ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ 103 ՏԱՐԻ ԱՆՑ
108 տարեկան Խոսրով պապը ծնվել է Մուսալեռի Քաբուսիե գյուղում՝ Արիստակես և Սիմա Ֆռանգյանների ընտանիքում: Ցեղասպանությունից 103 տարի անց էլ լավ է հիշում իր ընտանիքի գլխով անցած-գնացածը: Մի կերպ է խոսում, բայց ջանում է պատմել. այդպես էլ չմոռացավ ոճիրը: Մանկության ամենավառ հիշողությունները ընտանիքի հետ են կապված՝ հոր, մոր, եղբոր ու քրոջ…հարազատների, հայրական շեն տան: Մեկ օրում անդարձ ընդհատված անհոգ ու երջանիկ մանկության…
Խոսրով պապի խոսքը հասկանալը դժվար է ինձ համար: Տիկին Վարդուհին հասկանում է հոր «լեզուն», նստում է կողքին, վերապատմում:
-Պապս ու տատս մինչ 1915 թվականը անհոգ ապրել են: Կարողացել են արդար քրտինքով վաստակել օրվա հացը: Արիստակես պապս տեղի լավագույն այգեգործներից է եղել: Միջերկրական ծովի մոտ ձիթապտղից ձեթ են ստացել: Կարողացել են տուն-տեղ, հսկայական այգի հիմնել, երեխաներ ունենալ, ապրել: Կյանքի առատությունը, անհոգ ու ապահով կենցաղը, սեփական ձեռքերով կառուցված տունն ու տարիների ստեղծածը մի օրում թուրքերը հողին են հավասարեցրել…
Իրենց այգին ամենասիրունն էր: Հինգ տարեկան էր, բայց ամեն բան շատ լավ է հիշում: Հատկապես թուրքերի վայրագությունները չի կարողանում մոռանալ: Դժվար, շատ դժվար կյանք է ունեցել: Հինգ տարեկանում կորցրել է հարազատներին՝ մորը, եղբորն ու քրոջը: Իր աչքի առաջ սրի են քաշել հորեղբորս, տատիկիս: Հղի հորաքրոջը մորթել են ամենայն դաժանությամբ: Երեխայի աչքի առաջ կատարվածը դաջվել է հիշողության մեջ մեկընդմիշտ: «Ամեն անգամ հորաքրոջս հիշելիս արտասվում էր»,- ասում է տիկին Վարդուհին:
Հայ աղջիկները նետվում էին ժայռից ցած, որ թուրքերի ձեռքը չընկնեին: Հղի կանայք ինքնասպան էին լինում թուրքական անմարդկային չարչարանքներից խուսափելու համար… Ցավն այդպես էլ չմեղմացավ…
Խոսրով պապը ուշադիր լսում է: Հուզվում է: Տիկին Վարդուհին բռնում է հոր ձեռքը, քնքշանքով շոյում, ապա շարունակում պատմել.
-Արիստակես պապս հորս հետ փախչում են լեռները: Մի քանի շաբաթ սպասում են օգնության, տեսնում է սովից, ծարավից մահացող բազմաթիվ հայերի: Պատմում է, որ իրենց հագուստներին խաչեր էին նկարում, որպեսզի օգնության եկածները հեշտ կողմնորոշվեն: Կարճ ժամանակ անց, նավերով օգնության հասած ֆրանսիացիները պապիս ու հորս տեղափոխում են Եգիպտոս: Երբ պապիկիս թվում է, թե վտանգ այլևս չկա, վերադառնում են Քաբուսիե: 1937 թվականին վերջնականապես լքում են հայրենի գյուղն ու հաստատվում Այնճարում: Լիբանանում հայրս հանդիպում է մորս: 1947-ին Խոսրով և Նեկտար Ֆռանգյանները տեղափոխվում են Հայաստան:
Բայց սրանով չեն վերջանում նրանց չարչարանքները: Նրանց աքսորում են Սիբիր: Այդ ժամանակ արդեն եղբայրներս, քույրս ծնվել էին: Ես Սիբիրում ծնվեցի…
Էջմիածնում հաստատված Ֆռանգյանները կարողանում են վերագտնել իրենց: Տիկին Վարդուհին Խոսրով պապի երեխաներից ամենափոքրն է: Արցախյան ազատամարտում ամուսնու զոհվելուց հետո տեղափոխվել է հայրական տուն: Քսան տարի միասին են ապրում: Եղբայրները արտերկրում են: Ասում է՝ հորը չեն մոռանում: Պարբերաբար գալիս են, օգնում, կարոտներն առնում, գնում:
-Հայրս այստեղ շարունակում էր պապիկիս գործը: Նրա համար այգեգործությունը աշխատանք չէր: Մտնում էր այգի՝ խաղաղվում էր: Ծառերն այնպես էր խնամում, կարծես իր երեխաներին գուրգուրեր: Հորս Միչուրին են ասում: Տեղացիներին շատ է օգնել, սովորեցրել այգին մշակելու գաղտնիքները:
Չորս տարի է սովորել, բայց չորս լեզու գիտի՝ արաբերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն: Բայց չի խոսում թուրքի լեզվով: Ասում է՝ զզվում եմ: Պաշտում է հայ երգը, ազգայինն ու ժողովրդականը: Զուսպ մարդ է, երբեք պահանջկոտ չի եղել՝ հարմարվել է, համակերպվել:
Խոսրով Ֆռանգյանի՝ կորցրած հայրենիքը տեսնելու երազանքը ավելի քան 100 տարի մնացել է անկատար: Տիկին Վարդուհին պատմում է, որ հայրը անսահման կարոտում է իր տունը, երբեմնի անհոգ ու խաղաղ ընտանիքը: Երկարակեցությունը համարում է Աստծո պարգև ու պատգամում խաղաղ ապրել.
-Մուսալեռը իր ամբողջ կյանքն է: Ճիշտ է՝ հայրս կարողացավ ապրել, հաջողությամբ իր զավակներին տվեց այն ամենը, ինչից ինքը զրկված է եղել: Ապրեց, բայց, մեկ է, նրա տունը մնաց այնտեղ: Չկա օր, որ չասի՝ իմ տունը մնաց թուրքերին… Ինչքան էլ նրա պատմածը փորձեմ ներկայացնել, իր նման չեմ կարող: Հիմա էլ նա ապրում է երազանքով, որ օրերից մի օր հետ Մուսալեռ է գնալու:
Տիկին Վարդուհին ջանք ու եռանդ չի խնայում հոր համար: Առավոտ շուտ արթնանում է, կերակրում: Դեղերի ժամն էլ հենց գալիս է, Խոսրով պապը հազիվ լսելի ձայնով հիշեցնում է՝ դե՛ղը բեր.
-Հիշողություն ունի` էլ դու սուս: Իմ օգնականն է: Ինչ ես չեմ հիշում, ինքն է օգնության հասնում,- կեսկատակ ասում է տիկին Վարդուհին:
-Տասներկու թոռ ունի, մեկ ծոռ: Ոչինչ չի խնայել թոռների համար: Դրա համար էլ ամեն օր հյուր ունի: Գալիս են, հետաքրքրվում: Ժամերով նստում են կողքին: Սիրում է, որ շուրջը մարդիկ են լինում:
Մոտենում եմ նախորդ դարասկզբին ցեղասպանության բովով անցած Խոսրով Ֆռանգյանին, որ հրաժեշտ տամ: Ինչեր ասես չեն տեսել այս աչքերը, որոնց ջերմությունը զարմանալիորեն չի մարել, ու որտեղ ամենաանկեղծ մաղթանքներն եմ կարդում:
Տնից դուրս գալու պահին լսում եմ Խոսրով պապի դողդողացող ձայնը.
-Հա-ջո-ղու-թյուն…
ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ
Խորագիր՝ #16 (1238) 25.04.2018 - 01.05.2018, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում