42 ՀԱԶԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Երեւանի կայազորային զինվորական հոսպիտալը նշում է իր 25-ամյակը: Հոբելյանը եւս մի առիթ է վերհիշելու անցած ճանապարհը… Այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել, անփոփոխ է մնացել միայն նվիրումը…
Հոսպիտալն այսօր իր արժանի տեղն ունի հանրապետության լավագույն բժշկական հաստատությունների շարքում: Ամեն օր հարյուրավոր զինծառայողներ, ամենատարբեր առողջական խնդիրներով դիմում են հոսպիտալ ու ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն:
Քառորդդարյա կենսագրություն…
90-ականների սկզբին Երեւանի երկրորդ բուժսանմասը վերակազմավորվեց ու վերածվեց զինվորական հոսպիտալի: Տարիները գումարվեցին տարիներին, ու արդեն անցյալում են սկզբնական փուլի անվերջ ու անհամար թվացող դժվարությունները, երբ լամպի լույսի տակ վիրահատություններ էին անում, երբ նույնիսկ չէին հերիքում դեղերը, վիրակապը… Ներկայումս բժշկական «զինանոցը» համալրված է արդիական սարքավորումներով, հատկապես վերջին մի քանի տարիներին հսկայածավալ շինարարական աշխատանք է կատարվել: Այսօր հոսպիտալը քայլում է ժամանակի հետ համընթաց: Հոսպիտալը տարբեր տարիների ղեկավարել են Սարգիս Առաքելյանը, Արթուր Ռոստոմյանը, Դավիթ Մխիթարյանը, Գագիկ Մկրտչյանը, Հովիկ Դավթյանը, Սահակ Օհանյանը: Յուրաքանչյուրն իր լուման է ներդրել զինվորական-բժշկական այս կառույցի է՛լ ավելի կատարելագործմանն ու զարգացմանը:
Հոսպիտալի ներկայիս պետը Արցախյան թոհուբոհն անցած առաջատար վիրաբույժ, բուժծառայության փոխգնդապետ Վահան Գեւորգյանն է: Բժիշկ՝ էությամբ, կոչումով, արյամբ… Զինվորական բժշկի կենսագրությունն սկսել է հենց Երեւանի կայազորային հոսպիտալից, որն այժմ ղեկավարում է: Ավագ սերնդի բուժքույրերը, բժիշկները այսօր էլ՝ ժամանակի հեռավորությունից, նույն խոսքերով են բնորոշում նրան. «Անկեղծ ու պարզ, համեստ, զուսպ, անմիջական…, ոսկե ձեռքերով, ոսկե սրտով վիրաբույժ»: Իսկ երիտասարդ բժիշկները լրացնում են՝ «Մեր ուսուցիչը»: Նրա վիրաբուժության ուսուցիչը՝ երջանկահիշատակ Սերգեյ Հարությունյանը, ժամանակին մեծ հույսեր էր կապում երիտասարդ Վահանի հետ. «Նա մեծ վիրաբույժ կդառնա. բնածին տաղանդ ունի, պրպտուն միտք, արագաշարժ ձեռքեր»: Վահան Գեւորգյանի ձեռքը թեթեւ է՝ շատերն են փաստում, իսկ թե ինչ ծանր աշխատանքով է նա հասել դրան` միայն ինքը գիտի, մեկ էլ Աստված:
Դժվար է վաստակաշատ բժշկի հարուստ կենսագրությունը տեղավորել-ամփոփել մի քանի տողում: 1993թ. կայազորային հոսպիտալում աշխատանքի անցնելուց կարճ ժամանակ անց՝ որպես հինգերորդ բրիգադի զորամասային բժիշկ, գործուղվեց Հադրութ, հետո Մեծշեն, Մեխակավան, Օմարի լեռնանցք: Պատերազմ էր… Վիրավորներին թիվ ու հաշիվ չկար, օդ ու ջրի պես բժիշկներ էին պետք: Պատերազմում բժիշկները երկու ճակատով են կռվում՝ թշնամու դեմ՝ հայրենի հողի, եւ մահվան դեմ՝ վիրավորի կյանքի համար… Չմարող կրակատարափի, պայթյունների կաղկանձի տակ օդում կախվում էր վիրավոր ազատամարտիկների հարց-խնդրանքը՝ կապրե՞մ, բժի՛շկ: …Պատերազմում բժիշկները հրաշքներ գործեցին, այդ աննկարագրելի ծանր պայմաններում բացառիկ վիրահատություններ էին իրականացվում, հարկ էր ճիշտ, արագ կողմնորոշվել, հրատապ եւ գրագետ բուժօգնություն ցուցաբերել…
-Պատերազմը ցավ ու դառնություն էր, բայց պատերազմը նաեւ մասնագիտական փորձառություն էր,-ասում է Վահան Գեւորգյանը:
Այսօր հոսպիտալում ռազմական բժիշկները հարմարավետ պայմաններում, նորագույն մեթոդներով զանազան բարդությունների վիրահատություններ են կատարում, բուժում, ապաքինում: Բուժանձնակազմը պատվով է կատարում իր առջեւ դրված խնդիրները: Ավագ սերնդի բժիշկների կողքին երիտասարդ, խոստումնալից բժիշկներ են՝ նպատակասլաց, ձգտումներով լի:
-Մեր յուրաքանչյուր ձեռքբերում, հաջողություն, արդյունք է թիմային աշխատանքի. ամեն օղակ իր դերն ու նշանակությունը ունի, եւ ամեն մեկն իր անհատական ներդրումն ունի ընդհանուր աշխատանքի մեջ՝ սկսած մայրապետից մինչեւ բուժքույր, վիրաբույժ,- նշում է հոսպիտալի պետն ու շարունակում:- Երբեք չենք բավարարվում ձեռք բերածով, տեղում չենք դոփում, մշտապես կատարելագործվում ենք:
-Հոսպիտալում ցանկացած հիվանդի տրամադրվում է մասնագիտացված որակյալ բուժսպասարկում, կատարվում է մանրակրկիտ հետազոտություն,- նշում է հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ, բ/ծ մայոր Տիգրան Թունյանը:- Անհամեմատելի է առաջընթացը թե՛ տեխնիկական վերազինման, թե՛ շենքային պայմանների վերանորոգման առումով: Հոսպիտալը հիմնանորոգվել է, բաժանմունքները համալրվել են նոր, ժամանակից սարքավորումներով: Տեխնիկապես վերազինումն էապես փոխել, է՛լ ավելի է բարձրացրել բուժսպասարկման որակը:
Տարվա լավագույն բաժանմունք է ճանաչվել վիրաբուժականը: Թե՛ վիրաբուժական, թե՛ մյուս բաժանմունքների աշխատանքային սկզբունքները խարսխված են պատասխանատվության, պարտաճանաչության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի վրա: Բաժանմունքը հագեցած է արդիական սարքավորումներով, ինչը թույլ է տալիս կատարելու տարբեր ծավալների ու տեսակի վիրաբուժական եւ լապարասկոպիկ միջամտություներ:
-Բոլոր բժիշկներն էլ մշտապես հետեւում են ոլորտի զարգացումներին, ձգտում տիրապետել նորագույն մեթոդներին: Հաջող վիրահատություն կատարելու համար միայն վիրաբույժի փորձն ու հմտությունը բավարար չեն, չափազանց կարեւորում ենք վիրահատող խմբի ներքին փոխըմբռնումը: Լավ անձնակազմ ունենք, միշտ հիվանդի ցավին հարեհաս,- նշում է բաժանմունքի ղեկավար, բ/ծ մայոր Գեւորգ Դատումյանը: -Մեր կողքին էլ մշտապես իր խորհուրդներով ու փորձառությամբ Վահան Գեւորգյանն է:
Բուժքույրեր Կարինե Հակոբյանը, Գայանե Գասպարյանը, Անահիտ Հակոբյանը, ավագ բուժքույր Արփինե Ամիրխանյանը հոսպիտալի «հնաբնակներից» են. «Հոսպիտալային պայմանները շատ են փոխվել, աննկարագրելի շատ»: Իրար լրացնելով հիշում են 90-ականները. «Ծանր, պատերազմական ժամանակներ էին, չկային մեկանգամյա օգտագործման ներարկիչներ, մենք ժամերով ախտահանում էինք ներարկիչները, վիրակապերը չէին հերիքում, լվանում էինք, արդուկում, խնայողաբար գործածում… Լամպի լույսի տակ վիրահատություններ էինք կատարում, կյանք պարգեւում… Մի փոքրիկ քաղցրավենիք էլ, որ ունենայինք, անպայման վիրավոր զինվորներին էինք հյուրասիրում»: Հուշերը, հիշողություններն այն օրերից շատ են, բայց մեկը հատկապես դրոշմվել է. 1993թ. դեկտեմբերի 31-ն էր, Նոր տարին պետք է նշեին, վիրավոր բերեցին: Արագ-արագ շնորհավորեցին մեկմեկու, աշխարհին խաղաղություն մաղթեցին, զինվորներին՝ անփորձանք ծառայություն, ու մեկ րոպե անց արդեն վիրահատարանում էին, առավոտյան ժամը 7-8-ին նոր դուրս եկան: Ու էսպես նմանատիպ բազմաթիվ դեպքեր…
-Գուցե պայմանները, հնարավորությունները միշտ չէ, որ հարմարավետ են եղել, բայց մենք միշտ լավ բժիշկներ ենք ունեցել, նրանք հրաշքներ են գործել, միշտ էլ նրանց հետ վստահ ենք մտել վիրահատարան:
Հաջող վիրահատության բաղկացուցիչ մասն է անեսթեզիոլոգի աշխատանքը: Անզգայացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Միքայել Նանյանը կատակով նկատում է. «Մենք աշխարհի ամենահին մասնագիտությունն ունենք, անգամ Աստվածաշնչում է հիշատակվում, երբ Ադամին Աստված քնեցրեց եւ նրա կողից Եվային ստեղծեց»: Բաժանմունքը եւս հագեցած է լավագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնելու թե՛ ամբողջական, թե՛ տեղային անզգայացման բոլոր տեսակները. Թոքերի արհեստական օդափոխության սարքավորումներ, հատուկ մոնիտորներ, որոնց միջոցով հնարավոր է մշտադիտարկել ճնշումը, սրտի զարկերը, ռիթմը, հյուսվածքների հագեցվածությունը թթվածնով: Սարքավորումներն արձանագրում են ցանկացած շեղում:
Թերապեւտիկ բաժանմունքը 2014թ. ղեկավարում է բ/ծ մայոր Նելլի Օհանյանը, այստեղ իրականացվում է ներքին հիվանդությունների ախտորոշում եւ բուժում: Բաժանմունքը համալրված է տարբեր նեղ մասնագիտական պատրաստվածություն ունեցող բժիշկներով՝ նեֆրոլոգ, ալերգոլոգ, թերապեւտ…
Հիվանդասենյակներում բուժվող զինվորներից հետաքրքրվում եմ՝ ո՞վ է ամենահոգատարը, ամենաուշադիրը, ամենասրտացավը:
-Բոլո՛րը:
Խոստովանեմ՝ բոլոր բաժանմունքներում միշտ նույն պատասխանին եմ ականջալուր, միայնումիայն գոհունակության ջերմ խոսքեր՝ բուժանձնակազմը հոգատար է, ուշադիր, հարգալից:
Ասում են՝ ջերմ, սրտացավ վերաբերմունքը հազար դեղից հզոր է:
Երեւանի կայազորային հոսպիտալի մաշկավեներաբանական, հատուկ դեպքերի, հոգեբուժական բաժանմունքները միակն են ամբողջ զինված ուժերում: Հոսպիտալում բժշկում են ե՛ւ մարմինը, ե՛ւ հոգին:
Բուժհաստատության առաջին պարտադիր օղակ-անցակետն ընդունարանն է, այստեղ է կատարվում նախնական զննում, մասնագիտական խորհրդատվություն, եւ ըստ այդմ էլ որոշվում է հետագա ընթացքը: Բաժանմունքը 2008թ. ղեկավարում է բ/ծ մայոր Վարդի Ամիրխանյանը: Իսկ թե հատկապես զինվորների հետ մայրական ինչ գորովով, ինչ առանձնահատուկ ջերմությամբ է վարվում, տեսնել է միայն պետք. նրա զույգ որդիները բանակում են:
♦♦♦
Գաղտնիք չէ, որ ցանկացած հիվանդության արդյունավետ բուժումը մեծապես կախված է արագ եւ ճիշտ ախտորոշումից:
-Վաղաժամ ախտորոշումը լիարժեք բուժման գրավականն է,- նշում է ճառագայթային ախտորոշման բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Նարինե Էլիզբարյանը: Բաժանմունքը բաղկացած է երկու ծառայություններից՝ ուլտրաձայնային եւ ռենտգեն հետազոտությունների: «Թոշիբա» ընկերության APLIO400 ուլտրաձայնային հետազոտության ժամանակակից սարքավորման շնորհիվ հնարավորություն է ընձեռվել առավել լիարժեք հետազոտել հիվանդներին եւ տալ ճշգրիտ եզրակացություն:
Երեւանի կայազորային զինվորական հոսպիտալի լաբորատոր-ախտորոշման բաժանմունքը ձեւավորվել է հոսպիտալի ստեղծմանը զուգահեռ: Սկզբնական շրջանում լաբորատորիան ուներ ընդամենը երկու ծառայություն՝ կլինիկական ախտորոշման եւ կենսաքիմիական, սակայն դա բավարար չէր բազմակողմանի եւ լիարժեք հետազոտության համար, այժմ արդեն գործում են նաեւ շիճուկաբանական եւ իմունոլոգիական ծառայությունները:
-Այսօր արդեն հազվադեպ են դեպքերը, երբ հիվանդներին ուղեգրում ենք այլ բուժհաստատություններ՝ նեղ մասնագիտական լաբորատոր հետազոտության,- նշում է բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Սաթենիկ Վասիլյանը:
♦♦♦
Եվ այսպես, տարեցտարի հոսպիտալը համալրվել է ժամանակակից սարքավորումներով, արդիականացել եւ իր արժանի տեղը հաստատել հանրապետության լավագույն բուժհաստատությունների շարքում:
Հոսպիտալն այսօր 25-ամյակը նշում է վաստակած հպարտությամբ եւ գալիք նոր նվաճումների տեսլականով:
Այստեղ աշխատում է մի կուռ թիմ, որտեղ յուրաքանչյուրը գիտակցում է իրեն վստահված մարդկային առողջությունն ու կյանքը պահպանելու առաքելությունը…
Բժշկական տեղեկագրից փոքրիկ մեջբերում. 25 տարիների ընթացքում հոսպիտալում 42.000 հիվանդ է բուժվել եւ լիարժեք ապաքինված, առողջացած դուրս եկել՝ շարքային, գնդապետ, գեներալ, զինծառայողի ընտանիքի անդամ:
«Հայ զինվոր» պաշտոնաթերթը սիրով ու ջերմությամբ շնորհավորում է հոսպիտալի բոլոր աշխատողներին: Թող գնահատանքը, հարգանքը երբեք չպակասեն, ու թող գումարվի 42.000 ապաքինված հիվանդների օրհնանքն ու երախտագիտությունը…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ