ԵՐՋԱՆԻԿ ՈՒ ԼԻԱՐԺԵՔ ԸՆՏԱՆԻՔԻ ԳԻՆԸ
Հայրենական մեծ պատերազմի վետերան 102-ամյա Գուրգեն պապը ապրում է կրտսեր որդու՝ Հովսեփ Ճուղուրյանի տանը: Էջմիածնեցիներին հայտնի վաստակաշատ մանկավարժը, «Փառքի շքանշանի» ասպետն ու գերդաստանի ամենաերկարակյացն առավոտ վաղ է արթնանում: Օրն սկսում է մարզվելով, ապա նախաճաշում է: Պարտադիր զբոսանքից հետո էլ հեռուստացույցի դիմաց իր սիրելի հաղորդաշարերն է դիտում:
Եվ այժմ կտրվելով հաճելի զբաղմունքից՝ անջատում է հեռուստացույցը, տեղավորվում իր հարմարավետ բազմոցում: Հայրենական պատերազմից յոթ տասնամյակ անց էլ Գուրգեն պապը շատ լավ է հիշում պատերազմի ամեն դրվագը: Պատերազմի մասին շատ է խոսել, բայց չի զլանում ևս մեկ անգամ պատմել: Նստում եմ դարն ապրած վետերանի կողքին, որպեսզի լսեմ Գուրգեն պապի հերոսական կյանքի պատմությունը: Դժվարություններով, անդառնալի մարդկային կորուստների գնով ձեռք բերած հաղթանակի մասին խոսելիս հուզվում է.
-Ստալինյան բռնապետության տարիներին ապրելն արդեն իսկ հերոսություն էր: Իսկ երբ պատերազմի մահաբեր լուրը տարածվեց ամբողջ երկրով մեկ, զորահավաք սկսվեց: Տանում էին անխնա բոլորին:
1939 թիվն էր: Թողեցի ուսումս: Մեկնեցի ճակատ: Փոխվեց ամեն բան: Նոր սկսվող դաժան իրականություն էր: Տանից հազարավոր կիլոմետրեր հեռու էինք: Ոչ ոք չգիտեր՝ արդյոք ողջ կմնա՞ր, թե՞ ոչ: Չոնգարսկայա դիվիզիայի 33-րդ գնդում հակատանկային թնդանոթի նշանառու էի: Անփորձ, բայց համարձակ: Արյունս եռում էր: Առաջին գործողությունից հետո հասկացա, թե ինչ է նշանակում պատերազմ: Աննկարագրելի դաժանության մարտերի ականատես եղա: Ընկերներիցս շատերը զոհվեցին, հաշմանդամ դարձան: Ես էլ հետ չմնացի նրանցից, բայց բախտս բերեց՝ ողջ մնացի:
Հիշում եմ Կախովկայի դաժան մարտը: Թշնամին կատաղի համառությամբ փորձում էր առաջ անցնել: Զգալի կորուստներ ունեինք թե՛ մենք, թե՛ հակառակորդը: Հրաման եկավ` արագ հակադարձել թշնամուն: Արդեն հասցրել էի դառնալ փորձառու նշանառու: Կրակոցները չէին դադարում: Զինամթերքի սակավություն կար: Սպառվում էին փամփուշտները, իսկ մարտը գնալով ավելի կատաղի էր դառնում: Թվում էր՝ այն երբեք չի ավարտվելու: Վիրավորվեցի: Զգում էի, որ ոտքս տաքանում է, բայց շարունակում էի կրակել: Արյունը հոսում էր, բայց ես ուշադրություն չէի դարձնում: Պատրաստ էի մինչև վերջ կռիվ տալու: Ինձ օգնության հասան ռուս ընկերներս: Ռազմաճակատից տեղափոխեցին դաշտային հոսպիտալ: Հազարավոր վիրավորներ կային: Շատերը մեռնում էին: Քչերն էին կարողանում փրկվել: Ես նրանցից մեկն էի: Մի խոսքով, մոտ մեկ տարի չկարողացա ոտքի կանգնել: Ձեռնափայտով, բայց հաղթանակած վերադարձա տուն…
Գուրգեն պապը մեկ շնչով է պատմում իր անցյալի մասին: Պատերազմը համարում է մարդկության ամենամեծ չարիքը: Մի բաժակ ջուր խմելուց հետո սկսում է խոսել ներկայի մասին.
-Կոկորդս մեկ-մեկ չորանում է: Մի քիչ էլ լսողությունիցս եմ բողոքում: Հա, ի՞նչ էի ասում: Վերադարձա արդեն 1945-ին: Ամեն բան դրանից հետո սկսվեց: Ընտանիք կազմեցի ու փորձեցի ապրել շիտակ ու ազնիվ: Շատ եմ ասել, էլի կասեմ՝ ես «շապիկով» եմ ծնվել: Աստված միշտ ինձ հետ է: Դրա համար էլ, հրաշքով ողջ եմ մնացել: Սկզբում աշխատանքի անցա մանկավարժական տեխնիկումում, ապա երկար տարիներ ռուսաց լեզու և գրականություն եմ դասավանդել Էջմիածնի թիվ 4-րդ դպրոցում:
Երեք որդի ունեմ: Երեքն էլ բարձրագույն կրթություն ունեն: Ընտանիքում կարևոր է երջանկությունն ու համերաշխությունը: Տարիների փորձն ու պատերազմում տեսած դժվարությունների մասին իմ պատմությունները օրինակ են եղել որդիներիս համար: Հովսեփս ոչինչ չի խնայում ինձ համար: Հոգատար ընտանիքի հայր է: Երեք որդիներս էլ հոգատար են ու ուշադիր:
Գուրգեն Ճուղուրյանը հիշում է վերջին Մոսկվա այցելությունից մի կարևոր դրվագ.
-Վերջին անգամ Մոսկվայում եղել եմ Հայրենական պատերազմի 70-ամյակի տոնակատարության ժամանակ: Դեռ նման շքեղություն չէի տեսել: Կարմիր հրապարակը մարդաշատ էր: Անծանոթները մոտենում էին, լուսանկարվում: Շնորհավորում էին միմյանց: Նման ոգևորություն դեռ չէի տեսել: Մոսկվայից հետո էլ մեկնեցինք Սոչի, որտեղ ինձ էլի անակնկալ էր սպասվում: Այնտեղ Վետերանների միության կողմից շքանշան ստացա:
Գուրգեն պապը շրջապատված է ընտանեկան ջերմությամբ, սիրով ու հոգատարությամբ: Մեզ են միանում որդին՝ Հովսեփը, հարսը՝ Սուսաննան, թոռնիկներն ու ծոռները:
-Պապան շատ խոսեց: Մի քիչ էլ մենք կպատմենք,- կատակում է հարսը:
-45 տարի է՝ նրա հարսն եմ: Հավատացե՛ք, չեմ հիշում մի դեպք, որ ինձ նեղություն տված լինի: Շատ խոսել չի սիրում: Զուսպ է: Պահանջկոտ էլ չէ: Ինչպես նկատեցիք՝ խոսքը կապակցված է: Էլ չեմ ասում՝ հիշողությունը: Ճշտապահ է, կոկիկ ու մաքրասեր: Ամբողջ կյանքում ատել է սուտը:
Ինչպես տեսնում եք՝ թոռներն ու ծոռները շուրջն են պտտվում: Շատ են սիրում: Լավ պապիկ է: Ամբողջ կյանքը նվիրել է երեխաներին: Նրա աշակերտները մինչ օրս էլ այցելում են, հետաքրքրվում իրենց ուսուցչի առողջական վիճակով: Երբեք չեմ լսել, որ ձայնը բարձրացրած լինի: Մի հայացք, և ամեն բան պարզ է…
102-ամյա Գուրգեն Ճուղուրյանը իր երկարակեցության գաղտնիքը համարում է Աստծո պարգևը, իր ամենամեծ ձեռքբերումը՝ կայացած ու լիարժեք ընտանիքը…
ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ
Խորագիր՝ #18 (1240) 09.05.2018 - 15.05.2018, Ճակատագրեր