Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԵՆՍԱՊԱՏՈՒՄԻ ԴՐՎԱԳՆԵՐ



 

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԵՆՍԱՊԱՏՈՒՄԻ ԴՐՎԱԳՆԵՐՀրաշամանուկը

Նա իսկապես հրաշամանուկ էր` տակավին գրել-կարդալ չգիտեր, բայց վարժ «խաղում էր» թվերի հետ, վայրկենապես բազմապատկում, գումարում-հանում` զարմացնելով տնեցիներին ու հարեւաններին։ Հայրը` Համազասպ Համբարձումյանը, որը ժամանակի ամենազարգացած մարդկանցից էր, գրականագետ, բանաստեղծ, թարգմանիչ, իրավաբան, շատ շուտ նկատեց որդու մաթեմատիկական ընդունակությունները եւ մանկավարժի հմտությամբ ուղղություն տվեց նրա հետաքրքրություններին։ Աստղագիտության դպրոցական դասընթացը դարձավ մանուկ Վիկտորի ամենասիրած առարկան, եւ այդ հարցում պակաս չեղավ նրա ուսուցչի` Սուդակովի դերը։ Մի մարդ, որին միշտ երախտագիտությամբ էր հիշում` հենց նրա նամակով էր, որ պատանի Վիկտորը մեկնեց Լենինգրադ` պրոֆեսոր Կոնստանտինովի մոտ։ Վճռված էր` նա պետք է բարձրագույն կրթություն ստանար, զարգացներ այն, ինչ իրեն տվել էր բնությունը։

 

Ապագան գուշակեց Թումանյանը

1921 թ.-ն էր, Վիկտորը` ընդամենը 13 տարեկան երեխա, ապրելով եւ սովորելով Թիֆլիսում, դասախոսություններ էր կարդում Էյնշտեյնի հարաբերականության տեսության էության, տիեզերքի կառուցվածքի, արեգակնային համակարգի ծագման մասին, խոսում այնպիսի բաներից, որ մեծերն անգամ չգիտեին։ Բոլորին զարմացնում էր, եւ շատերն էին մտահոգ` նման վաղ զարգացումը չի՞ ազդի տղայի առողջության վրա։

Բարեբախտաբար, այդպիսի բան չեղավ։ Պատմում են, որ նրա դասախոսություններից մեկին ներկա է եղել ինքը` Հովհաննես Թումանյանը։ Կյանքը հաստատեց Ամենայն հայոց բանաստեղծի կանխատեսումը` էս փոքրիկ-մոքրիկ, «մի մատ» տղան մեծ մարդ է դառնալու…

 

Երախտապարտ սանը

Ի դեմս լենինգրադցի պրոֆեսոր Կոնստանտինովի` Վիկտոր Համբարձումյանը գտավ ոչ միայն լավ գիտնականի, այլեւ հրաշալի մարդու։ Լենինգրադի Պուլկովյան  աստղադիտարանը միջազգային մակարդակի գիտական կենտրոն էր, եւ Լենինգրադն իրավամբ համարվում էր «աշխարհի աստղագիտական մայրաքաղաք»։ Կոնստանտինովի օգնությամբ Վիկտորը ծանոթացավ նրա անցուդարձին, առաջին անգամ աստղերին նայեց խոշոր հեռադիտակով։ Նա արդեն համալսարանի ուսանող էր, ապրում էր քրոջ` Գոհարի հետ, որը նույնպես կյանքի ճանապարհ էր ընտրել գիտությունը։ Դժվարին, բայց եւ լույսի տարիներ էին` քույր եւ եղբայր կլանված էին ապագայով, ամբողջովին գրքերի մեջ էին։

Պահպանվել էին այդ տարիներին Համազասպ Համբարձումյանի գրած նամակներն իր զավակներին ¥հետագայում հրապարակվեցին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում եւ միութենական լայն արձագանք գտան¤։ Դրանք ծնողի սովորական  նամակներ չէին, այլ կյանքի յուրօրինակ դպրոց, որոնցով Վիկտորը եւ Գոհարը սովորում էին քայլել ճիշտ ճանապարհով,  նվիրվել իրենց սիրած մասնագիտությանը։

Հայրական խորհուրդներն ուղեցույց եղան Վիկտորին` համալսարանն ավարտեց  փայլուն գնահատականներով եւ նույն տարում` 1928-ին, ընդունվեց Պուլկովյան աստղադիտարանի ասպիրանտուրա։ Ղեկավարը ռուս ականավոր գիտնական, ակադեմիկոս Ա. Բելոպոլսկին էր։ Նա էր, որ ի դեմս իր ասպիրանտի, տեսավ ապագա մեծ աստղագետին։ Վիկտորի համար նա ամեն ինչ էր` ե՛ւ ղեկավար, ե՛ւ հայր, ե՛ւ ընկեր։ Հետագայում Վիկտոր Համբարձումյանը ջերմորեն կհիշի. «Ամենից ավելի նշանակալի ազդեցություն է գործել ինձ վրա Արիստարխ Ապոլլոնովիչ Բելոպոլսկին` իմ ղեկավարը, երբ ես ասպիրանտ էի Պուլկովոյի աստղադիտարանում։ Իմ ուսուցչի հատկանիշներն էին ինքնուրույնությունը եւ անհուն նվիրվածությունը գիտությանը։ Նա կարողանում էր նկատել յուրաքանչյուր նորույթ եւ ողջունել։ Երբեք չեմ մոռանա նրա հայրական հոգատարությունն իմ նկատմամբ»։

Գիտաթեզի պաշտպանությունն անցավ փայլուն, եւ Բելոպոլսկու օրհնությամբ Վիկտոր Համբարձումյանը կնքվեց որպես աստղաֆիզիկոս, աստղային ճանապարհորդ` տիեզերախույզի աստեղային ժամերով։

Հետագայում, երբ Վիկտոր Համբարձումյանը, արդեն նշանավոր գիտնական, հիմնադրեց Բյուրականի աստղադիտարանը եւ դարձավ նրա տնօրենը, աշխատասենյակի պատին փակցրեց իր մեծ ուսուցչի` Բելոպոլսկու նկարը։ Դա սոսկ հարգանքի տուրք չէր, այլ գիտական նվիրվածության մի յուրօրինակ խորհրդանիշ։

Այսպիսին էր երախտապարտ սանը։

 

Դարձ ի շրջանս յուր

Լենինգրադի համալսարանը բաց չթողեց իր շրջանավարտին` 1931-ին Վիկտոր Համբարձումյանն աշխատանքի անցավ հարազատ բուհում եւ այնտեղ մնաց մինչեւ 1943 թվականը։

Արգասավոր եղան այդ 12 տարիները։ 1934-ին՝ 26 տարեկանում, Վիկտոր Համբարձումյանին շնորհվեց պրոֆեսորի կոչում։ 1939-ին նշանակվեց համալսարանի աստղադիտարանի տնօրեն, 1941-ին` համալսարանի ուսումնական մասի պրոռեկտոր։

Սրանք երիտասարդ գիտնական-մանկավարժի այդ տարիների կենսագրության կարեւոր նշանաձողերն են, սակայն կա ամենակարեւորը` 1939-ին նա դարձավ համալսարանի տեսական աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Դա նման առաջին ամբիոնն էր ԽՍՀՄ-ում։ Վիկտոր Համբարձումյանը դարձավ տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը։

 

Կամավորական պրոֆեսորը

1941 թվականն էր։ Պատերազմը նոր էր սկսվել, եւ, ինչպես ամենուրեք, Լենինգրադում էլ կազմավորվում էին կամավորական խմբեր` մեկնելու ռազմաճակատ։ Այդ խմբերից մեկում հայտնվեց Վիկտոր Համբարձումյանը։ Բոլորից ծածուկ գնացել էր զինկոմիսարիատ եւ կամավորական գրվել։ Զինվորական համազգեստով պառկել էր զորանոցի մահճակալին` սպասելով մեկնման հրամանին։ Ոչ ոք չգիտեր, որ նա դոկտոր է, պրոֆեսոր, համալսարանի պրոռեկտոր, բայց պատահաբար իմացավ մեկը, որը կողքի մահճակալին պառկած կարդում էր քաղաքային թերթի այդ օրվա համարը։ Այնտեղ տպագրված էր Վիկտոր Համբարձումյանի լուսանկարը, իհարկե, ոչ որպես կամավորականի, նա քաղաքացիական հագուստով էր։ «Ընթերցասեր» կամավորականի համար դժվար չէր ուրույն դիմագծերից պարզել, որ լուսանկարում պատկերվածը եւ իր կողքի մահճակալին պառկածը նույն մարդն է` պրոֆեսոր Համբարձումյանը։ Լուրը հասավ զորախմբի հրամանատարին, եւ… պրոֆեսոր կամավորականը հետ կանչվեց. «Դու քո գործում ավելի ես պետք»։

Շուտով Վիկտոր Համբարձումյանը կարեւոր առաջադրանք ստացավ` թիկունք տեղափոխել համալսարանի լաբորատորիան եւ աշխատել ռազմաճակատի համար։ Առաջադրանքը կատարվեց փայլուն։

Հետագայում, անդրադառնալով կամավոր գրվելու փաստին, Վիկտոր Համբարձումյանը հորը գրեց. «Հայրիկ, ես այլ կերպ չէի կարող»։

 

Անառարկելի հեղինակություն էր

Վիկտոր Համբարձումյանն անառարկելի հեղինակություն դարձավ վաղ տարիներից։ Ահա  թե ինչ է ասում նրա ուսուցիչներից մեկը` անվանի աստղագետ Գ. Տիխովը. «Առաջին անգամ ես Վիկտոր Համազասպովիչի հետ ծանոթացա 20-ական թվականների երկրորդ կեսին։ Այդ ժամանակ ես դասախոսում էի Լենինգրադի համալսարանում։ Ինքն ուսանող էր, ապա դարձավ ասպիրանտ, ես ղեկավարում էի համալսարանի  աստղաֆիզիկայի ամբիոնը։ 1931-ին ես հրաժարվեցի իմ այդ աշխատանքից, եւ ինձնից հետո աստղաֆիզիկայի ամբիոնը գրավեց իմ սիրեցյալ աշակերտը։ Այսօրվա պես հիշում եմ 1939թ. փետրվարի 3-ը։ Ես Պուլկովոյում զեկուցում էի արեգակնային պսակի այն զննումների մասին, որ կատարել էի դեռ 1936 թվականին։ Այն ժամանակ ես իմ շնորհակալությունը հայտնեցի հետեւյալ խոսքերով` իմ  ձեռք բերած արդյունքների համար  ես պարտական եմ պրոֆեսոր Վիկտոր Համարձումյանին եւ այն անձանց, որոնք մասնակցեցին իմ զեկուցման քննարկմանը»։

Ահա այսպիսի մեծ համարում ուներ Վիկտոր Համբարձումյանը նշանավոր գիտնականների, նաեւ իր ուսուցիչների շրջանում, երբ դեռ տակավին երիտասարդ էր։

 

Նա ինքն ուսուցիչ էր

Վիկտոր Համբարձումյանն ինքը ուսուցիչ էր,  նշանավոր շատ գիտնականների կնքահայր, որոնք նրան միշտ հիշել են երախտագիտությամբ։

Ահա թե ինչ է պատմում հայտնի աստղագետ, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Վ. Սոբոլեւը. «1930-ական թվականներին Վիկտոր Համազասպովիչը տեսական աստղաֆիզիկա էր դասավանդում մեզ։ Դժվար է մոռանալ բովանդակությամբ այնքան խոր ու այնքան պարզ մատուցված նրա դասախոսությունները։  Բայց մեզ ամենից ավելի գրավում էր առարկայի նորույթը։ Տեսական աստղաֆիզիկան խիստ  երիտասարդ գիտություն է, եւ Վիկտոր Համազասպովիչը` նրա ստեղծողներից մեկը։ Այն ժամանակ Խորհրդային Միությունում տեսական աստղաֆիզիկայի դասավանդումը առաջին անգամ նա մտցրեց համալսարան։ Գիտության երիտասարդությունը ներդաշնակում էր գիտնականի երիտասարդությանը։ Պրոֆեսոր Համբարձումյանն  այդ ժամանակ 27 տարեկան էր»։

Վ.  Սոբոլեւը հիշում է Համբարձումյանի հետ մի զրույց. «Մի անգամ ես հարցրի նրան` ո՞րն է նրա հաջողությունների գաղտնիքը։ Նա ասաց, որ ոչ մի գաղտնիք չկա,  պետք է միայն մտածել։ Իսկ Համբարձումյանն ասում է, որ ինքը մտածել է սովորել նախ իր հորից։ Եվ իսկույն էլ իրեն հատուկ համեստությամբ ավելացնում է` չէ՞ որ դուք գիտեք, որ իմ հայրը  շատ ավելի ընդունակ  է ինձնից»։

 

Բյուրականի հավերժական լույսը

Հայաստանի ԳԱ նախագահ Վիկտոր Համբարձումյանի աշխատասենյակ է մտնում ակադեմիկոսներից մեկը, որն արդեն տարիքով էր, խոսում է իր մեծ վաստակի մասին եւ հասկացնում, որ մահից հետո իրեն Պանթեոնում թաղեն։

Վիկտոր Համբարձումյանը` համեստագույն մարդ ¥ասում էր, որ իրենք գիտաշխատողներ են, գիտնականը Նյուտոնն է¤, զայրույթը զսպելով, ասում է. «Ճիշտն ասած` ես Պանթեոնում իմ տեղն ունեմ, կխնդրեմ քեզ տալ, իսկ ինքս թաղվելու եմ Բյուրականում, իմ հանգրվանն այնտեղ է»։

Մենք չգիտենք` ով է եղել այդ ակադեմիկոսը եւ որտեղ է թաղվել, բայց գիտենք` Վիկտոր Համբարձումյանը հանգչում է Բյուրականում, իր այնքան սիրած Բյուրականում։ Ո՛չ, չի հանգչում, Բյուրականում վառվում է մեծ Հայի լույսը, եւ հավերժական է այդ լույսն ու անմար։ Այն լույսերից է, որ դարեր շարունակ լուսավորելու են Հայոց ճանապարհը։

Պատրաստեց Ն. ԻՐԻԿՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #18 (1240) 09.05.2018 - 15.05.2018, Հոգևոր-մշակութային


10/05/2018