ՀՈՂԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԻՆՁ
Նորայր Զախարյանի մասին զինակից ընկերներն էին պատմել ինձ.
-Տարածքն էինք ականապատում, մեկ էլ ուժեղ պայթյուն լսվեց: Նորիկն ընկավ: Վազեցինք` դեմքը մրի մեջ էր, ոտքը արյունլվա ու անբնական կախված: Հենց իմացավ, որ միայն մեկ ոտքն է վնասվել, ասաց. «Հույս չունենաք, թե ես զորացրվելու եմ, դուք շարունակեք ծառայել: Ոտքս կապեն, հետ եմ գալու»: Նորայրը սակրավոր էր, չէր կարող չհասկանալ, թե ինչ է նշանակում ականապայթյուն, եւ ինչ է սպասվում իր ոտքին: Հաստատ հասկանում էր: «Ծնկից ներքեւ է, տղերք, ես զգում եմ՝ ցավը ծնկից ներքեւ է: Դուխով: Կարեւորը` ծնկից վերեւ չի: Ի՞նչ եք մթնել: Բան էլ չի եղել: …Մամաս կնեղվի, բայց, դե, ոչինչ: Բա էն տղերքի մայրերն ինչ ասեն, որ…»:
Ցավազրկելուց հետո տրամադրությունն ավելի բարձրացավ: Հոսպիտալ հասնելու ճանապարհին ում տեսավ, հրավիրեց իր հարսանիքին: Բոլորին դուխ տվեց, կատակներ արեց: Հոսպիտալում կորցրեց գիտակցությունը:
…Զանգել եմ Նորայրին:
-Ես հոդվածաշար եմ պատրաստում ապրիլյան պատերազմի հերոս տղերքի մասին:
-Ինչո՞վ օգնեմ:
-Ձեր մասին էլ եմ ուզում գրել:
-Բայց ես հերոսություն չեմ արել:
-Մասնակցել եք, չէ՞, պատերազմին:
-Այո՛, բայց հերոսություն չեմ արել: Անկեղծ ասած՝ եթե պահը գար, չէր բացառվում, որ ես էլ հերոսություն անեի, բայց բախտը ամեն մեկի հանդեպ այնքան բարեհաճ չի լինում, որ հերոսացնի: Այնպես որ, ես չբացահայտված հերոսների շարքից եմ…,- ու լսափողի մեջ լսվում է տղայի զրնգուն ծիծաղը:
-Ես «չբացահայտված» հերոսների մասին էլ եմ գրում…
…Նորայրը զինվորի նման է քայլում` կտրուկ, ուսերը բարձր: Հանկարծ ես հասկանում եմ, որ այդ ձգվածությունը ոտքը ուղիղ դնելու ու չկաղալու ջանքից է: Ակամա ձեռքս դնում եմ ուսին:
Երիտասարդը ժպտում է:
-Հիմա մեկ ոտքով ավելի ամուր եմ կանգնած իմ հողին, քան երբ երկու ոտք ունեի:
-Ինչո՞ւ: -Հարցնում եմ առանց մտածելու:
-Որովհետեւ հիմա հողը ճանաչում է ինձ:
-Սկզբից ընտանիքիդ մասին պատմիր: Հետո զինծառայությունից կխոսենք:
-Աշխարհում ամենից շատ տատիս եմ սիրել:
-Մորի՞ցդ էլ շատ:
-Այո՛: Որովհետեւ տատիս նման կին աշխարհում չկար ու չի լինի: Տատս մարդասեր չէր, է, մարդապաշտ էր: Տատիս համար նշանակություն չուներ` մարդը հարազա՞տ է, բարեկա՞մ, ծանո՞թ է, թե՞ լրիվ օտար, սիրում ու օգնում էր` ինչպես ամենամոտ հարազատին: Երբ տան ամենալավ պատառը, մեր վերջին ունեցածը տալիս էր ինչ-որ մեկին, հարցնում էինք` ո՞վ է, տա՛տ, քո ի՞նչն է: Մարդ է` պատասխանում էր բազմանշանակ ու խրատող:
-Ծնողներդ ինչո՞վ էին զբաղվում: Ձեր ընտանիքը ինչպե՞ս էր վաստակում ավուր հարցը:
-Ես քյավառցի եմ: Մենք շատ անասուն ունեինք: Կաթ էինք վաճառում, պանիր, կարագ, միս: Տատիս սարքած անքաշ պանիրը վաճառվում էր Կոմիտասի շուկայում: Վաճառողը հորս ասել էր` գիտես՝ ամեն օր քանի մարդ է օրհնում քո ընտանիքը: Պանիր են գնում ու օրհնում են: Տատիս վաստակած օրհնանքները մինչեւ կյանքիս վերջ կպաշտպանեն ինձ փորձանքից:
-Տատիդ վաստակած օրհնանքները դու կարո՞ղ ես ժառանգել:
-Այո՛, եթե ինքդ արժանի լինես այդ օրհնանքներին, իսկ ես արժանի եմ:
-Բան չասացի:
-Ես երազում էի զինվորական դառնալ: Պապս պատմում էր Հայրենական պատերազմից, ու ես գիշերը քնելուց առաջ «հագնում էի» պապիս զինվորական համազգեստն ու բոլոր պատմությունները վերագրում ինձ: Իմ մանկությունն ընդհատվեց, երբ 10 տարեկան էի: Քույրս անսպասելի հիվանդացավ, գամվեց անկողնուն: Նրան բուժելու համար մենք վաճառեցինք ամեն ինչ:
-Քույրդ բուժվե՞ց:
-Ո՛չ: Բայց մեր համառ ջանքերով ապրեց: Ես երազում էի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սան դառնալ, բայց չէի կարող մենակ թողնել ծնողներիս, պիտի օգնեի նրանց: Տղամարդ եմ, հո իմ երազանքի պատճառով ընտանիքս չէր տուժելու:
-Գավառում 14 տարեկանի՞ց են տղամարդ դառնում:
-Քյավառում տղամարդ ես դառնում, երբ կարողանում ես կուլ տալ 90 գրադուս օղին… Կատակում եմ: Տղամարդը նա է, ով ուրիշի հոգսը վերցնում է իր ուսերին, պատասխանատվություն է կրում ընտանիքի համար ու կարողանում է տեր լինել իր խոսքին: Էնպես որ, տարիքը կապ չունի:
Երեւի տատիցս եմ ժառանգել այդ հատկանիշը` շատ հարմարվող եմ ու հաշտ: Այդ պատճառով էլ շատ ընկերներ ունեմ: Մարդուն գնահատելու ամենաստույգ չափանիշը ընկածի հանդեպ նրա վերաբերմունքն է: Հարվածո՞ւմ է ընկածին, հեռանո՞ւմ է ընկածից, թե՞ ուզում է բարձրացնել: Ես սրանով եմ չափում մարդկանց ու դեռ երբեք չեմ սխալվել…
Զինվորական ծառայության ժամանակ ուզում էի ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, էն էլ ապրիլյան կռիվն սկսվեց: Ես լավ զինվորական կդառնայի, իմ հրամանատարների նման: Շատ եմ ափսոսում, որ ոտքիս պատճառով չեմ կարող սպա դառնալ:
-Կարծում եմ` կարող ես, որովհետեւ բանակում էլի կան անդամահատված սպաներ:
-Չեմ ուզում: Եթե առաջնագծում չեմ ծառայելու, դիրք չեմ բարձրանալու զինվորներիս հետ, նրանց չեմ պաշտպանելու: Երբ թշնամին հարձակվի, հարվածն իմ վրա չեմ վերցնելու, ինչի՞ս է պետք զինվորական դառնալը:
-Քո հրամանատարները հարվածն իրենց վրա՞ էին վերցնում, պաշտպանո՞ւմ էին զինվորին:
-Այո՛, օրինակ կապիտան Արտյոմ Բաբայանը: Նա միայն հրամանատար չէր մեզ համար, մեծ եղբայր էր, հավատարիմ ընկեր էր, հայր էր: Գնդապետ Կարեն Շաքարյանը մեզ հետ հավասար ական էր տեղադրում, մեր կողքին էր զինակից ընկերոջ նման: Ես սիրեցի բանակը, որովհետեւ սիրեցի հրամանատարներիս: Ես նվիրվեցի բանակին, որովհետեւ տեսա հրամանատարներիս նվիրումը:
-Գովիր, գովիր… Հրամանատարի մասին զորացրված զինվորի գովքը կարելի է հրապարակել, որովհետեւ այն անշահախնդիր է ու ճշմարիտ:
-Տեսեք՝ ոտքս դիրքերում եմ թողել, բայց բանակին կապված եմ իմ կյանքի ամենահպարտ, ամենաազնիվ, ամենաջերմ հիշողություններով: Մարմնի վերքերը այնպես ուժգին չեն ցավում, որքան հոգու վերքերը: Ու եթե հոգիդ հպարտ է, մարմնի ցավերը կարող ես հեշտությամբ հաղթահարել:
-Ինչպե՞ս սկսվեց քո բաժին կռիվը:
-Երբ արկերն սկսեցին ընկնել քաղաքի վրա, մենք պատսպարվեցինք գետնափոսերում: Թշնամու անօդաչուներն այնքան շատ էին, որ շփոթում էինք աստղերի հետ: Գիտեք` ինչն է զարմանալին, որ մեկ վայրկյան անգամ կյանքիս մասին չեմ մտածել: Ուղեղիս մեջ միայն մայրս էր: Պատկերացնում էի, թե ոնց է իմ զոհվելու լուրը լսելու: Ու սիրտս մղկտում էր: Մենք ականներ էինք տեղադրում արկակոծության, հրետակոծության տակ: Երբ ականը պայթեց, մի պահ ամեն ինչ ծածկվեց խավարով: Չգիտեմ` ինչքան տեւեց այդ «պահը»: Հետո աչքերս բացեցի, փորձեցի հասկանալ ողջ եմ, թե մեռած: …Աչքերով Աստծուն էի փնտրում: Երբ Աստծուն չգտա, հասկացա, որ ողջ եմ:
-Ասում են` աընդհատ հեռախոս ես խնդրել, որ տուն զանգես, մորդ ձա՞յնն էիր ուզում լսել:
-Չէ՛, ուզում էի` մայրս իմ ձայնը լսի: Որ երբ ասեն՝ վիրավորվել եմ, չմտածի` զոհվել եմ: Տղաներն էլ մտածում էին` երեւի ցավից խելքս գցել եմ, ուզում եմ մերոնց պատմել կատարվածի մասին, ու հեռախոս չէին տալիս: Հետո ծնողներս եկան հոսպիտալ: Որքան էլ զարմանալի է, մայրս իրեն հերոսի պես պահեց, լաց չեղավ: Իսկ հայրս… հորս չէի կարողանում հանգստացնել:
-Ո՞նց ես շարունակելու կյանքդ, ի՞նչ ծրագրեր ունես:
-Մի գաղտնիք ասե՞մ: Եղավ մի պահ, երբ ընկճվեցի, տրամադրության անկում, անտարբերություն… Չէի ուզում ոչ ոքի տեսնել, փակվել էի իմ սենյակում: Հետո ընկերս ստիպելով ինձ փողոց տարավ: Ու… անպատմելի բան կատարվեց: Նախ՝ մի փոքրիկ աղջիկ մոր ձեռքից պոկվեց, եկավ ու գրկեց ինձ: Ասաց` քեզ տեսել եմ հեռուստացույցով, դու հերոս ես: Հետո մարդիկ հավաքվեցին շուրջս: Մարդկանց սերը, ջերմությունը, հարգանքը ինձ թեւեր տվեցին: Ոտքերն ինչիս են պետք, երբ հոգիս թռչում է: Ընդունվեցի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Փրկարար եմ դառնալու, արդեն որոշել եմ:
-Սիրած աղջիկ ունե՞ս…
-Աշխարհի ամենասիրուն, ամենախելացի, ամենաբարի աղջկա հետ եմ ամուսնանալու:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #19 (1241) 16.05.2018 - 22.05.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում