ՆՈՐ ԴԻՐՔ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Առաջնագծի ինժեներական կահավորման կատարելագործման գործընթացն անընդհատ է: Ըստ անհրաժեշտության կատարվում են մեծածավալ աշխատանքներ: Նպատակը մեկն է՝ առավել անվտանգ ու ապահով դարձնել մարտական հերթապահություն կատարող զինվորի ծառայության պայմանները: Այդ աշխատանքները տարբեր միջոցառումներ են ներառում՝ պաշտպանիչ պատերի, հաղորդակցման լրացուցիչ ուղիների, թաքստոցների կառուցում և այլն: Որոշ դեպքերում հիմնվում են նոր հենակետեր՝ հաշվի առնելով հատկապես տվյալ տեղանքում մարտական խնդիրների կատարման առանձնահատկությունները, տարբեր զինատեսակների կիրառման հնարավորությունը և արդյունավետությունը:
Այդպիսի հենակետերից մեկում ենք: Վերջերս է շահագործվել: Տեղը պատահական չի ընտրվել. հետախուզական, ինժեներական, մյուս ծառայությունները համապատասխան տեղազննում են անցկացրել, որոշել հենց տվյալ տեղանքում նոր դիրք հիմնելու նպատակահարմարությունը: Հենակետը կառուցվել է սեղմ ժամկետում, հակառակորդից ծածուկ: Արդեն շինարարական աշխատանքների ավարտին նոր միայն դիմացից կռահել են, որ ինչ-որ շարժ կա մեր ուղղությամբ, և անկանոն կրակ են բացել: Տղաներից մեկը վիրավորվել է, և պատասխանը չի ուշացել: Մեր վիրավոր զինծառայողի ընկերների հուժկու կրակից հետո այլևս շինարարությունը կատարվել է անթաքույց, առանց որևէ հակազդման:
Դիրքի ավագն է ավագ սերժանտ Սերգեյ Ջաղինյանը: Միասին շրջում ենք տարածքում, ցույց է տալիս կենցաղային հարմարությունները, խոսում կահավորման հետագա ծրագրերի մասին: Ապա նաև անցնում ենք խոր խրամուղիներով, որտեղ առկա են տիպային պահանջները բավարարող կրակակետեր, հակառակորդի համար պատրաստված «անակնկալներ», նույնիսկ մի քանի մետրից աննկատ անցումներ և թաքստոցներ: Այդ ամենը տեսնելուց հետո հիշում եմ զորամասի հրամանատարի խոսքերը. մեր զինվորը պետք է պաշտպանված, ապահով խրամաբջջից դիտարկում կատարի և անհրաժեշտության դեպքում՝ կրակ վարի:
Նոր հենակետը առավել նպաստավոր դիրք զբաղեցնելու նպատակով է կառուցվել: Այնտեղից հակառակորդի միանգամից երեք դիրք մեր տեսադաշտում է: Հերթապահող անձնակազմն ամբողջությամբ վերահսկում է ճանապարհները, ենթակառուցվածքներն ու հարձակման հավանական ուղղությունները: Այդ ուղղությունը անվերահսկելի չի եղել, քիչ ավելի հետ հին դիրքն է: Պարզապես այժմ դիտարկման ու հսկման մեր հնարավորությունները էապես ավելացել են: Համապատասխանաբար ավելացել են նաև կրակային խոցման հնարավորությունները: Հպարտությամբ ինձ ցույց են տալիս խոշոր տրամաչափի ծանր զինատեսակներից մեկը, որի մի կրակոցն էլ հակառակորդի մոտ իրարանցում կարող է առաջացնել: Նստում եմ աթոռակին, օպտիկական նշանոցի միջով դիտարկում շրջակայքը: Առջևում պարզ երևում են հակառակորդի դիրքերը, քիչ այն կողմ խոշոր բնակավայր է: Նշանոցը աջուձախ եմ անում, մի լավ ուսումնասիրում տարածքը: Այլևս ոչ մի կասկած չկա՝ հակառակորդի ցանկացած շարժ վերահսկվում է:
Խոցման նման հնարավորություններից զատ, հենակետը կառուցելիս չեն մոռացել նաև պաշտպանության մասին: Բոլոր կրակակետերը հուսալիորեն քողարկված են, մի քանի պաշտպանիչ շերտ ունեն: Բացի այդ, օգտագործվել են նաև հին հենակետի հնարավորությունները: Եթե նույնիսկ հակառակորդի հավանական առաջխաղացումը հաջողվի, նրան անմիջապես մոտակա հենակետերի անձնակազմերի հետ համագործակցելով կարգելափակեն և կոչնչացնեն:
Հենակետը ամբողջապես կահավորվել է: Անձնակազմը լիովին կատարում է սահմանված պարտականությունները: Ըստ անհրաժեշտության կատարվում են լրացուցիչ աշխատանքներ:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ