ԳԵՐՄԱՆԱՑԻ ԶԻՆԱԳՈՐԾՆԵՐԻՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ՔԱԴԱՖԻԻՆ ԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԵՋ
Լրագրողները Լիբիայում հայտնաբերել են գերմանական Heckler & Koch ընկերության արտադրած զենքեր, որոնք, հնարավոր է, այդ երկիր են մատակարարվել` շրջանցելով Գերմանիայի կառավարության սահմանած արգելքները:
Ապստամբների կողմից մայրաքաղաք Տրիպոլին գրավելուց հետո նրանց ձեռքում են հայտնվել HK G-36 ինքնաձիգներ: Որոշ տվյալներով նրանց բաժին է հասել ինքնաձիգի HK G-36 KV (հատուկ նշանակության ստորաբաժանումների համար նախատեսված, կարճեցված փողով տարբերակ) մոդիֆիկացիայի մի ամբողջ պահեստ: Բոլոր միավորների վրա առկա են գործարանային դրոշմներ:
Գերմանիայի իշխանությունները պնդում են, որ թույլ չեն տվել զենք մատակարարել Լիբիա: Իսկ Heckler & Koch ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ երբևէ ինքնաձիգներ չեն մատակարարել այդ երկիր, քանի որ գերմանական օրենքները արգելում են զենք վաճառել այն պետություններին, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, կամ այն կարող է օգտագործվել խաղաղ բնակչության դեմ:
Այս ընկերությունը առաջին անգամը չէ, որ կասկածվում է զենքի վաճառքի սահմանափակումները խախտելու մեջ: 2010թ. ընկերության գրասենյակներում խուզարկություններ են կատարվել, ապա արգելվել է արտադրանքի արտահանումը, մասնավորապես, Մեքսիկա:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական