ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ԶԵՆՔԵՐՈՎ
Գնդացրորդ, նռնականետորդ, դիպուկահար՝ բոլորը զորամասի հրաձգարանում են: Նախապատրաստական գումարտակի անձնակազմը կրակային գործնական պարապմունքի է մասնակցում: Ինչպես հետախուզել նշանակետը, ինչպես թիրախավորել հակառակորդին, ինչպես նպաստավոր դիրք զբաղեցնել. բացազատված ուսումնական կետերից յուրաքանչյուրում սպաները պատմողական-ցուցադրական մեթոդով պարզաբանում են մանրամասները:
Գումարտակի շտաբի պետ, մայոր Աշոտ Փայտյանը դասակ առ դասակ, ըստ կցված հաստիքային զենքի, ծանոթացնում է հրաձգության դաշտային կանոններին: Բացատրում է նշանառման կետի ընտրության, նշանակետերի փոփոխման կարգը, տարբեր հեռավորություններում արդյունավետ խոցման գաղտնիքները: «Զինվորները չորս ամսվա ծառայության փորձ ունեն, բայց բազմիցս առնչվել են զենք-զինամթերքին: Ստուգումները ցույց են տալիս, որ տղաները ձեռք են բերել բավարար անհատական պատրաստություն, ուրեմն եւ կկարողանան հաջողությամբ կատարել կրակային վարժությունները»,-ասում է մայորն ու շարունակում նախապատրաստել տղաներին:
Ուսումնական տարածքի մեկ այլ հատվածում Ադամը, Նարեկն ու Սարոն մարտական պատրաստության վիճակի են բերում «Կորդը»: Հետո բնութագրերն են ներկայացնում. 12,7 մմ տրամաչափի գնդացիր է, որի հեռահարությունը 2000 մ է: Նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, թեթև զրահապատված մարտական տեխնիկայի եւ կրակային միջոցների խոցման համար: «Թեև շատ ժամանակ չէ, որ զինվոր եմ, բայց ըմբռնել եմ մի կարևոր բան. պիտի ուշադիր լինես զենքի նկատմամբ: Այն քո եղբայրն է, ամենանեղ պահին օգնության հասնողը»,-ասում է Ադամը: «Ամեն զենք իր տիրոջն է նման»,-սրամտում է Սարոն:
Հրաձգարանի երրորդ կետում սերժանտ Սարգիս Վարդերեսյանը ցույց է տալիս տարբեր դիրքերից՝ պառկած, ընթացքից, կանգնած, ծնկած, խրամատից, հրաձգություն կատարելու կարգը. «Տասնվեց ամիս դիրք եմ պահել, հիմնավոր գիտելիքներ եմ ձեռք բերել, իսկ այժմ փորձի փոխանակում է: Զենքը մարդու նման է. ոնց հետը վարվեցիր, նույնությամբ կփոխադարձի»,-վստահեցնում է փորձառու սերժանտը, ապա հրաման արձակում. «Դեպի կրակային դիրք, առա՛ջ»: Հրաձիգը վայրկյանների ընթացքում զբաղեցնում է նախանշված կրակակետը: «Ոտքից վիրավորվեցիր»,-նկատում է պաշտպանության բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը:
Նա ակնդետ հետեւում է ցուցադրական պարապմունքի կազմակերպմանն ու անցկացմանը: Խորհուրդ է տալիս անգամ ուսումնական վարժանքի ժամանակ չմոռանալ՝ դիմացի խրամատում հակառակորդն է. «Հրաձգության կանոնների իմացությունն ամենակարևոր պայմաններից է մարտի դաշտում: Բացազատված այս կետերում ուսուցանվում են հաստիքային զենքի կիրառման գիտելիքներ, բարելավվում են թիրախի հայտնաբերման եւ ոչնչացման հմտությունները: Գործողությունների այդ շղթայում պակաս կարեւոր չէ անվտանգ եւ նպաստավոր դիրք զբաղեցնելու կարողությունը: Սխալի հետեւանքով զինվորը ինքն է թիրախ դառնում: Պետք է վերացնել սա, հատկապես, որ այսօր կրակակետերի ինժեներական լուծումները թույլ են տալիս ապահով հրաձգություն վարել: Ուզում եմ շեշտել, որ մեր տղաներն ընդունակ են, բարեխիղճ, բացառվում է, որ սահմանված ուսումնական ժամանակաշրջանում որեւէ նորակոչիկ իր զենքին չտիրապետի»,-ասում է գեներալ-մայորը:
Դիպուկ կրակել սահմանված ժամկետում շատերին չէ, որ հաջողվեց. եզակի արդյունք ցուցադրեց Հայկ Հովհաննիսյանը: Բռնցքամարտի չեմպիոն զինվորը համեմատում է հին ու նոր գնդացիրները: Նորի առավելություններն է թվում. «ՊԿ» տիպի 7.62 մմ տրամաչափի այս գնդացիրը թեթեւ է, դիպուկ, հարմար ու հեռահար: Ասես՝ ձեռքիս շարունակությունը լինի: Խոցել եմ նշանակետը 3000 մետր հեռավորության վրա,-ասում է նա, ապա շարունակում,-օրերն եմ հաշվում, թե երբ պիտի դիրք բարձրանամ: Եթե հակառակորդը հանկարծ փորձի խախտել սահմանը, զենքս նրան չի խնայի»:
Դիրք բարձրանալու իր հերթին սպասող զինվորներից մյուսն էլ նռնականետորդ Տիգրան Սարգսյանն է: Իրեն վստահված նոր զենքով՝ ՁՀՆ 7-ով կրակում է հակառակորդի «տանկի» ուղղությամբ: «Խոցվե՛ց: Գնահատականը՝ «գերազանց»,-զինվորից ավելի ոգեւորվում է նրա հրամանատարը: «Ցրիվ տվեցի թիրախը ֆուգասային արկով: Առաջին կրակոցս էր, բայց արդյունքը պատահականություն չէ, քանի որ հազար անգամ պատկերացրել եմ, թե ինչպես պետք է կատարեմ խնդիրը: Գործնական պարապմունքն ինձ ավելի ինքնավստահ ու համարձակ դարձրեց: Հիմա գիտեմ, որ անդավաճան զենք ունեմ»,-ասում է Տիգրանը:
Հակառակորդի ուղղությամբ նոր սպառազինությունը կիրառելու անհրաժեշտություն դեռեւս չի եղել: ՊԲ մարտական պատրաստության բաժնի պետ, գնդապետ Սուրեն Սուրենյանը, որ հրաձգարանում մեթոդական օգնություն է ցուցաբերում սպաներին, նկատում է. «Վերջին երկու տարվա ընթացքում մեր բանակը աննախադեպ հարստացել է սպառազինությամբ, զինտեխնիկայով եւ զինամթերքով: Մեր զինանոցը համալրվել է ոչ միայն մեր ունեցած զինատեսակներով, այլեւ նոր, ժամանակակից սպառազինությամբ, որի մարտավարատեխնիկական հնարավորությունները հավասարակշռում են ուժերը առաջնագծում: Մնում է ամենօրյա ուսուցմամբ շտկել կիրառման ընթացքում նկատվող սխալները. զինվորը նույն գործողությունը պետք է այնքան կատարի, որ ինքնաբերաբար ստացվի: Ամփոփելով այսօրվա պարապմունքի արդյունքները՝ կարող եմ ասել, որ տղաները լիովին արդարացրին իրենց հանդեպ մեր ունեցած վստահությունը»:
Գնդապետը եւս մեկ անգամ հիշեցրեց՝ զենքը չպետք է անիմաստ կրակի:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #18 (1240) 09.05.2018 - 15.05.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում