ՄԱՅԻՍԻ 9-Ը ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
Սյունիքի մարզի բոլոր բնակավայրերում մեծ շուքով նշվեց Մայիսի 9-ը: Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հիմնադրման Եռատոնին բնակավայրերում վեր խոյացած հուշարձանների և հուշահամալիրների մոտ, ժողովրդական հոծ բազմությամբ տոնը նշանավորվեց մարզի խոշոր բնակավայրերում` գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման և ենթակա զորամասերի բազմաթիվ զինվորականների, ՏԻՄ ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների, բազմաթիվ բնակիչների և հյուրերի կողմից զոհվածների հիշատակի խնկարկմամբ, հուշարձանների մոտ հայոց բանակի զինվորների՝ խրոխտ ու ձիգ պատվո պահակների հայացքների ներքո…
Գորիսում կայացած տոնական միջոցառմանը ելույթներ ունեցան համայնքների ղեկավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, վետերաններ, զինծառայողներ:
Զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը ներկաներին շնորհավորելով Եռատոնի առթիվ, փառաբանեց ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված մեր հերոս քաջորդիներին, նրանց ծնած հերոս մայրերին: Այնուհետև նա ընթերցեց 1-ին բանակային զորամիավորման հրամանատարի շնորհավորական ուղերձը, որում ասված է. «Մայիսի 9-ին հայոց եռագույնը ծածանվեց Շուշիի Ամենափրկիչի վրա: Ինչպես Բեռլինում` տղաներն ուս-ուսի տված, պարեցին մեր հաղթական «Քոչարին»…»:
…Վաղվա հզոր Հայրենիքի հանդեպ հույսով ու հավատով լեցուն առույգ և ժպտերես երեխաների, երիտասարդների մարզական ցուցադրություններ, ծափ ու ծիծաղի ներքո հայկական ավանդական երգ ու պար, Նոր Հայաստանի կերտման տեսլականով տոգորված խանդավառ դեմքեր` ահա օրվա խորհուրդը:
ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ
1-ին զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ Նորություններ