ՎԵՐԱԴԱՐՁ
– Գարուն էր։ Գառնի գյուղի եզերքի իմ այգում էի։ Կողքի այգում տարեց մի հայուհի էր աշխատում։ Չնայած մեր գյուղից էր, բայց ես նրան չէի ճանաչում,- պատմում է Արամ Ներսիսյանը։ -Բարեւեցի մայրիկին եւ անցա աշխատանքի։ Տեսնելով ձեռքիս տնկիները, նա դիմեց դպրոցահասակ երկու տղաների, որոնք կազմ ու պատրաստ սպասում էին։ Տատիկի կեսբարան խոսքից հետո տղաները բահը բերեցին եւ սկսեցին ինձ օգնել, տնկիների համար փոս փորել։ Հետո տատը մոտենալով` ինձ ասաց.
-Տղա՛ ջան, անունս Շառլոտ է, ինձ Շառլո են ասում։ Դե դու քաղաքում ես ապրում, ինձ երեւի չես հիշի, բայց ես քո ծնողներին լավ գիտեմ, միասին աշխատել ենք, ողորմածիկ հորդ լավ եմ հիշում։
Ու Գառնիի գարնան տաք ու գոլ արեւի հետ մանկության օրերի վերադարձ եղավ։ Հետո ընդհատելով պատմությունը` նա դիմեց ինձ.
-Ես էլ քեզ էի ուզում տեսնել, դու պաշտպանության նախարարությունում ես չէ՞ աշխատում, իրավաբա՞ն ես։
-Այո՛, նախարարությունում եմ աշխատում, սակայն իրավաբան չեմ. զինվորական լրագրող եմ, ինչ կա, էս չարաճճի տղաներդ էլ դեռ բանակի տարիքի չեն…
-Տղա՛ ջան, էս չարաճճիները իմ տղաները չեն, թոռներս են, երկկողմանի որբեր են, տղայիս որբերը… Հենց նրանց հետ էլ կապված հարց ունեմ քեզ,- ու մինչ իր հարցին անցնելը, ահա թե ինչ պատմեց.
-Որդիս ծառայում էր Աֆղանստանում։ Գիշեր ու զօր աղոթում էի, մոմ վառում Գեղարդի վանքում, որ ողջ-առողջ, անփորձանք հետ գա։ Աստված լսեց աղերսանքս, որդիս հետ եկավ, սակայն անբուժելի մի հիվանդությամբ՝ դարձել էր թմրամոլ։ Ասում են, էդ անտեր երկրում դա սովորական բան է։ Ուր տարա` բուժում չեղավ, ավելի ճիշտ՝ ինքը կտրականապես դեմ էր ամեն ինչի։ Հետո գնաց Ռուսաստան, ու էլ լուր չունեինք։ Ծանր օրեր էին, տարիներ` մտքով որդուս հետ էի՝ ապրո՞ւմ է, չի՞ ապրում, կա, չկա՞ որդիս։ Այսպես անցնում էր ժամանակը։ Եկան Արցախյան ազատամարտի տարիները։ Ցուրտ, մութ, դժվարին օրեր եւ վերջապես այնքան սպասված հաղթական զինադադար։ Ու մայրական սիրտս մղկտում էր անհայտ, անիմաստ անցած որդուս կյանքի համար։ Ու հանկարծ մի օր ինձ լուր են բերում, թե որդիս վերադարձել է։ Կուրանայի, այդ վիճակում չտեսնեի որդուս։ Աչքերը խամրել էին, ինքը նիհարել էր, նմանվել թելի։ Հարցնում էր կռվից, մեր տղաների հերոսություններից։ Ափսոսանք էր հայտնում, որ այդ տարիներին բանտում է եղել, չի մասնակցել կռվին աֆղանցի իր ընկերների հետ։ Մի օր էլ առաջարկեցի, որ միասին գնանք ու ապրենք ազատագրված մեր տարածքում։ Համաձայնեց։ Աչքերի մեջ փայլ տեսա ու գնացինք։ Ապրում էինք մեր պատմական Բարգուշատի գյուղերից մեկում, Որոտան ու Հագարո գետերի ավազանում։ Կային փախստականներ Ադրբեջանի հայաբնակ տարբեր բնակավայրերից։ Ճիշտ է` մայրական բնազդով զգում էի, որ օր օրի որդիս հալվում է, մաշվում, բայց եւ այնպես, ազատագրված տարածքում կյանքը ինչ-որ չափով նրան գերել էր, հետաքրքրել։ Եվ տրամադրության այդ փոփոխությունից ելնելով, որդուս համոզեցի եւ ամուսնացրի։ Թոռներիս ծնունդի հետ փոխվեց նաեւ մեր կյանքը։ Ու մի օր էլ, որդիս մահացավ… Որդուս մահից հետո կինը գնաց արտերկիր, եւ թոռներս մնացին իմ խնամքին։ Տեսնո՞ւմ ես` ինչ ժիր, աշխույժ տղաներ են, ոնց որ տղայիս քթից թռած լինեն, ասես ամեն ինչ կրկնվում է, ոնց որ տղայիս մանկությունը լինի։ Էս երեխեքի ծնունդն ինձ համար փրկություն էր, կյանքի նոր մի իմաստ։ Ես զգում էի, որ որդուս կյանքը բարակել է, եւ այնքան էի ուզում, որ նա ժառանգ թողնի։ Փառք Աստծո, այդպես եղավ։ Հիմա կյանքն իմ աչքին քաղցրացել է, փոխվել։ Ես պետք է ապրեմ այնքան, մինչեւ թոռներիս հասցնեմ իրենց մուրազին, մինչեւ որդուս երազանքը կատարեմ։ Իսկ գիտես որդիս մահից առաջ ինձ ինչ պատգամեց։ Ասաց՝ «Մամ ջան, ուզում եմ, որ տղաներս զինվոր դառնան, զինվորական լինեն, որ էս հողերը պաշտպանեն, որ էս հողերը հայրենիք դառնան»։ Ու խնդրանքս է, որ խորհուրդ տաս, թե ռազմական ո՞ր ուսումնարանից սկսենք՝ Փոքր Մհերի՞ց, Մոնթե Մելքոնյանի՞ց, թե՞ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից։ Նայի՛ր, տե՛ս, ի՜նչ տղերք են, ի՜նչ զինվորներ…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր