Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱՅԻ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆԱՇԱՏ ՏՈՒԺՈՂԸ ԹՈՒՐՔԻԱՆ Է



 

 

ՍԻՐԻԱՅԻ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆԱՇԱՏ ՏՈՒԺՈՂԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԷՄինչ մեկնաբանների մեծ մասը կենտրոնացել է Սիրիայում ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական թիրախային հրթիռակոծության պատճառների և հետևանքների վրա, շատ քչերն են գիտակցում, որ այս հարձակման արդյունքում ամենաշատ տուժողը Թուրքիան է:

Երկու շաբաթ առաջ, երբ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները «շատ շուտով» իր զինվորներին դուրս կբերի Հյուսիսային Սիրիայից, թուրքական կառավարությունը հրճվանքի մեջ էր: Թուրքական ներխուժումը Աֆրին նպատակ էր հետապնդում ընդլայնելու Մանբիջի և ամբողջ Հյուսիսային Սիրիայի բռնազավթումը՝ այդ շրջանից քուրդ զինյալներին դուրս մղելու համար: Թուրքական զորքերի ճանապարհին միակ խոչընդոտը ամերիկյան զինված ուժերն էին՝ Մանբիջի շրջանում իրենց 2000 զինվորներով: Ամերիկյան զորքերի վրա հարձակվելու թուրքական հաճախակի սպառնալիքները չէին վախեցրել Միացյալ Նահանգների հրամանատարներին, որոնք հաստատակամ էին տեղի քրդական բնակչության պաշտպանության գործում:

Երկու շաբաթվա ընթացքում Թրամփը փոխեց իր դիրքորոշումը Սիրիայից ամերիկյան զորքերի անհապաղ դուրսբերման վերաբերյալ: Վաշինգտոնի և Փարիզի վերջին զեկույցներում նշվում է, որ Պենտագոնը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «համոզել» են նախագահ Թրամփին ԱՄՆ զինված ուժերը պահել Սիրիայում, մինչև Սիրիայի ճգնաժամի լուծումը կամ արևմտյան ու արաբական այլ երկրների կողմից ամերիկյան ուժերի փոխարինումը: Թուրքիայի ղեկավարները ևս հիասթափված էին, որ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պաշտոնանկության պատճառով չէր կարող պահել Էրդողանին տված իր խոստումը, որ ամերիկյան զորքերը շուտով կհեռանան Հյուսիսային Սիրիայից:

Սիրիայում ամերիկյան զորքերի մնալու պատճառով կսահմանափակվի  Թուրքիայի կարողությունը՝ հարձակվելու Հյուսիսային Սիրիայում քրդական զինյալների վրա: Չնայած իր խենթ պոռթկումներին՝ Էրդողանը չի պատրաստվում թիրախավորել ԱՄՆ-ի զինված ուժերը կամ իր իսկ խոսքով՝ «օսմանյան ապտակ հասցնել ամերիկացիներին»… Այսպիսով, Դամասկոսի մերձակայքում գտնվող Դումայում քաղաքացիական անձանց վրա Սիրիայի կառավարության կողմից քիմիական հարձակումների անհիմն մեղադրանքները հավանաբար կազմակերպված էին նրանց կողմից, որոնք ցանկանում էին կանխել ամերիկյան զորքերի դուրսբերումը Հյուսիսային Սիրիայից՝ մեծ ցավ պատճառելով Թուրքիային… Հետաքրքիր է, որ հիթիռակոծությունից քիչ առաջ Թրամփն իր ելույթում ոչ մի խոսք չի ասել, թե ինչ ապացույցներ ունի քիմիական հարձակման համար Սիրիայի վարչակազմի պատասխանատվության մասին:

ՍԻՐԻԱՅԻ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆԱՇԱՏ ՏՈՒԺՈՂԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԷԻ դեպ, Սիրիայի հիթիռակոծությունը հակասական արձագանքներ է առաջացրել Թուրքիայում: Թեև Էրդողանը դժգոհ էր Սիրիայում ամերիկյան զորքերի մնալուց, սակայն հրճվանքի մեջ էր Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հարձակումներից, քանի որ Թուրքիան ցանկանում էր թուլացնել սիրիական վարչակարգը և տապալել նախագահ Բաշար ալ Ասադին: Սակայն հրթիռակոծությունը նման նպատակ չի ունեցել, ինչպես նախագահ Թրամփն էր հարձակումից հետո գրել իր թվիթերյան էջում՝ «Առաքելությունն ավարտված է»… Բոլորը, բացառությամբ Էրդողանի, համաձայն են, որ նախագահ Ասադը տիրապետում է իրավիճակին Սիրիայի ճգնաժամում, և նրա տապալումը կնպաստի տիրող իրավիճակի վատթարացմանը Սիրիայում ու տարածաշրջանում…

Սիրիայի հրթիռակոծության թուրքական գովասանքի մյուս բացասական հետևանքը հարաբերությունների վատթարացումն է Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի միջև, որոնք նախագահ Ասադի հավատարիմ պաշտպաններն են ու այդ հարվածների խիստ քննադատողները: Բացի այդ, Էրդողանը թշնամացրել է իր ներքաղաքական ընդդիմությանն ու թուրքական հասարակության մի ստվաr հատվածի, որոնք վրդովված են եղբայրակից մահմեդական երկրի վրա արևմտյան երկրների հարձակումների պատճառով:

Թուրքիան նաև դժգոհ է, որ նախագահ Թրամփը հարձակումից առաջ իր ելույթում որպես «մեր բարեկամներ» հիշատակել է «Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Քաթարը և Եգիպտոսը»` անտեսելով ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային:

Այդուհանդերձ, ընդգծենք, որ Թրամփը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Ֆրանսիայի նախագահ Մակրոնը խախտել են իրենց երկրների սահմանադրությունները՝ պատերազմելով մեկ այլ ինքնիշխան պետության դեմ, առանց ստանալու իրենց օրենսդիր մարմինների համաձայնությունը:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #16 (1238) 25.04.2018 - 01.05.2018, Տարածաշրջան


26/04/2018