ՈՒԺԵՂ ԵՂԻՐ
Մենք նկարչուհու այգում էինք. նստել էինք հսկա ծառի (կարծեմ՝ ծիրանենու) ստվերում։ …Արմինե Կալենցը ներշնչված էր, հուզառատ, պերճախոս, ու մեր զրույցը ձգվեց մինչեւ ուշ երեկո։
-Տիկին Կալենց, ի՞նչ է երջանկությունը։ Ո՞րն է կնոջ երջանկությունը… Դուք ապրել եք հանճարեղ նկարիչ, մեծ մտավորական Հարություն Կալենցի կողքին, արժանացել եք նրա սիրուն։ Դուք ճանաչված արվեստագետ եք, Ձեր նկարները հուզում են, առինքնում։ Սեր, ներդաշնակություն, փառք… ամեն ինչ ունեցել եք, ի՞նչն է երջանկացնում կնոջը։
-Ամեն անգամ, երբ ինձ անսահման երջանիկ եմ զգացել, թվացել է՝ գտել եմ երջանկության բանալին, բացահայտել եմ երջանկության առեղծվածը։ Բայց հետո… ինչ-որ բան չի հերիքել։ Երբ ավարտել եմ նկարը՝ արարման երանելի պահերով, ներշնչանքով, ամբողջովին տրված, ինձ երջանիկ եմ զգացել։ Երբ տքնանքով, ուժերի գերլարումով բարձունք եմ հաղթահարել, երջանկացել եմ, հետո անցել է պահը, ու հասկացել եմ, որ հեռու եմ տեւական, անանց երջանկությունից։ Սե՞րը՝ ասում եք, հոգու եւ մարմնի ներդաշնակությունը, խելահեղ ձգտո՞ւմը։ Երիտասարդ ժամանակ ես համոզված էի, որ հենց դա է երջանկությունը։ Բայց հետո դա էլ խամրեց։ Ի վերջո, հասկացա՝ երջանկությունը կյանքն է՝ իր մեծ սիրով ու հիասթափությամբ, իր հաղթանակով ու պարտությամբ, իր ներդաշնակությամբ ու փառքով։ Իր գույներով։ Բոլո՛ր գույներով։ Երջանկությունը բովանդակալից, խիտ, շռայլորեն ու ինքնանվիրումով ապրած կյանքն է։
-Ինչի՞ մասին եք նկարում։
-Սիրո մասին։ Իմ բոլոր նկարները սիրո մասին են։ Կյանքի ակունքը սերն է, գեղեցիկը սիրուց է ծնվում։ Կտավներիս վրա իմ անցած ճանապարհն է, իմ կյանքը։ Կտավներիս վրա իմ հույզերն են՝ իրենց գույներով, թրթիռներով։ Ես ստեղծել եմ մի աշխարհ, ուր իշխում են գեղեցիկն ու ներդաշնակը։ Թերեւս՝ մարդու ամբողջ կյանքը գեղեցիկի՝ ներդաշնակության փնտրտուք է։
-Ո՞ւմ համար են Ձեր կտավները, ո՞ւմ է ուղղված Ձեր ասելիքը։
-Ես հուշում եմ գեղեցիկ ապրելու խորհուրդը։ Ես բարձրաձայն մտորում եմ, ու հաճելի է, երբ ինչ-որ մեկը լսում է ինձ, հասկանում, արձագանքում։ Ես քարոզիչ չեմ, ոչ էլ ուսուցիչ եմ։ Ես իմ ներաշխարհն եմ բացել կտավի վրա՝ ի տես մարդկանց։ Եվ մինչեւ վերջ անկեղծ եմ։ Իմ հոգին միշտ վեր է ձգտում։
-Ո՞րն է Ձեր գույնը։
-Տարբեր տարիքում տարբեր գույներ եմ նախընտրել։ Սիրել եմ նարնջագույնը։ Իսկ հիմա, երբ 80 տարեկան եմ, որքան էլ զարմանալի է, կարմիրն եմ սիրում։ Սա անօրինաչափ է. տարիքի հետ մարդկանց հոգում նվազում է ուժեղ գույների, սուր ապրումների ձգտումը։ Մտածում եմ՝ գուցե կյանքիս մայրամուտին բազմապատկվել է սերս հենց կյանքի հանդեպ։ Կարմիրը կյանքի գույնն է, հզոր գույն է։ Կարմիրը բնորոշ է ինձ, ես ուժեղ կոլորիստ եմ։
Գիտեք՝ ես միշտ նկարել եմ։ Դպրոցական տետրերիս մեջ սպիտակ անկյուն չէր մնում, ամեն ինչ գույներով էի լցնում։ Ես չեմ սիրում «իզմերը». դրանք շինծու բաներ են, սահմաններ են գծում։ Ոչ մի «իզմի» հետեւորդ չեմ, նկարում եմ այնպես, ինչպես զգում եմ, ինչպես ուզում եմ, ինչպես թելադրում է սիրտս։ Ես ազատություն եմ սիրում։ Անկաշկանդ ստեղծագործելու հաճույքը ոչ մի բանի հետ չեմ փոխի։ Ես ուզում եմ, որ մարդն ազատ ապրի, ազատ մտածի, ազատ սիրի, ազատ հիանա…
-Դուք Արեւմտահայաստանի մասին խոսելիս ասում եք՝ իմ կորցրած հայրենիքը…
-Ես միշտ էլ ինձ տարագիր եմ զգալու, որովհետեւ զրկված եմ իմ պապերի հողի վրա ապրելու երջանկությունից։ Որովհետեւ ի վերուստ, բնության օրենքներով ինձ տրված ճակատագիրը բեկվել է բռնությամբ, դաժանությամբ։ Ինձ հայրենազրկել են, ինձ կողոպտել են։ Իմ արմատը, իմ ակունքը, իմ սկիզբը, իմ պատմությունը այնտեղ է՝ Անիում։ Ծնողներս Դամասկոս են եկել եղեռնի տարիներին, ուր եւ անցել է մանկությունս: Իմ մանկության ու պատանեկության ամենավառ հիշողությունները կապված են մայրիկիս հետ։ Նա շատ կիրթ էր, զարգացած, նուրբ ու բարեսիրտ։ Մայրս փորձում էր իրենով ինչ-որ մեծ ու կարեւոր դատարկություն լցնել։ Ես հետո հասկացա, թե դա ինչ դատարկություն էր։ Ես ամբողջ կյանքում զգացի այդ դատարկությունը՝ կորցրած հայրենիքի պակասը։ Հայրենիք, որը ֆիզիկապես քեզ հետ չէ, բայց քո արյան մեջ է, քո սրտում, այնքան ամուր, այնքան անբաժանելի։ Ես Հարություն Կալենցի հետ ամուսնացել եմ Բեյրութում, 46-ին եկել ենք Հայաստան։ Ու մտածում էի, որ Հայաստան գալով՝ տուն եմ վերադառնում… Ես շրջել եմ աշխարհով մեկ, շատ դրախտային վայրեր եմ տեսել։ Երկրագունդը չքնաղ է, այս մոլորակը մարդու հայրենիքն է, մարդու տունն է, բայց յուրաքանչյուրս ունենք մեր նախասահմանված տարածքը, որտեղ մեր պապերի ապրած կյանքի հիշողություններն են, մեր նախնիներն են՝ խառնված հողին, նրանց ձայների ալիքներն են օդում, նրանց աչքերի լույսը, հայացքի ջերմությունը, մտքերը, երազանքները… Անբացատրելի, անմեկնելի մի առեղծված կա այդ ամենի մեջ։ Ուժեղ, անհաղթ մի բան…
-Քիչ չեն այն մարդիկ, ովքեր կամավոր հեռանում են այդ «առեղծվածից», ու այդ ուժեղ, անհաղթ «մի բանը» նրանց հետ չի պահում։ Խոսքը միայն հայերի մասին չէ, բոլոր ազգերի մեջ էլ կան։
-Ես նրանց չեմ մեղադրում, խղճում եմ։ Ես վստահ եմ, որ գնացողներից շատերը ոչ թե Հայաստանում գոյատեւելու հնարավորություն չունեն, այլ ուզում են ավելի լավ ապրել։ Լավ, այսինքն՝ հարուստ։ Հետո ամբողջ կյանքում զգում են ինչ-որ մեծ ու կարեւոր բանի պակաս, շփոթված են, անվստահ։ Ես ցավում եմ նրանց համար։ Այսօր սփյուռքը մեծանում է Հայաստանից մեկնած հայերով։ Ամեն դեպքում՝ մենք իրավունք չունենք կորցնելու սփյուռքը, պիտի սատարենք սփյուռքի հայապահպանության ջանքերին, դեպի Հայաստան ուղղենք նրանց հոգեւոր, ֆիզիկական եւ մտավոր ներուժը։ …Այսօր այնքան բան կա, որ հուզում է ինձ։ Սիրիայում եթե քաղաքացին ցանկանում է որեւէ գործ սկսել, սկզբնական շրջանում նրան ազատում են հարկերից, օգնում են, որ ոտքի կանգնի։ Քաղաքացին զգում է, որ պետությունը կանգնած է իր թիկունքին։ Իսկ մեզ մոտ ամեն ինչ անում են, որ մարդը խռովի իր երկրից, իրեն անտեր ու անպաշտպան զգա։
Սուտը, կեղծիքը, երեսպաշտությունը փակել են մեր վերելքի ճանապարհը։ Այսօր քանի՞ պաշտոնյա է զսպում կուտակելու մոլուցքը՝ հանուն իր կողքին ապրող հայրենակցի, քանի՞սն է սեփական գրպանից առաջ մտածում հայրենիքի շահի մասին։ Իսկ հայրենասիրության մասին ճառողներ՝ ինչքան ուզեք։
-Մտավորականները, արվեստագետներն էլ իրենց հերթին ներփակվել են, դարձել անտարբեր, հարմարվող։ Չեն պայքարում, ոչինչ չեն ուզում փոխել։
-Ես հեռու եմ քաղաքական ակտիվությունից։ Չեմ կարծում, թե արվեստագետի քաղաքացիական դիրքորոշումը պետք է արտահայտվի քաղաքական գործունեությամբ կամ միտինգային ելույթներով։ Քաղաքացու իմ կեցվածքը երեւում է իմ կտավներում։ Ամեն ոք ունի իր տարածքը, գործելու, ինքնարտահայտվելու սեփական դաշտը։ Իմը կտավն է, գույնը։
-Դուք նկարե՞լ եք Ձեր գլուխգործոցը։
-Կարծում եմ՝ այո՛։ Հայրս, մայրս, հորաքույրս հաճախ էին խոսում եղեռնի մասին։ Ահասարսուռ պատկերները մնացին իմ մեջ ու երբեք չջնջվեցին։ Անցան տարիներ, ու ես նկարեցի «Մեծ ռեքվիեմը»։ Զարթոնքի տարիներին ոգեշնչված էի ազատագրական շարժումով։ Ես ելույթ չեմ ունեցել միտինգի ժամանակ, այլ նկարել եմ եռապատում՝ «Երկրաշարժ», «Աղոթք», «Որոնում»։
Ես դեմ եմ կեղծ պաթոսին։ Արցախյան հերոսամարտի հզորությունը, որքան ներշնչում էր ինձ, նույնքան թեւաթափ է անում այսօրվա խեղճությունը. մեր ժողովուրդը պիտի վայելեր արյամբ վաստակած խաղաղության պտուղները, հաղթանակած ազգը պիտի ավելի հպարտ ու երջանիկ ապրեր։
Երբեմն բանակի մասին տագնապեցնող լուրեր են հասնում ականջիս։ Ես խոր ցավ եմ ապրում։ Մանավանդ՝ հասկանում եմ, որ բանակը մեղք չունի։ Հասարակության մեջ անհանդուրժողականություն կա, եսասիրություն, ընչաքաղցություն, փոքրոգություն։ Սերը պակասել է, լույսը պակասել է, մենք բարության, կարեկցանքի կարիք ունենք, մենք ոգեղենության կարիք ունենք։
-Տիկին Կալենց, եթե Ձեզ հնարավորություն տրվեր զրուցելու սահման պահող զինվորի հետ, ի՞նչ կասեիք նրան։
-Կասեի՝ տղա՛ս, ամեն Աստծո օր ես աղոթում եմ քեզ համար, որ թշնամու մահաբեր գնդակը հանկարծ չգտնի քեզ։ Բայց ես չեմ ուզում աղոթել, որ Աստված քեզ պահպանի յուրայինից, կամ զինվոր ընկերոջդ պահպանի քեզնից։ Նման խնդրանքը խեղճացնում է ինձ, ընկճում։ Երբ ես օտարության մեջ էի ապրում ու քո հասակակիցն էի, ամեն հայի մեջ քույր ու եղբայր էի տեսնում։ Հայրենակից բառը այնքան մեծ խորհուրդ ու պարտավորություն ունի։ Եղբայրաբար վերաբերվիր ընկերոջդ։ Սա խնդրանք համարիր։ Դու Մեծ ազգի զավակ ես։ Հին ազգի։ Համաշխարհային քաղաքակրթությունը կերտած ազգերից մեկի։ Քո ոտքերի տակ հերոսներ ծնող հող է։ Գիտես՝ ինչ բարեբախտություն է, որ դու քո՛ երկրի սահմանն ես պաշտպանում, քո՛ երկրի դրոշի տակ, քո՛ երկրի բանակի համազգեստով։ Ազատ ու ինքնիշխան, անկախ Հայաստանի։ Իմ պապերի երկիրը՝ Անին, գերեվարված է, թշնամու ոտքերը տրորում են իմ հողը, որին պապերիս աճյունն է խառնված, պղծում են գերեզմանները, որտեղ պապերս են ննջում, ավերում են եկեղեցիները, որտեղ նախնիներս են աղոթել։ Աստված տա, որ երբեք չապրես այդ ցավը։ Բայց եւ չմոռանաս, որ Անին նաեւ քո հայրենիքն է, ինչպես քոնն է Արցախը, որի ազատության համար զոհվեցին քո կամ ընկերոջդ, կամ հարեւանիդ հայրը, եղբայրը, քեռին… Քեզ հոգու կորով եմ մաղթում։ Ուժեղ եղիր։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #44 (859) 10.11.2010 – 17.11.2010, Բանակ և հասարակություն