ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԸ F-35 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ
Հինգերորդ սերնդի F-35 հեռանկարային կործանիչի ստեղծման ծրագրին անսպասելի հարված է հասցրել ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարի տեղակալ Ռոբերտ Ուորկը: Նրա կազմած նախագծում ռազմական նավատորմի հրամանատարությանն առաջարկվում է ուսումնասիրել կործանիչի F-35B և F-35C տարբերակներից մեկից հրաժարվելու հնարավորությունը:
Նպատակը այդ տիպի ինքնաթիռների ստեղծման և շահագործման վրա ծախսվող գումարի խնայումն է: Ուորկը նաև առաջարկել է նվազեցնել ռազմածովային ուժերի և ծովային հետևակի կորպուսի` այս կործանիչներով համալրվող էսկադրիլիաների թիվը` միաժամանակ արագացնելով այլընտրանքային անօդաչու ապարատների մշակումը:
Ճիշտ է, այս տարբերակի իրականացման դեպքում կխնայվեն թռիչքային փորձարկումների համար նախատեսված գումարները, սակայն պատվերների ընդհանուր քանակի նվազման պատճառով վերջնական արտադրանքը կթանկանա:
Ինքնաթիռի մշակումն իրականացնող Lockheed Martin ընկերությունը չի մեկնաբանել այս լուրը` նշելով, որ ինքնաթիռների գնումը ռազմածովային ուժերի ներքին գործն է:
Նշենք, որ նախագծի միջազգային գործընկերներից միայն Իտալիան է շարունակում մասնակցությունը F-35B ծրագրին, իսկ ամենախոշոր գործընկերը` Մեծ Բրիտանիան, արդեն հրաժարվել է F-35B-ից` հօգուտ F-35C-ի: Այս տարբերակի մշակումը դադարեցնելու դեպքում բրիտանական կողմը հնարավոր է բոլորովին այլ ինքնաթիռներ փնտրի իր ավիակիրների վրա տեղադրելու համար, օրինակ` եվրոպական արտադրության:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական