Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԵՆՍԱՊԱՏՈՒՄԻ ԴՐՎԱԳՆԵՐ



Սկիզբը` նախորդ համարում

ԿԵՆՍԱՊԱՏՈՒՄԻ ԴՐՎԱԳՆԵՐՔահանայության ձեռնադրությունը

Ապագա Հայրապետի համար դժվար էր հրաժեշտ տալ իր այնքան սիրած ուսուցչությանը  եւ դառնալ հոգեւորական, բայց ռումինահայերն ավելի հետեւողական եղան  իրենց խնդրանքում` համայնքին հենց նման գրագետ ու հեղինակավոր հոգեւոր հովիվ է հարկավոր։ Բառի բուն իմաստով դժվար եղավ ճանապարհորդությունը Բուխարեստից Աթենք, ուր մեկնեց քահանա ձեռնադրվելու, քանի որ Ռումինիայում այդպիսի արարողակարգ կատարելու իրավունք ունեցող հայ բարձրաստիճան հոգեւորական չկար։ 1943 թվականն էր, սեպտեմբեր ամիսը, եւ պատերազմը մոլեգնում էր նաեւ այդ կողմերում։ Ուղեկցող քահանայի հետ վտանգներով անցավ գնացքից գնացք, հարկ եղավ մի քանի անգամ խուսափել անգլո-ամերիկացիների ռմբակոծություններից։ Հետո կվերհիշի. «Այդ  ճանապարհորդությունը, որ տասն օր տեւեց, իսկական ոդիսական էր։ Վերջապես հասանք Աթենք` վախեցած, շվարած, հոգնած եւ հուսահատված։ Բայց այնտեղ հայ գաղութը կար, օգնեց»։

Ապագա Հայրապետի կուսակրոն քահանայության ձեռնադրությունը կատարվում է մի հինգշաբթի օր, Աթենքի Տուրղուդի Ֆիքսի թաղի հայոց Սուրբ Կարապետ եկեղեցում, հունահայ թեմի առաջնորդ Կարապետ արքեպիսկոպոս Մազըլմյանի ձեռամբ։ Լեւոն Պալճյանն այդ օրը ձեռնադրվում է քահանա եւ վարդապետ` անվանվելով Տեր Վազգեն։ Դա 1943թ. սեպտեմբերի 29-ն էր։

 

Առաջին պատարագը

Պատերազմական Աթենքը ծանր վիճակի մեջ էր` անընդհատ ռմբակոծություններ էին, տրանսպորտը չէր գործում, վտանգված էր սննդի մատակարարումը։ Բնականաբար, դժվարին կացության մեջ էին նաեւ հայերը, բայց դա չխանգարեց` առավելագույնս ապահովելու նորընծա վարդապետի վերադարձը Բուխարեստ։ Ավելի վտանգավոր էր ճանապարհը` Տեր Վազգենն ու իր  ուղեկիցը հաճախ էին ընկնում ուղիղ ռմբակոծությունների տակ։

Տեր Վազգենը հասավ Բուխարեստ եւ, ինչպես ընդունված է եկեղեցական կյանքում, հոգեւոր ինքնամփոփման եւ պատրաստման շրջան անցավ հյուսիսային Ռումինիայի Սուչավա հայաշատ քաղաքի Սուրբ Հաճկատար հայոց հին վանքում, որը կառուցվել էր դեռեւս 1512 թվականին։ Սահմանված քառասուն օրն այդտեղ անցկացնելուց հետո նա վերադարձավ Բուխարեստ եւ 1943-ի նոյեմբերի 28-ին տեղի հայոց Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում, խուռն  բազմության ներկայությամբ, տվեց իր առաջին պատարագը։ Հետո կհիշի. «Բուխարեստի ողջ հայությունը ներկա էր, ոչ միայն եկեղեցին էր լիքը, այլեւ ամբողջ շրջապատը։ Բուխարեստի հայոց եկեղեցին փառավոր մի եկեղեցի է քաղաքի կենտրոնում` մեծ շրջապարսպով, դպրոցի շենքով, մշակութային կառույցներով, որոնք բոլորն էլ կառուցված են հայկական ճարտարապետության ոճով։ Այս եկեղեցին մի քիչ նմանվում է Էջմիածնի Մայր տաճարին։ Կարող եմ ասել, որ Բուխարեստի ամենահետաքրքրական հուշարձաններից մեկն է։ Այս եկեղեցում են անցնում Ռումինիայում ապրած իմ հետագա բոլոր տարիները»։

Պատարագը մատուցվում է ի հիշատակ մոլդավահայ թեմի առաջին առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսի, որը 1401-ին այստեղ հիմնել է Հայաստանյայց եկեղեցու աթոռ։ Նույն օրն ապագա Հայրապետը գրում է. «Այսօրվանից ինձ համար կսկսվի նոր կյանք, կյանք, որը նվիրված պիտի լինի մեր եկեղեցուն եւ մեր համայնքին։ Թող Աստված լինի ինձ հետ»։

Ուշագրավ է, որ տասնամյակներ անց Վեհափառ Հայրապետը Էջմիածնի Մայր տաճարում կարդացած քարոզներից մեկում ոգեկոչում է Հրեշտակապետաց եկեղեցում իր մատուցած առաջին պատարագը` վերհիշելով, թե ինչ ծանր պայմաններում է դա տեղի ունեցել. «Ահա այդ օրերին էր, որ մենք, այն ժամանակ երիտասարդ վարդապետ, Աստծո եւ ժողովրդի առաջ ուխտեցինք ծառայել մեր եկեղեցուն եւ ժողովրդին… Ուխտ էինք անում աղոթել մեր եկեղեցու անսասանության եւ ծաղկումի համար, մեր հայրենիքի համար։ Այդ օրերին, անշուշտ, աղոթեցինք նաեւ աշխարհի խաղաղության համար, որպեսզի վերջ գտներ արյունահեղ ահռելի պատերազմը»։

Բռնապետական Ռումինիան այդ ժամանակ ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցն էր, եւ ստացվում էր, որ մայր հայրենիքից բանակ զորակոչված հայորդիները կռվում են ինչպես գերմանական, այնպես էլ ռումինական զորքերի դեմ։ Այս պայմաններում հայ զինվորի մասին խոսելն անգամ կապված էր մեծ վտանգի հետ։ «Սակայն,- վերհիշում է Վեհափառը,- հոգեկան համարձակություն ունեցանք աղոթելու զոհված հայ զինվորների հոգիների համար»։

 

Թեմի առաջնորդությունը

Պատարագից հետո համայնքի ազգային իշխանությունները, ի պատիվ կարեւոր իրադարձության, կազմակերպում են բավական մեծ ճաշկերույթ` չնայած պայմանների գրեթե իսպառ բացակայությանը։ Հնչում էին ջերմագին շնորհավորանքներ եւ ոգեւորիչ խոսքեր ապագա  Հայրապետի հասցեին։

Շարունակենք Վեհափառի հուշով. «Այդ ճաշկերույթին ներկա էր նաեւ Դրաստամատ Կանայանը` հայտնի զորավար Դրոն, եւ նա էլ խոսք առավ ինձ շնորհավորելու։ Ես առաջուց էլ նրա հետ բավական մոտիկից ծանոթ էի։ Այդ արարողությունից հետո թեմական պատգամավորական ժողով գումարվեց, եւ ինձ ընտրեցին առաջնորդ թեմին հայոց Ռումինիո։ Ռումինական կառավարությունն առանց որեւէ դժվարությունների հաստատեց իմ ընտրությունը. երեւի դեր խաղաց նաեւ իմ տեղացի լինելը, ռումին լեզվին լավ տիրապետելը եւ այլն։ Այս ձեւով ես անցա իմ պարտականությունների կատարմանը իբրեւ ռումինահայ թեմի առաջնորդ»։

Թեմակալ առաջնորդի պաշտոնը գործունեության նոր ասպարեզ բացեց Տեր Վազգենի առաջ։ Կարճ ժամանակ անց ցայտուն կերպով դրսեւորվեցին նրա կազմակերպչական ընդունակությունները, նվիրումն ազգաշահ գործին։ Միայն մեկ փաստ. այդ ժամանակ Ռումինիայում տեղակայված ճամբարներում կար շուրջ հազար հայ ռազմագերի, եւ իսկական հերոսություն էր գլխավորել նրանց օգնության կազմակերպման գործը` խոհեմ համարձակությունը զուգակցելով թեմական առաջնորդի ուղղակի պարտականությունների հետ։ Հայ ռազմագերիները թեմակալ առաջնորդի անմիջական ջանքերով սնունդ, հագուստ եւ դեղորայք էին ստանում, հոգ էր տարվում նրանց այլ կարիքների բավարարման համար։ Եվ դրա շնորհիվ շատ շատերը փրկվեցին մահվան ճիրաններից, ոմանք հետագայում դարձան հայտնի դեմքեր եւ միշտ երախտիքով էին արտասանում Վեհափառի անունը։

 

Նոր իրադրության մեջ

1944 թվականն էր, խորհրդային զորքերը, ճեղքելով դիմադրության շղթան, մոտենում էին ռումինական սահմանին եւ արդեն օգոստոսի սկզբներին հատեցին այն։ Պատերազմ էր, եւ ռումինական հողը տնքում էր անընդհատ ռմբակոծություններից։ Ո՞վ կարող էր երաշխավորել, որ ռումինահայ համայնքը, որը ոչ մի կապ չուներ պատերազմի հետ, չէր տուժելու, զոհեր չէր տալու։ Այդ օրերի մասին Վեհափառը տասնամյակներ անց կհիշի. «Ամբողջ ռումին ժողովուրդը եւ մենք` հայերս էլ, տագնապի մեջ էինք, որովհետեւ այդ հսկա պատերազմական ուժն իր ամբողջ ծանրությամբ պիտի ճնշեր նաեւ ռումինական երկիրը։ Հնարավոր էին, անշուշտ, ահավոր ավերումներ եւ մարդկային կորուստներ»։

Համայնքը, ահա, այսպիսի ծանր հոգեկան ապրումների մեջ էր, երբ Բուխարեստի ռադիոն հաղորդեց ¥դա օգոստոսի 22-ն էր¤, որ երեկոյան թագավորը պիտի ելույթ ունենա, խոսք ասի ժողովրդին։ Բոլորը վստահ էին, որ նա բնակչությանը կոչ է անելու ոտքի ելնել եւ կռվի դուրս գալ խորհրդային զորքերի դեմ. կացությունն այդ էր թելադրում։ Սակայն կատարվեց մի բան, որին ոչ ոք, այդ թվում՝ հայերը, չէին սպասում. թագավորը հայտարարեց, որ Ռումինիան դադարում է լինել Գերմանիայի դաշնակիցը, եւ ինքը ռումինական բանակին հրամայել է զենքը դարձնել գերմանական զորքերի դեմ։ Սա մտածված եւ ճիշտ հաշվարկված, խորամանկ քաղաքականություն էր, որը Ռումինիային հնարավորություն տվեց զգալի չափով խուսափել պատերազմի դաշտ լինելուց, մեծ կորուստներ տալուց։ Այնուամենայնիվ, կար գերմանացիների կողմից վրեժխնդիր լինելու վտանգը։ «Ես սարսափահար մտածում էի, թե հիմա ինչ պիտի լինի, որովհետեւ գերմանական ուժերը մեծ թվով առկա էին Ռումինիայում,- հետո կվերհիշի Վեհափառը,- գերմանացիք սարսափելի կատաղեցին, վրեժի համար ռմբակոծեցին Բուխարեստը, նաեւ ուրիշ շրջաններ։ Բարեբախտաբար, բավարար ուժեր չունեցան եւ քիչ ավերումներ կարողացան անել»։

Այդպես` շուտով ամբողջ Ռումինիան անցավ խորհրդային վերահսկողության ներքո, նոր կյանք սկսվեց նաեւ հայ գաղութի համար` նոր պայմաններում, ռազմաքաղաքական նոր իրավիճակում։ Բուխարեստում հաստատվում է խորհրդային դեսպանատուն, որը հետաքրքրվում է նաեւ հայ գաղութով։ Այդ ժամանակ հայերն ունեին իրենց կուսակցությունները, լույս էին ընծայում թերթեր, գործում էին զանազան այլ կազմակերպություններ` բարեսիրական, սկաուտական եւ այլն։ Խորհրդային դեսպանատունը հարմար համարեց, որ հայկական բոլոր միությունները միաձուլվեն, եւ ստեղծվի մեկ հայկական կազմակերպություն` Հայաստանյայց ճակատ անվանումով։ Ըստ էության, դա հրաման էր, որ կատարվեց, եւ նոր կազմակերպության ղեկավարությունն անցավ կոմունիստական հայացքներով մարդկանց։

Այդ օրերի իր ապրումները Վեհափառն արտահայտել է այսպես. «Սկզբին, պետք է ասել, որ ես իբրեւ հոգեւորական, շատ մտահոգված էի, թե եկեղեցու ճակատագիրն ինչ պիտի լինի։ Գիտեինք, որ Սովետմիության մեջ եկեղեցական կյանքը գրեթե արգելված է, մանավանդ` մինչեւ պատերազմը։ Սակայն Բուխարեստում  այդպես չեղավ, անշուշտ, եւ որոշ հնարավորություններ ստեղծվեցին, որպեսզի եկեղեցին իր գոյությունը շարունակե պահպանել իր արարողություններով։ Այդպիսով, մի տեսակ նոր կյանք սկսվեց նաեւ հայ գաղութի մեջ, եւ հարաբերություններ ուզեցինք ստեղծել նաեւ Հայաստանի հետ»։

Նոր իրադրությունը, որի մեջ հայտնվել էր ռումինահայ գաղութը, նրա հոգեւոր առաջնորդից պահանջում էր նոր մոտեցումներ, ազգային կյանքի կազմակերպման նոր միջոցներ։

(շարունակելի)

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #16 (1238) 25.04.2018 - 01.05.2018, Հոգևոր-մշակութային


26/04/2018