Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՎԱՄՈՐԹ ԼԻԲԻԱՑԻՆԵՐԻ ԷԹՆՈՑԻ՞Դ



Մինչ Արևմուտքը տոնում է Լիբիայում Քադաֆիի վարչակարգի տապալումն ու այս պետությունում ևս ժողովրդավարության հաղթանակը, վերլուծաբանները խոսում են բոլորովին այլ երևույթի՝ սպիտակամորթ լիբիացիների կողմից երկրի սևամորթ բնակչության նկատմամբ զանգվածային հաշվեհարդարների մասին, ինչը վկայում են նաև Լիբիայից ստացվող տեսանյութերը: Նման դեպքերի պատճառով Աֆրիկյան միությունը չի ճանաչում Լիբիայի անցումային ազգային կառավարության օրինականությունը:

Սևամորթների սպանությունները Բենգազիում սկսվեցին ապստամբության առաջին օրերին: Ապստամբներն այն ժամանակ արդարանում էին, թե ոչնչացնում են Չադից և աֆրիկյան այլ երկրներից Քադաֆիի հրավիրած վարձկաններին, սակայն այդ բացատրությունն այսօր առավել քան անհամոզիչ է:

Սևամորթները Միջերկրական ծովի ափերին հայտնվել են հին դարերում: Նրանց, որպես ստրուկներ, բերում էին Աֆրիկայի խորքերից, իսկ միջնադարում որոշ սուլթաններ անգամ զվարճանում էին սևամորթների որս կազմակերպելով:
Քադաֆին ցանկանում էր միավորել Աֆրիկան, փորձում էր կառուցել յուրատեսակ իսլամական սոցիալիզմ և անգամ արաբների ու սևամորթների ամուսնությունների միջոցով ստեղծել աֆրիկյան միասնական ազգ: Իր իշխանության հաստատման սկզբից նա պաշտպանել է սևամորթ լիբիացիներին՝ նրանց դարձնելով պետության իրավահավասար քաղաքացիներ: Փոխարենը Քադաֆին իրապես վայելել է Լիբիայի սևամորթների աջակցությունը:

Ազգագրագետների ու փորձագետների մի մասը լուրջ մտավախություններ ունի, որ Քադաֆիի իշխանազրկումից հետո, ով կարողանում էր հարթել բնակչության էթնիկ ու դավանական հակասությունները, հատկապես Լիբիայի խորքում ապրող ցեղերի կողմից սևամորթների զանգվածային ջարդեր կսկսվեն: Հատկանշական է, որ արևմտյան մամուլն այս մասին զարմանալիորեն լռում է` փոխարենը Քադաֆիին ներկայացնելով որպես մոլագար և դրանով հասարակության ուշադրությունը շեղելով Լիբիայում հեղվող արյունից:

Խորագիր՝ Նորություններ


02/09/2011