ՄԻՇՏ ԶԳՈՆ ՈՒ ՊԱՏՐԱՍՏ
Օրերս 2-րդ զորամիավորումը, տարբեր զորատեսակների ներգրավմամբ, անցկացրեց «Հակառակորդի հանկարծակի հարձակման դիմագրավումը և ոչնչացումը` կիրառելով նոր տեխնոլոգիաներ» թեմայով հրամանատարաշտաբային զորավարժություն:
Արտապլանային զորավարժությունը մի քանի կարևոր նպատակ էր հետապնդում. ստուգել հյուսիսարևելյան ուղղությամբ բանակային զորամիավորման զորամասերի, ուժեղացման և աջակցման ուժերի ու միջոցների մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման իրատեսությունը՝ հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում, կատարելագործել կառավարման մարմինների գործնական ունակությունները՝ զորքերը մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման և պահպանության տեղամասերի խորքը ներթափանցած հակառակորդի ուժերի և միջոցների դիմագրավման ու ոչնչացման միաժամանակյա կազմակերպման ընթացքում, բարձրացնել զորքերի դաշտային վարժվածության մակարդակը, ամրապնդել հակառակորդի անմիջական ներգործության պայմաններում մարտական խնդիրների կատարման հմտությունները:
Զորավարժության կրակային փուլին հետևում էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ և ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր:
ՈՒժեղացման միջոցներով և ուժերով համալրված բանակային զորամիավորումը խաղարկեց ինչպես թափանցած հակառակորդի ոչնչացման, այնպես և հետմղման ու հակագրոհի դրվագները: Համաձայն խաղարկվող իրադրության` հակառակորդի հարվածային խմբավորումները հանկարծակի հարձակման է անցնում հյուսիսարևելյան ուղղությամբ` լայնորեն կիրառելով հատուկ նշանակության ստորաբաժանումներ, իրականացնելով զորաշարժի տարբեր տեսակներ: Խնդիրները կատարելու համար հակառակորդը կիրառում է մարտավարական օդային դեսանտներ: Գործի դնելով մարտավարական և բանակային ավիացիան, ռեակտիվ ու հեռահար հրետանային միջոցները` հակառակորդը մեր զորքերին կրակային խոցում է հասցնում:
Ի պատասխան թշնամու ձեռնարկած գործողությունների` բանակային զորամիավորումը վարում է օջախային պաշտպանական մարտական գործողություններ եւ բանակային ավիացիայի հարվածներով ու հրետանու կրակով խոցում հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումները, հայտնաբերված պահեստազորը, օբյեկտներն ու նշանակետերը և վերականգնելով դրությունը` ստիպում կնքել կրակի դադարեցման համաձայնագիր:
-Այս զորավարժությունն առանձնահատուկ է նրանով,- նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը,-որ մենք առաջին անգամ զորքերի ընդգրկմամբ զորավարժություն ենք իրականացնում անմիջականորեն առաջնագծի պահպանության տեղամասում, մասամբ նաև մարտական հրաձգությամբ` ինչպես հրետանու, այնպես և ավիացիայի կիրառմամբ: Զորավարժությունը նախ և առաջ նպատակ ուներ հղկելու մարտական գործողությունների վերսկսման դեպքում բարդ լեռնային պայմաններում մեր անձնակազմի՝ մարտական գործողություններ վարելու հմտությունները: Զորավարժության ընթացքում մենք վերանայեցինք ոչ միայն որոշումները, այլև ժամանակային հաշվարկների փոփոխությունները` իրականացնելով մեր միջոցների, ուժերի վերախմբավորում:
2-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Դավիթ Մանուկյանի խոսքերով` զորավարժությունը հնարավորություն ընձեռեց մեկ անգամ ևս ճշգրտելու պլանների իրատեսությունը՝ հակառակորդի հնարավոր սադրանքների դեպքում: «Զորավարժության ընթացքում հղկվեցին հակառակորդի կողմից առաջնագծի հատման դեպքում մեր զորամիավորմանը ենթակա զորամասերի և ուժեղացման միջոցների, ուժերի հետ համատեղ իրականացվող գործողությունները: Սա ևս մեկ առիթ էր ստուգելու և հստակեցնելու յուրային զորքերի` տվյալ ուղղություններով ամուր և հզոր պաշտպանության կազմակերպման խնդիրները` բացառելով հակառակորդի` տվյալ ուղղությամբ հարձակողական գործողություններ իրականացնելու դեպքում հաջողության հասնելու հնարավորությունը»:
Ղեկավար շտաբի գնահատմամբ` զորավարժությունն անցավ մասնագիտական բարձր մակարդակով, կառավարման մարմինները գործեցին համակարգված, զորքերը ցուցադրեցին բարձր արհեստավարժություն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարության գնահատականն է` ցանկացած պահի ստորաբաժանումները պատրաստ են առաջադրված մարտական խնդիրներն ըստ արժանվույն կատարելու:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #14 (1236) 11.04.2018 - 17.04.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում