ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆՈՐԴԻՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴԻՆ
Մայիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանորդ Անդրեյ Իվանովին և ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին:
Անդրեյ Իվանովը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ պետական ծառայության մեջ:
ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին կարևորել է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման գործում և հավաստիացրել, որ դրանք այսուհետ ևս մի շարք ուղղություններում առկա մեծ ներուժի օգտագործմամբ ընդլայնվելու են և զարգանալու: Դավիթ Տոնոյանն ընդգծել է նաև երկու երկրների համագործակցության կարևորությունն ինչպես ռազմաքաղաքական դաշինքների, մասնավորապես` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրները, այդ թվում` փոխգործակցության հետագա զարգացման ուղիները ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական մակարդակներում, նախանշվել են առաջիկա անելիքները:
Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Խորագիր՝ Նորություններ