Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ» 25 ՏԱՐԵԿԱՆ Է



ՄԵՆՔ 25 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ պաշտպանության նախարար

հոկտեմբեր 2003թ.

 

«Հայ զինվորը» բանակի կողքին է ու նաեւ բոլոր նրանց հետ, ում համար բանակը հարազատ է ու սրտամոտ, ով անտարբեր չէ բանակի ցավուհոգսի, դժվարությունների ու խնդիրների հանդեպ, ով բանակի նվաճումները իրենն է համարում, հպարտանում է նրա հաղթանակներով ու ձեռքբերումներով։ «Հայ զինվորը» ծնունդ առավ բանակաշինության ակունքներում, դարձավ նրա տարեգիրը։ «Հայ զինվորը» թրծվեց պատերազմի բոցերում, հասավ առաջին գիծ, գոտեպնդեց¬ոգեւորեց իր հողն ու օջախը կյանքով ու արյամբ պաշտպանող քաջորդիներին, լավատեսություն ու կամք ներշնչեց նրանց ու իր անխորտակ ոգու զորությունը պատվար դարձրեց թշնամու առաջ։ Հետո անցավ գյուղից գյուղ, մտավ տնից տուն ու ռազմաճակատային ամենաթարմ լուրերի հետ հավատ ու հույս սփռեց հայկական օջախներում։ Բանակի ու ժողովրդի հետ պատերազմի այս փուլը հաղթանակով ավարտած «Հայ զինվորը» զինադադարի տարիներին նույնքան եռանդուն ու տքնաջան լծվեց բանակաշինության դժվար, բայց նվիրական գործին. նրա աչքից չվրիպեց ոչ մի խնդիր, թերություն, չանտեսվեց ոչ մի ձեռքբերում ու հաղթանակ, «Հայ զինվորի» էջերում իրենց հուզող հարցերի պատասխաններն ստացան եւ՛ շարքայինը, եւ՛ հրամանատարը, եւ՛ ազատամարտիկը։ Նա դարձավ բանակի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու խոսափողը։ Նա դիրքերում սահման պահող զինվորի զրուցակիցն է ու նրան սպասող ընտանեկան օջախի ավետաբերը՝ միշտ ամենաթեժ կետերում, նվիրված ու հավատարիմ։ Այդուհանդերձ, ամենագլխավորն ու գնահատելին «Հայ զինվորի» սերն է բանակի հանդեպ, նրա յուրաքանչյուր տողում զգացվում է զինվորին սատարելու պատրաստակամություն, զինվորի հոգսը կիսելու ցանկություն։ «Հայ զինվորը» բանակի հանդեպ սեր ու նվիրում է ներշնչում իր բոլոր ընթերցողներին։

Ե՛վ ազգային բանակը, ե՛ւ նրա անբաժան մասը՝ «Հայ զինվորը», նոր են ճանապարհ ելել եւ դեռ երկար պիտի քայլեն միասին, իրենց կենսագրությունը հարստացնեն նոր նվաճումներով ու հաղթանակներով։ Համոզված եմ, որ կենսափորձը ձեռքբերումների երաշխիք կդառնա, եւ «Հայ զինվորը» պատվով կհաղթահարի կատարելագործման ճանապարհի բոլոր դժվարությունները։ Շնորհավորում եմ «Հայ զինվորի» ողջ անձնակազմին, ընթերցողներին, զինվորներին ու սպաներին թերթի 10-ամյակի եւ հոբելյանական 500-րդ համարի լույսընծայման կապակցությամբ, առաջին հերթին ցանկանում եմ, որ թերթն այլեւս առիթ չունենա պատերազմական լուրեր հաղորդելու, լինի անաչառ, սկզբունքային, երբեք հուսախաբ չանի հավատավոր ընթերցողին։ Բեղուն աշխատանք, կորով ու եռանդ «Հայ զինվորին»՝ ի փառս Հայրենիքի, Բանակի ու Զինվորի։

Խորագիր՝ #14 (1236) 11.04.2018 - 17.04.2018, Բանակ և հասարակություն


12/04/2018