Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ



ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ«Յարեաւ Աստուած, եւ ցրուեցան

ամենայն թշնամիք նորա»:

(Սաղմոս 67:2)

 

Սիրելի՛ հավատացյալ եւ հավատարիմ հայորդիներ,

Հարգարժան սպաներ եւ քաջահոգի զինվորներ Հայոց բանակի

Հաղթական հարություն է տոնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին 2018 թվականին: Հիսուս Քրիստոսի հարությունը տիեզերական իրադարձություն է, որն ընդգրկում է իր մեջ բոլոր մարդկանց եւ ողջ արարչությունը: Հարությունը պարզապես կյանքի շարունակության երաշխիք չէ: Հարությունը զորավոր իրականություն է, որ Եկեղեցու միջոցով արդեն ներկա է աշխարհում, եւ որն ամբողջանալու է Հարուցյալ Քրիստոսի երկրորդ գալուստով: Հայաստանյայց եկեղեցու զավակներս Հարության իրադարձությանն ենք մասնակից շուրջ երկու հազարամյակ ու այդ հավատքով է, որ սովորել ենք ոչ միայն ապրել, այլեւ հաղթել: Մահվան դեմ Տիրոջ հաղթանակն է, որ մեզ ավանդել եւ սովորեցրել է հաղթել ցանկացած ուժի, որ մահ է բերում: Կյանքի նկատմամբ սեր ու վստահություն է տվել մեզ հարուցյալ Փրկչին հավատալը: Այս փաստով է, որ հատկապես պետք է նշանավորվի  Տիրոջ հարության տոնը 2018 թվականին, քանի որ այս նույն ժամանակահատվածում է, որ մենք վկայակոչում ենք Սարդարապատի հերոսամարտի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակները:  Հերոսամարտի եւ հանրապետության հռչակման իրադարձությունները հայտնի կերպով փոխկապակցված են: Եվ ահա նրանց է այս տարի նախորդում Քրիստոսի Հարության տոնը եւ մեզ հուշում, թե որտեղից են բխում այս պատմական ծայրահեղ ծանր պայմաններում իրագործված սխրանքները:

Հարության հաղթանակի ուժը այսօր ներկա է մեր բանակում: Թշնամությունը հեռանում ու թաքնվում է այդ զորությունից: Թշնամիները պարտվում են այնտեղ, ուր ներկա է Հարություն առած Տերը: Հիսուս Քրիստոս միշտ ներկա է խաղաղության պահապան զինվորների սրտերում:

Հարգարժան զորականներ Հայոց բանակի

Այս մեծասքանչ տոնին, «յարեաւ Քրիստոս» ավետիսով, զինված ուժերի գնդերեցների եւ իմ անունից օրհնություն ու բարեմաղթանքներ ենք բերում բանակի սպաներին, իրենց ընտանիքներին ու զինվորներին: Տիրոջ փրկագործ Սուրբ Հարության առաջին վկաները հենց զինվորներն են եղել, որի շնորհանորոգ խորհրդով այս օրերին ի խորոց սրտի աղոթքս է առ Հարուցյալ Փրկիչը, որ Իր Սուրբ Աջով միշտ պահպանի Հայաստան աշխարհը եւ նրա անվտանգության երաշխիք Հայոց բանակի քաջարի զինվորներին ու հրամանատարներին:

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ

ՕՐՀՆԵԱԼ Է ՀԱՐՈՒԹԻՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

Խորագիր՝ #12 (1234) 28.03.2018 - 3.04.2018, Հոգևոր-մշակութային


29/03/2018