Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ



ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸՄայոր Նորայր Հովհաննիսյանը հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում գումարտակի հրամանատար է: 2005թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Սեփական ցանկությամբ նշանակվել է ծառայության սահմանամերձ զորամասում: Անցնելով վաշտ, դասակ օղակներով՝ հմտացել ու թրծվել է զինվորական մասնագիտության մեջ: 2017թ. արդյունքների ամփոփումից հետո նրա ղեկավարած ստորաբաժանումը ճանաչվել է ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող լավագույն գումարտակը:

-Այս հաջողությունը ամբողջ անձնակազմի հետևողական աշխատանքի արդյունք է,- նշեց գումարտակի հրամանատարը: -Յուրաքանչյուր զինվոր ու սպա բարեխղճորեն կատարել է իր պարտականությունները, ինքնակրթվել, կատարելագործվել՝ ապահովելով ծառայողական բարձր ցուցանիշներ: Ամենակարևորն այն է, որ բոլորս միասին սահմանված կարգացուցակով ծառայություն ենք իրականացրել՝ առանց մտածելու լավագույնը լինելու մասին: Մեր առօրյա գործն ենք արել: Կարող եմ փաստել միայն՝ մեր ստորաբաժանումը մարտունակ է, զինծառայողները տիրապետում են ամրակցված զինատեսակներին և ռազմական տեխնիկային, պատրաստ են իրենց գիտելիքները կիրառելու մարտական իրադրությունում:

Գրանցված ձեռքբերումների համար ստորաբաժանման անձնակազմը խրախուսվել է գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և այլն: Գումարտակի հրամանատարը պաշտպանության նախարարից ստացել է անվանական զենք:

Մայոր Հովհաննիսյանի հետ զրուցեցինք ընթացիկ ծառայողական հարցերի շուրջ: Նա ներկայացրեց մարտական հերթապահության առանձնահատկությունները, խոսեց առաջնագծում փորձառու սպայակազմի դերակատարության մասին: Զրույցի ընթացքում պարբերաբար թերթում էր գրառումների մատյանը, նշումներ անում:

-Օրն սկսվում է հստակ խնդիրների առաջադրումով և ըստ ենթակայության դրանց փոխանցումով: Սպաները հետևում են նշված կետերի իրագործմանը, անհրաժեշտ շտկումներ անում: Արդեն օրվա վերջում այդ ամենն ամփոփվում է, նույն պահին էլ հասկանալի է դառնում կատարված գործի ծավալն ու մակարդակը,- նշեց մայոր Հովհաննիսյանը:

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸԱյնուհետև տեղեկացրեց, որ անձնակազմը մշտապես ծանրաբեռնված է պլանային միջոցառումներով՝ ամփոփիչ ստուգումներ, գումարտակային ցուցադրական զորավարժություններ, տարատեսակ վարժանքներ և այլն: Բոլոր միջոցառումների ժամանակ հաստատվել է գումարտակի բարձր աստիճանի պատրաստականությունը:

Մայոր Հովհաննիսյանը նշեց նաև, որ մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի համար գերխնդիրը մարտական պատրաստությունն է, ստորաբաժանման պատրաստականության բարձր աստիճանն ապահովելը: Ցանկացած միջոցառում միտված է այդ նպատակի ապահովմանը՝ զենք մաքրելուց մինչև զորավարժության անցկացում: Մարտունակություն ապահովելուն զուգահեռ կարևորվում է նաև առաջնագծում հերթապահող զինվորի անվտանգության խնդիրը: Այդ նպատակով պաշտպանական գծի ամբողջ երկայնքով անընդհատ ինժեներական մեծածավալ աշխատանքներ են տարվում: Դրանում համոզվեցինք՝ այցելելով գումարտակի պատասխանատվության գոտու պաշտպանական տեղամասերից մեկը: Հենակետը վերջերս է ամբողջությամբ լրակահավորվել, համապատասխանեցվել սահմանված չափանիշներին: Առաջիկայում զորամասի բոլոր հենակետերը կահավորվելու են նույն կերպ՝ է՛լ ավելի ապահով դարձնելով մեր զինծառայողների անվտանգությունն ու ավելացնելով հակառակորդին դիտարկելու ու խոցելու հնարավորությունները: Անվտանգ խրամուղիներ, հաստ պաշտպանիչ պատեր, թաքստոցներ, պաշտպանված խրամաբջիջներ, բարելավված կացարան և այլն՝ ահա այսպիսի պայմաններում են մարտական հերթապահություն իրականացնում մեր տղաները: Նրանցից պահանջվում է միայն լինել զգոն և չխախտել անվտանգության կանոնները:

Գումարտակի կազմում ծառայում են և՛ պարտադիր ժամկետային, և՛ պայմանագրային զինծառայողներ: Առավել վտանգավոր տեղամասերից մեկում պայմանագրայիններն են՝ դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Ա.Խաչատրյանի ղեկավարությամբ: Կրտսեր սերժանտ Գարիկ Ղազարյանը, շարքայիններ Գևորգ Մկրտումյանը, Հովհաննես Հակոբյանը, Հայկ Աթյանը, Ռուբեն Քիքանյանը, Նարեկ Պետրոսյանը և մյուսները արժանապատիվ ծառայություն են իրականացնում: Հակառակորդի ամեն շարժ նրանց հսկողության ներքո է:

-Այստեղ պատահական մարդիկ չկան: Բոլորը հասկանում են սահմանի պահպանության իրական արժեքը և հենց այդպիսի գիտակցումով էլ մոտենում են պարտականությունների կատարմանը օրվա ցանկացած ժամի, եղանակային ցանկացած պայմաններում,- նշեց կրտսեր սերժանտը:

Դիրքեր այցելության ժամանակ մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ: Առաջին հենակետում մեզ երկու մեծ շուն դիմավորեցին: Հաչեցին, վազեցին, մի քանի րոպե ավագ պայմանագրայինների հանգստացնելուց հետո միայն հարմարվեցին մեր ներկայությանը: Իսկ երբ պատրաստվում էինք գնալ երկրորդ հենակետ, նկատեցինք, որ շներից մեկը կանգնել է զինվորական ամենագնացի առջևում: Մեքենայի շարժվելուն զուգընթաց շունն սկսեց վազել: Սկզբում կարծեցինք, թե մի քանի մետրից կկանգնի, բայց, չէ, շարունակում էր վազել: Այդպես բավական երկար ճանապարհ անցանք: Շունը վազում էր արագ, վստահ, գլուխը բարձր ու անընդհատ աջուձախ նայելով: Մերթընդմերթ կանգնում էր կամ բարձրանում թմբի վրա, կարծես դիտարկում էր տարածքը ու նորից վազում, մեքենայից առաջ անցնում. մեզանից լավ գիտեր, թե ուր էինք գնում, տեղանքին քաջածանոթ էր: Մառախլապատ ու անձրևոտ եղանակ էր, ջրափոսերի ու ցեխի միջով նույնիսկ մեքենայով էր դժվարանցանելի, սակայն շունը հետ չէր մնում: Հասանք մի ճամփաբաժանի: Վազքն արագացրեց, կանգնեց մի բարձր թմբի ու հայացքով «ցույց տվեց» այն ուղղությունը, ուր պիտի շարժվեինք: Կարծես հրաժեշտ էր տալիս: Ապշած նայում էինք իրար, երբ զարմանալու երկրորդ առիթը եղավ: Հազիվ մի հարյուր մետր էինք անցել, երբ դիմացից մեկ ուրիշ շուն հայտնվեց ու սկսեց վազել մեր մեքենայի առջևից: Էստաֆետը մեկը մյուսին փոխանցեց: Ճամփաբաժանից սկսվում էր մեկ այլ հենակետի տարածքը, և առաջին շունը իր գործը կատարած համարելով հեռացավ: Նա ապահովեց մեր անվտանգ տեղաշարժը «իր» տարածքով:

Դեռ երկար հուզմունքից չէինք կարողանում խոսել: Փաստորեն, շներն էլ մեր տղերքի նման դիրքապահ են:

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #19 (1241) 16.05.2018 - 22.05.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


17/05/2018