ՄԱՐԶԻ ՄԻԱԿ ԿԻՆ ԶԻՆՂԵԿԸ
Անահիտ Դալլաքյանը Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի մուտքի մոտ դիմավորում է ինձ, ապա ուղեկցում նախնական զինվորական պատրաստության դասասենյակ:
Տիկին Դալլաքյանը դաշտային համազգեստով է, զինվորականներին բնորոշ կարճ սանրվածքով, ոչ այնքան բարձրահասակ, զգաստ ու ձիգ կեցվածքով: Ներս ենք մտնում:
-Զգա՛ստ,- լսվում է աշակերտներից մեկի ձայնը: Զինղեկն ուժգին ու խրոխտ ողջույն է տալիս:
Դասարանի ավագ Արթուր Վասիլյանը՝ որպես «դասակի հրամանատար», զեկուցում է դասին ներկա-բացակա աշակերտների մասին, հետո երգում են պետական օրհներգը:
Նստում եմ վերջին շարքում: Դասն սկսվում է զենքը քանդել-հավաքելու նորմատիվն անցկացնելով: Խիստ, պահանջկոտ, բայց համբերատար ուսուցչուհին հետևում է առաջադրանքի ընթացքին: Նկատում եմ, որ աշակերտները ընկեր Դալլաքյանի հետ խոսելիս օգտագործում են «ճիշտ այդպես» և «ոչ մի կերպ» բանակային բառակապակցությունները: Բոլորը մասնակցում են դասին, բայց ոչ մի ավելորդ շարժում, ոչ մի խանգարող ձայն: Գոհ է՝ պատրաստված են աշակերտները: Փոքր-ինչ փոխվում է ուսուցչուհու խստությունը՝ ժպիտ է հայտնվում դեմքին: Զինվորական կարգապահությամբ և պատասխանատվությամբ զինղեկն սկսում է բացատրել նոր թեման՝ պատասխանելով անհասկանալի թվացող հարցերին:
Զանգն արդեն հնչել է, բայց ոչ ոք չի շարժվում:
-Ոտքի՛, կարգի՛ բերել դասարանը:
Մի քանի րոպե անց դասասենյակում մնում ենք երկուսով:
-Ես ունեմ լավ ընտանիք: Մեծ ընտանիքի մայր եմ՝ չորս երեխաների մայր, չորս թոռնիկների տատիկ: Ընտանիքով զինվորականներ ենք: Տղաս և ամուսինս էլ կյանքը նվիրել են բանակին: Ճակատագրի բերումով ես էլ ամուսնուս հետ, քայլելով կյանքի արահետներով, դարձա զինվորական:
1992թ.-ից զինված ուժերում եմ, 1999թ. այս դպրոցում, իսկ 2009թ. Պատանի երկրապահ կամավորական միության մարզային պատասխանատուն եմ: Արմավիրի մարզի միակ կին զինղեկը լինելուց զատ, վերապատրաստող ուսուցիչ եմ՝ նախնական զինվորական պատրաստություն առարկայից, ինչի համար հպարտ եմ:
-Տղամարդիկ զբաղված են, իսկ ես համակարգում եմ բոլորի աշխատանքները՝ մեծագույն նվիրումով, սիրով ու պատրաստակամությամբ,- ժպիտը դեմքին պատմում է ավագ լեյտենանտ Անահիտ Դալլաքյանը: -Երբ սկսվեց իմ զինվորական ուղին, ես նույնիսկ պատկերացնել չէի կարող, որ այն ճակատագրական է լինելու: Ամուսնուս հետ ծառայել ենք Գերմանիայում, Ռուսաստանում, Միջին Ասիայում և վերջում հանգրվանել ենք Հայաստանում: Ամենաբարդ ու դժվար ժամանակաշրջանն էր՝ 90-ականների սկիզբը: Որպես մանկավարժ-հոգեբան դպրոցում աշխատելու մասին երազել անգամ չէի կարող. ամուսնուս հետ անցա ծառայության զորամասում, մնացի՝ կյանքս կապելով զինվորի, բանակի, հայրենիքի հետ: Զորացրվելուց հետո միայն սկսեցի աշխատել իմ մասնագիտությամբ: Շաբաթը յոթ օր ես դպրոցում եմ: Երևանից հասնում եմ Արմավիր: Չեմ բողոքում: Ընտանիքի գործերն էլ եմ հասցնում: Զինվորական կինն ամեն ինչի կարողանում է հասնել: Տանն էլ եմ այսպիսին՝ խիստ ու պահանջկոտ: Բնավորությունս կարծրանում է: Մեկ-մեկ որդիս կատակով ասում է՝ մա՛մ, մենք արդեն տանն եք: Գիտե՞ք, ինչպես է: Տանն էլ, դպրոցում էլ փոխադարձ հարգանքը կարևոր է: Եթե ես մտնեմ դպրոց, ու նստարանին նստած աշակերտը ոտքի չկանգնի, ես այլևս դպրոց չեմ մտնի: Դա կնշանակի, որ իմ առաքելությունն ավարտված է…
Առաջին հայացքից ուժեղ, խիզախ ու մարտական տրամադրված տիկին Դալլաքյանը կորցրած և վերագտած ծննդավայրի, հող ու ջրի մասին պատմելիս չի կարողանում թաքցնել հուզմունքը.
-Տուն ենք թողել, պապերիս գերեզմաններն ենք թողել… Դաշտային Արցախն իմ մանկության բնօրրանն է: Նախնիներս Գարդման աշխարհից են՝ Բարուն գյուղից: Ասում են՝ էրգիր թողեցինք: Ճիշտ են ասում: Գնացի Արևմտյան Հայաստանն էլ տեսա և հասկացա, որ էրգիր ենք թողել՝ հայրենիք: Մեր ճակատագիրն է: Կորուստների գնով, բայց հաղթանակներով կարողացանք Արցախ աշխարհը պահել:
Մանկավարժ-հոգեբան զինվորականը աշակերտների հետ աշխատելու իր մեթոդներն ու սկզբունքներն ունի:
-Աշխատում եմ ծառայության մոտիվացիան բերել դպրոց, դասարան: Աշակերտներիս, խմբակ հաճախող երեխաներին ոչինչ չի պարտադրվում: Զինվորականը պիտի հոգով այդպիսին լինի: Ստիպողաբար ոչինչ չի ստացվի: Սաներիցս նույնիսկ երկուսն էլ սպա դառնան՝ ես ինձ երջանիկ կզգամ:
Զորամասից դպրոց: Դժվար էր: Երեխաների հետ ուրիշ է: Դուք նկատեցի՞ք, որ ես աշակերտներիս ազգանունով եմ դիմում: Աշակերտական նստարանից երեխան պիտի գիտակցի, թե ինչ է պատասխանատվությունը, նախ՝ ծառայությունը, իմ դասը, հետո նոր՝ իմ անձնական կյանքը, իմ տունն ու հարազատները,- խոսքն ամփոփում է զինղեկը:
ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ
Խորագիր՝ #13 (1235) 4.04.2018 - 10.04.2018, Ազգային բանակ