Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ



Երեւանի Ռ. Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի աշակերտների նամակները հայ զինվորին

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, սահմանին կանգնած իմ ավագ ընկեր: Ես գիտակցում եմ, որ դու այդտեղ քո արյան գնով պաշտպանում ես ինձ եւ հայրենիքը` չխնայելով քո կյանքը: Տարիներ հետո ես եմ կանգնելու այդտեղ, եւ քեզ նման անձնվեր ծառայելու եմ հայրենիքին, խոստանում եմ: Սահմանին կանգնած, գուցե ես էլ քեզ նման իմ կրտսեր հայրենակիցներից նամակ ստանամ ու ընթերցելիս տաք-տաք ժպտամ, ինչպես հիմա դու: Ցանկանում եմ, որ ժպիտդ երբեք չպակասի:

Քո կրտսեր ընկեր` ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

♦♦♦

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՄեր խիզախ զինվորներ, ես հպարտանում եմ, որ ձեզ նման քաջ ու անվախ տղաներ են պաշտպանում մեր հայրենիքը, եւ մի որոշ ժամանակ անց ես կշարունակեմ ձեր գործը: Ես վստահ եմ, որ հարկ եղած դեպքում թշնամուն ցույց կտաք, թե ովքեր են Հայկ Նահապետի ժառանգները: Ես գիտեմ, որ ձեզ համար չկա առավել կարեւոր պարտականություն, քան
հայրենիքի պաշտպանությունը:

Ձեզ սիրող, ձեզանով հպարտացող, ձեր գործը շարունակող`

ՎԱՀԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

♦♦♦

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, իմ հա՛յ զինվորներ: Ինչպե՞ս եք: Երբ ես դպրոց եմ գնում կամ զբոսնելու, վստահ եմ, որ դուք կանգնած եք սահմանին եւ, չխնայելով անգամ ձեր կյանքը, մեր խաղաղ կյանքն եք ապահովում:

Ես էլ ունեմ երկու եղբայր, որ մի քանի տարի հետո զինվոր կդառնան, եւ ես նրանց էլ նամակ կգրեմ ու անհամբեր կսպասեմ նրանց վերադարձին:

Աստված պահապան բոլորիդ:

ԼԻԼԻԹ ՕՀԱՆՅԱՆ

 

♦♦♦

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՍիրելի՛ զինվորներ, ես քաջ գիտակցում եմ սահմանին կատարած ձեր ծառայության անսահման մեծությունը: Հայրենիքի առաջ ձեր սուրբ պարտքը կատարելով` դուք ամեն օր պահպանում եք մեր անդորրն ու խաղաղ կյանքը: Թող ձեր ծառայությունն անցնի նույնքան ապահով ու խաղաղ…

Դուք հիմա խրամատում կարդում եք այս նամակը, իսկ ես տաք սենյակում նստած պատկերացնում եմ ձեզ եւ ուզում եմ իմ փոքրիկ նամակով խաղաղ, անփորձանք ծառայություն մաղթել բոլորիդ:

ԼԻԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

♦♦♦

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԻմ հայրենիքի հպարտ ու անկոտրում զինվորներ, շնորհակալ ենք ձեզ եւ խոնարհվում ենք ձեր առաջ:

Փառք ու պատիվ զինվորներին,

Մեր քաջարի տղաներին:

Եղե՛ք տոկուն, եղե՛ք կանգուն,

Մեր սուրբ հողին դուք պարգեւեք խաղաղություն:

ԼՈՒՍԻՆԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

♦♦♦

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՀայրենիք, Արցախ, պատերազմ, խրամատ, բազում վիրավորներ, զգոնություն, խիզախություն, հաղթանակ եւ խաղաղություն: Իսկ ավելի ճիշտ՝ այս ամենը կարելի է ամփոփել մեկ բառի մեջ` զինվոր` Հա՛յ զինվոր:

Ձեր երակներում Վարդանի, Նժդեհի, Անդրանիկի, Մոնթեի արյունն է հոսում, իսկ այդ արյունը երբեք չի փոխվում, այլ ժառանգաբար փոխանցվում է. Ադամ Սահակյան, Արմենակ Ուրֆանյան, Քյարամ Սլոյան, Աղասի Ասատրյան, Մերուժան Ստեփանյան, Ռուբեն Իսկանդարյան, Անդրանիկ Զոհրաբյան, Ռոբերտ Աբաջյան, Արտակ Պետրոսյան, Միշա Աղաջանյան…

Զինվո՛ր, որի սրին բախվեց թշնամին ու բազում զոհերով ետ շպրտվեց, զինվո՛ր, ով երբեք ողջ-ողջ գերի չի ընկնում, ով վերջին փամփուշտը իր համար է պահում, ով նռնակը ձեռքին պայթում է` իր հետ տանելով տասնյակ ադրբեջանցի ճիվաղների: Զինվո՛ր, ով իր կյանքը չխնայեց քառօրյա դաժան պատերազմում, ով զոհվեց հանուն մեզ, հանուն մեր խաղաղ ապագայի: Ահա թե ինչպիսին է հայ զինվորը: Հավերժ փառք ու պատիվ նրանց հիշատակին: Բայց եկեք չմոռանանք նաեւ նրանց, ովքեր ապրում են մեզ հետ, մեր կողքին: Ոմանք շարունակում են ծառայել, ոմանք գամված են անվասայլակին, սակայն չեն հաշտվում իրենց ծանր վիճակի հետ եւ պատրաստ են նորից նետվելու մարտադաշտ, որովհետեւ անհաղթ ոգի ունեն:

Հայոց աշխարհում ամենքս էլ զինվոր ենք, ծառայում ենք հանուն հայրենիքի, մեկը գերազանց սովորելով, մեկը դասավանդելով, իսկ մյուսն էլ հայ զինվորի համար կոշիկ ու հագուստ կարելով: Ամեն մեկս մեր գործի զինվորը լինենք…

ՄՀԵՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Խորագիր՝ #22 (1244) 06.06.2018 - 12.06.2018, Բանակ և հասարակություն


07/06/2018