամբ չէր զիջում մյուսներին:
Սիրելի՛ զինվոր, դու ես մեր երկրի պաշտպանը, մեր ուժը, մեր հույսն ու ապավենը, ու մենք հավատում ենք քեզ, քո անկոտրում կամքին, քո վճռականությանը:
Գիտեմ, որ հիմա անվարան, ամուր եւ հաստատուն կանգնած ես սահմանին ու պահպանում ես քեզ ծանոթ եւ անծանոթ հազարավոր մարդկանց խաղաղությունն ու անվտանգությունը:
Հրաժեշտ չեմ տալիս քեզ, իմ զինվոր եղբայր, քանզի մենք միշտ միասին ենք ու միասնական, մեկմեկու թեւութիկունք եւ միասին անպարտելի ու զորավոր ենք մեր փառավոր անցյալով, խաղաղ ներկայով եւ հուսալի ապագայով:
Քո քույր՝ Սյուզաննա Մանասյան
Մարտունի
Խորագիր՝ #12 (1234) 28.03.2018 - 3.04.2018, Բանակ և հասարակություն