ԱՐՍԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ. «ՉԿՈՐՑՆԵԼ ՀԱՎԱՏԸ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»
Շարքային Արսեն Միքայելյանն արդեն 20 ամիս է, ինչ ծառայում է ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Ի տարբերություն մյուս զինծառայողների՝ Արսենը բանակ է զորակոչվել ավելի հասուն տարիքում: Բանն այն է, որ նա սովորել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մագիստրատուրան: Մասնագիտությամբ դերասան է:
«Երբ նոր էի զորակոչվել բանակ, մտածում էի, որ ինձ համար դժվար է լինելու ծառայել, քանի որ մարտական ընկերներս ինձանից մի քանի տարով փոքր էին: Փորձը ցույց տվեց, որ ժամանակին ծառայելն ամենաճիշտ տարբերակն է, չնայած, որ հասուն տարիքում շատ երևույթներ կարող ես ավելի սթափ ընկալել և դժվարին հարցերում խոհեմ լինել»,- ասում է Արսենն ու հավելում, որ անկախ բանակային դժվարություններից, ծառայությունը մի հրաշալի դպրոց է՝ կյանքն իր լավ ու վատ կողմերով ճանաչելու և ընկալելու համար:
Ըստ գյումրեցի շարքայինի` ծառայությունը և դրանից քաղած դասերը յուրաքանչյուր ոք ընկալում է յուրովի. «Հաճախ լինում են պահեր, երբ փորձում ես բանակում անցածդ ճանապարհը վերլուծել, զարմանում ես սեփական կարողություններիդ վրա և հասկանում ես, որ երբեմն ընդունակ ես քեզ դրսևորելու այնպես, ինչպես երբեք չես պատկերացրել. ահա սա է այդ դպրոցի «հետևանքները»:
Ինչ վերաբերում է մասնագիտական ընտրությանը, ապա Արսենն ասում է, որ դերասանական արվեստի նկատմամբ սերը բացահայտել է դեռևս մանկուց, երբ մտերիմներից մեկը նրան տարել է թատրոն՝ ներկայացում դիտելու. «Այսօրվա պես հիշում եմ՝ «Գնա մեռի, արի սիրեմ» կատակերգությունն էր: Չնայած այն բոլոր դժվարություններին, որոնք ինձ սպասվում էին, այդուհանդերձ, որոշեցի երազանքս իրականացնել: Անկախ այն հանգամանքից, թե հետո ինչ կլինի, երբեք չեմ փոշմանել այդ որոշման համար»:
Մասնագիտությամբ դերասան զինծառայողը, երբ մնացել են հաշված ամիսներ ծառայության ավարտին, ասում է, որ շատ նպատակներ ունի, որոնք իրագործելու համար ջանք ու եռանդ չի խնայելու:
Արսեն Միքայելյանի համար իրական հերոսը լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանն է. «Նրա գործն ու խոսքը համապատասխանել են իրար: Նա հավատում էր իր գաղափարներին, և հայրենասիրությունը նրա համար սոսկ բառ չէր: Ես կցանկանայի, որ նրա կյանքը օրինակ ծառայեր այսօրվա սպաների և զինվորների համար»:
Այսօր, երբ Արսենը ծառայության վերջին փուլում է, անկեղծանում է. բանակում թեև շատ են դժվարություններն ու փորձությունները, այնուամենայնիվ, այն երիտասարդին տալիս է հնարավորություն ապրելու մի միջավայրում, որից ստացած փորձառությունը կյանքում անպայման մի օր պետք է գալու… Բանակ զորակոչվողներին էլ հորդորում է չկորցնել հավատը սեփական համոզմունքների նկատմամբ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ
շարքային
Խորագիր՝ #16 (1238) 25.04.2018 - 01.05.2018, Ազգային բանակ